Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՃՅՈՒՂԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Ընդհանուր ակնարկ

 

Աշխարհագրական գիտությունների համակարգում առանձնացվում են բնական (ֆիզիկաաշխարհագրական) և հասարակական (սոցիալ-տնտեսական) աշխարհագրական գիտություններ, ինչպես նաև կիրառական բնույթի համալիր ճյուղեր` բժշկական աշխարհագրություն, ռազմական աշխարհագրություն, ռեկրեացիոն աշխարհագրություն և այլն:

Ռազմական աշխարհագրությունը սահմանային աշխարհագրական գիտություն է աշխարհագրության և ռազմական գիտությունների շփման, մերձեցման հատվածում: Այն աշխարհագրական միջառարկայական գիտությունների բնագավառ է, որն օգտագործվում է ոչ միայն գործող բանակների, այլ նաև ռազմական տեսաբանների և քաղաքագետների կողմից: Այն լիարժեք ներկայացնում է ռազմական արվեստի էությունը աշխարհագրական պրիզմայով դիտարկելիս: Այսպիսով, կարելի է ասել, որ ռազմական աշխարհագրությունը աշխարհագրական տեղեկատվության և աշխարհագրական մեթոդների կիրառումն է ռազմական խնդիրների լուծման գործում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռազմական աշխարհագրությունն սկսեց կիրառել աշխարհագրական տեղեկատվությունը և աշխարհագրական մեթոդները խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում ռազմական խնդիրներն արդյունավետ լուծելու համար: Այս խնդիրների լուծման համար ռազմական աշխարհագետները պետք է ուսումնասիրեն աշխարհագրության տարբեր բնագավառներ` քաղաքական աշխարհագրությունից մինչև ֆիզիկական աշխարհագրություն և գեոմորֆոլոգիա (մարտաբեմերի տեղադրության և ռազմական գործողությունների վրա նրա ունեցած ազդեցությամբ), ռազմական ներկայության մշակութային ու տնտեսական նշանակությունից մինչև ռազմական էկոլոգիա:

Տարբեր երկրներում ռազմական աշխարհագրության իրական պատկերի մասին կարծիք կազմելը շատ դժվար է, քանի որ այս ուղղությամբ ուսումնասիրությունները հիմնականում հասու չեն լայն հասարակությանը: Ռազմական աշխարհագրության հիմնական խնդիրներից մեկը հավանական և իրական մարտաբեմերի ուսումնասիրությունն է: Ռազմական պլանավորման մարմինները տարբեր իրավիճակների համար մշակում են հավանական և քիչ հավանական ռազմական գործողությունների ծրագրեր, և դրանցից յուրաքանչյուրում որպես հիմնական ազդող գործոն հանդես է գալիս աշխարհագրական հիմքը:

 

Ռազմական աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում

 

Ռազմական աշխարհագրությունը հանդիսանում է ռազմական գիտությունների և աշխարհագրական գիտությունների մեթոդների, տեղեկատվության լավագույնս սինթեզող ենթաճյուղը: Այն ռազմական գիտությունների համակարգից հատկապես սերտ կապված է ռազմարվեստի պատմությանը, որը պատմական վերլուծությունների համար առատ նյութ է տրամադրում: Աշխարհագրական գիտությունների համակարգում առավելապես կարելի է դասել կիրառական աշխարհագրության բնագավառին:

Ռազմական աշխարհագրությունը ժամանակակից ռազմական գիտության հետ համեմատած երիտասարդ ճյուղ է: Ռազմական աշխարհագրության կիրառական հիմնական գործառույթները կապված են աշխարհագրական տեղեկատվության, մեթոդների և տեխնոլոգիաների ռազմական հիմնախնդիրների լուծման մեջ կիրառելու հետ, ռազմական գործողությունների բոլոր դեպքերում, խաղաղ և պատերազմական ժամանակաշրջաններում: Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ տեղանքի ձևաբանության, եղանակային և կլիմայական պայմանների հմուտ օգտագործումը պատերազմների ժամանակ վճռել են վերջնական ելքը: Սակայն ռազմական հիմնախնդիրները աշխարհագրության հետ կապված են անկախ այն ենթատեքստից, որում դրանք առկա են: Ցանկացած ռազմական գործողությունների անցկացումը, անկախ դրանց առջև դրված վերջնական նպատակներից, պայմանավորված է գործողությունների շրջանի բնույթից, որը ռազմական տերմինաբանության մեջ անվանվում է ռազմաօպերատիվ միջավայր:

Աշխարհագրությունն իր ուրույն տեղն ունի երկրի ռազմական քաղաքականության մշակման գիտական հիմքերի շարքում: Ժամանակակից ռազմաաշխարհագրական հետազոտությունների հիմնական առարկան հանդիսանում է խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում ցամաքային և ծովային ռազմական գործողությունների մարտաբեմերի (ՌԳՄ), առանձին ռազմավարական շրջանների, երկրների ժամանակակից ֆիզիկաաշխարհագրական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական պայմանների, օպերատիվ սարքավորման և ռազմական գործողությունների նախապատրաստման ու անցկացման վրա դրանց ազդեցության համալիր գնահատումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՌազմական աշխարհագրության հետազոտությունների ընդգրկած տիրույթը

 

Ֆիզիկաաշխարհագրական պայմանները ուսումնասիրում են զորքերի կենտրոնացման, շարժման, տեղակայման և զորաշարժերի շրջանների վրա դրանց ազդեցության հետազոտման նպատակով, ինչպես նաև հեղեղումների, ավերածությունների, հրդեհների առաջացման հնարավորությունների հայտնաբերման, մարտական տեխնիկայի և զորատեսակների օգտագործման համար առավել նպաստավոր ուղղությունների և շրջանների պաշտպանության նպատակով: Տարածքի օպերատիվ կահավորման ուսումնասիրման ժամանակ (հրթիռային դիրքեր, օդանավակայաններ, ռազմածովային բազաներ, նավահանգիստներ, ամրացված շրջաններ, տարբեր արգելափակոցներ, հաղորդակցման ուղիներ, պահեստներ) ի հայտ են բերվում զինված ուժերի տարբեր զորատեսակների միավորումների բազավորման հնարավորությունները, նրանց նյութատեխնիկական ապահովման պայմանները:

Ռազմաքաղաքական և ռազմատնտեսական պայմանների ուսումնասիրման առարկաներ են հանդիսանում ռազմական բլոկներն ու միությունները և դրանց քաղաքական ուղղվածությունը, քաղաքական լարվածության հիմնական օջախները, պետությունների արտաքին և ներքին քաղաքականությունը, քաղաքական կուսակցությունները, բնակչությունը և նրա քաղաքական-բարոյական վիճակը, զորահավաքային և աշխատանքային ռեսուրսները, առանձին երկրների և պետությունների կոալիցիայի տնտեսության վիճակը, դրանց ռազմատնտեսական ներուժը, ռազմավարական և օպերատիվ նշանակության հիմնական էներգետիկ և արդյունաբերական կենտրոնները և դրանց խոցելիությունը, արտադրության կախվածության աստիճանը ռազմավարական նյութերի ներմուծումից, զորքերի կողմից տեղական ռեսուրսների (մթերք, շինանյութեր և տրանսպորտային միջոցներ) օգտագործման և մարտական տեխնիկայի ու սպառազինության տեղում վերանորոգելու հնարավորությունները:

Զինված ուժերը ուսումնասիրվում են քանակի, կառուցվածքի, սպառազինության և տեխնիկական համալրվածության, բանակի համալրման սկզբունքների և անձնակազմի բարոյամարտական որակների որոշման տեսակետից:

Ռազմական աշխարհագրությունը՝ որպես ռազմական առարկա, իր մեջ ներառում է ընդհանուր հիմունքները, ռազմական երկրագրությունը և ռազմական գործողությունների մարտաբեմերը: Ծովային և օվկիանոսային մարտաբեմերը ուսումնասիրվում են ռազմածովային աշխարհագրության կողմից, որը դիտարկում է վերը նշված պայմանները ռազմածովային նավատորմի ուժերի և միջոցների կիրառման շահերից ելնելով:

Չնայած այն հանգամանքին, որ մինչև XIX դարի սկզբները ռազմական նպատակների համար օգտակար աշխարհագրական և վիճակագրական տվյալների հավաքագրումներ իրականացվում էին, սակայն դա իրականացվում էր առանց անհրաժեշտ համակարգման, և այդ տվյալներն ունենում էին հատվածային բնույթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՆապոլեոնյան պատերազմները հայտնաբերեցին, որ պատերազմի հաջող վարման համար մյուս նախապատրաստական միջոցառումների թվում անհրաժեշտ է ռազմական գործողությունների մարտաբեմի, ինչպես նաև մարտնչող կողմերի բոլոր ռազմական ուժերի և միջոցների հիմնավոր ուսումնասիրում: Մամուլում հայտնվեցին աշխատություններ, որոնցում պետությունը դիտվում էր ռազմական տեսանկյունից, դրա հետ մեկտեղ Ռազմական աշխարհագրություն անունով հրապարակվեցին հետազոտություններ, որոնք նվիրված էին երկրի մակերևույթի ուսումնասիրմանը ռազմական տեսանկյունից, իսկ Ռազմական վիճակագրություն անվան տակ հրատարակվում էին տարաբնույթ տեղեկություններ պետության զինված ուժերի, առավելապես թվային տվյալներ ցամաքային զորքերի և ռազմածովային նավատորմի մասին:

Իրականում, անկարելի է գերագնահատել ռազմական աշխարհագրության կարևորությունը պատերազմի ժամանակ: Վստահելի աշխարհագրական տեղեկատվությունը երկար ժամանակ որոշիչ է եղել զորքերի հանդերձավորման, վարժանքների, արտասահմանում տեղաբաշխման ժամանակ ամբողջ XX դարի ընթացքում: Համապատասխան տարածաշրջանային և ճյուղային համակարգված աշխարհագրական հետազոտությունների անցկացումը կանոնավոր կերպով ապահովում է որոշիչ տեղեկատվական բազան` բոլոր մակարդակներում որոշում կայացնելու գործընթացներին աջակցելու նպատակով: Ինչպես զարգացել են աշխարհագրական հետազոտությունների անցկացման մեթոդները և տեխնիկան, զուգահեռաբար զարգացել է նաև դրանց ռազմական նպատակներով կիրառությունը: Զարմանալի է, բայց աշխարհագետների մեծ մասի կողմից ներկայումս կիրառվող աշխարհագրական գործիքներն ունեն ռազմական ծագում: Այսպես, օրինակ, ԼԱՆԴՍԱՏ-ի տված պատկերները, օդային լուսանկարահանումները, համակարգչային քարտեզագրությունը, Գլոբալ տեղորոշման համակարգը (GPS), Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS), տարբեր տեսակի և մասշտաբի քարտեզների լայն ընտրանին կանոնավոր կերպով օգտագործվում են տարբեր մակարդակներում ռազմական պլաններ կազմելու և գործողություններ վարելու համար: Բավական է ասել, որ արևմտյան շատ երկրների ռազմական շրջանակների ներսում ռազմական աշխարհագրությունն իմպերատիվ է պատերազմական ժամանակների ենթատեքստում, քանզի ճակատամարտերը տարվում են երկրագնդի մակերևույթի վրա, նրա մթնոլորտում, ջրոլորտում և մերձակա տիեզերքում (նրա սահմանները համընկնում են նոոսֆերայի սահմաններին):

 

Զորքերի ղեկավարման ժամանակային չափորոշիչների պատմական փոփոխությունները

 

Ռազմական աշխարհագրությունը հասարակական աշխարհագրական գիտությունների շարքում առաջիններից է, որի համալիր հետազոտությունների արդյունքներն անմիջական դերակատարություն են ունենում երկրի ազգային անվտանգության հայեցակարգի մշակման մեջ և հանդիսանում է ռազմական քաղաքականության գիտական հիմքերի առանցքային առարկաներից մեկը:

Ռազմական աշխարհագրությունը պետք է շարունակի համաչափ քայլել տեխնոլոգիաների զարգացման, գլոբալ անկայունության, ռազմական գործոնի դերի փոփոխության հետ: Աշխարհագրական տեղեկատվությունը, սկզբունքներն ու գործիքները, որոնք ունեն նշանակալի կիրառում պատերազմական ժամանակաշրջանի հիմնախնդիրներում, ունեն հավասարազոր, եթե ոչ առավել կիրառում խաղաղարար գործողություններում և խաղաղ ժամանակաշրջանի սցենարներում:

Ուսումնասիրած մեծածավալ գրականությունից ակնհայտ պարզ է դառնում, որ ռազմական աշխարհագրությունը եղել է գերտերությունների և կայսրությունների մենաշնորհը: Դրա հետ բնականաբար մենք համաձայն չենք և համոզված ենք, որ ռազմական աշխարհագրությունը մեծ դերակատարություն կարող է ունենալ տարածքով, բնակչությամբ և տնտեսությամբ ավելի փոքր երկրների պաշտպանունակության բարձրացման գործում ու ինչու ոչ նաև առաջարկություններ ներկայացնի տնտեսության տարածքային և տարաբնակեցման արդյունավետ պլանավորման վերաբերյալ:

 

Հետազոտության մակարդակները

 

Ցամաքն իրենից ներկայացնում է ռազմական գործողությունների վարման հիմնական տարածքը: Ռելիեֆը, ջրային օբյեկտները, երկրաբանությունը և հողերը մշտական միջավայր են համարվում այդ գործողությունների համար: Ռազմական բարձրագույն հրամանատարները` ճակատամարտեր, ծովամարտեր, խոշոր օպերացիաներ, խաղաղապահ առաքելություններ, հակաահաբեկչական գործողություններ պլանավորելիս և ղեկավարելիս, կապված հսկայական տարածքների հետ, իրենց առջև տեսնում են մայրցամաքներ, խոշոր լեռնային համակարգեր, դաշտավայրեր, սարահարթեր և հովիտներ, ցամաքային և ջրային այլ տարածքներ: Փոքր ստորաբաժանումների հրամանատարները և առաջնային գծի զինվորները մարտի ժամանակ, ռազմաճակատային գծի մի տեղամասի պահպանության և պաշտպանության ժամանակ, ինչպես նաև մարտի ընթացքում հանդիպում են ոչ թե վերացական պատկերների, այլ կոնկրետ մանրամասների` ոչ մեծ բլուրներ, ձորակներ, գետերի ափեր, առանձին ժայռեր, լանդշաֆտի տարրեր, այդ պատճառով էլ նրանց տեսակետները տեղանքի վերաբերյալ, կապված ընդգրկվող տարածքների մեծությունից, էականորեն տարբերվում են:

Ներկայացվող աշխատությունում մենք պահպանելու ենք աշխարհագրության շրջանակներում ընդունված հետազոտությունների երեք մակարդակների` մակրո (համաշխարհային), մեզո (տարածաշրջանային) և միկրո (տեղական) մակարդակ համակարգը:

Ռազմարվեստի հետ իմաստային կապն ապահովելու և ռազմական շրջաններին ավելի ընկալելի դարձնելու նպատակով մենք զուգահեռներ կտանենք ռազմարվեստի մեջ ընդունված երեք մակարդակների հետ` ռազմավարություն (տեսություն պատերազմի մասին), օպերատիվ արվեստ (տեսություն օպերացիայի մասին) և մարտավարություն (տեսություն մարտի մասին): Այս բաժանումներն անշուշտ տարածքային ընդգրկման տեսակետից լինելու են պայմանական` հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ տարածքով շատ մեծ, և՛ փոքր երկրների համար նույն մոտեցումն է կիրառվում:

Այսպիսով, քննարկվող ցանկացած երկրի համար ռազմաաշխարհագրական գործոններն իրարից տարբերվում են տարածական մասշտաբներով: Այն ավելի ակնհայտ է դառնում, երբ մենք քննարկում ենք ռազմական գործողությունների պլանավորման տարբեր մակարդակներում` ռազմավարական, օպերատիվ և մարտավարական: Յուրաքանչյուր դեպքում կարևորություն է տրվում աշխարհագրական օբյեկտների և երևույթների տարբեր խմբերի:

 

Մակրոմակարդակ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՌազմական աշխարհագրությունում, ինչպես աշխարհագրության մյուս ճյուղերում առաջարկում ենք ուսումնասիրության ընդհանուր թեման բաժանել երեք ուսումնասիրման մակարդակների` մակրո (համաշխարհային կամ գլոբալ), մեզո (տարածաշրջանային կամ ռեգիոնալ) և միկրո (տեղական կամ լոկալ): Այս ենթադասակարգման ամենաբարձր` մակրոմակարդակի գլխավոր բովանդակությունն առանձին վերցրած պետությունների ու դրանց միավորումների փոխհարաբերություններն են, աշխարհի քաղաքական բաժանման փոփոխությունները և համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքական, տնտեսական ու ռազմավարական ուժերի հարաբերակցությունը: Ռազմական գործողությունների վարման ռազմավարական մակարդակի դեպքում առնչվում ենք ինտեգրված պլանավորման և գործողությունների իրականացման ամենամեծ տարածական մասշտաբներին` համաշխարհային, ազգային և մարտաբեմերի մակարդակներ: Այն, ի հավելումն ռազմական գործոնների, առնչվում է նաև աշխարհատարածական տեսանկյունից քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական գործոնների հետ, ուշադրությունը կենտրոնացնելով և՛ իր, և՛ դաշնակիցների, և՛ հակառակորդի տարածքների վրա իրենց հաղորդակցության ուղիներով, ռեսուրսներով և արհեստական լանդշաֆտներով հանդերձ:

«Ռազմավարական աշխարհագրություն» եզրույթը դեռ XIX դարից հանդիպել է ռուս ռազմական աշխարհագետների աշխատություններում: Ըստ նշված հեղինակների՝ ռազմավարական աշխարհագրությունը պետք է ուսումնասիրի երկրի` որպես միասնական օբյեկտի, ռազմաաշխարհագրական առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը ռազմավարության և ռազմավարական պլանավորման վրա: Որպես կարևոր առանձնահատկություններ կարելի է նշել տարածքի աշխարհագրական դիրքը և մեծությունը, դեպի բաց ծով ելքի առկայությունը, այլ երկրների նկատմամբ փոխադարձ տեղադիրքը, սահմանների կոնֆիգուրացիան (փոխտեղադրվածություն), մակերևույթի գերակշիռ տարրերը և այլն:

Երկրի ընդարձակ տարածքը միշտ էլ հանդիսացել է երկրի ռազմական ներուժը հզորացնող կարևոր գործոն, որը կանխորոշում է նաև աշխարհագրական ռեսուրսների բազմազանությունը և ծավալը, որոշակիորեն ապահովում է ռազմավարական թիկունքի անվտանգությունը հակառակորդի հեռահար խոցման միջոցներից և ապահովում է ռազմավարական ծավալման անհրաժեշտ խորություն: Որպես այս չափանիշներին համապատասխանող երկրներ կարելի է ներկայացնել իրենց չափսերով առաջին տասնյակի մեջ ընդգրկված պետությունները` Ռուսաստանի Դաշնություն, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա և այլն:

Ռազմավարական տեսակետից հաջորդն ըստ կարևորության հանդիսանում է երկրների տարածքի ծովային կամ ցամաքային դիրքը, որը դեռ հին ժամանակներից իր հետքն է թողնում տվյալ երկրի զինված ուժերի կառուցվածքի և ռազմարվեստի վրա:

Հզոր ծովային ուժեր և կղզային դիրք ունեցող պետությունները ոչ միայն կարողացել են պահպանել մշակութային և տնտեսական անկախությունը, այլ նաեւ պատմության ընթացքում դիմակայել են բազմաթիվ հզոր հակառակորդների ներխուժման փորձերին: Ասվածի վառ ապացույց կարելի է հիշատակել Ճապոնիան, որը XIII դարում երկու անգամ` 1274 և 1281 թվականներին, դիմակայեց մոնղոլական զորավար Խուբլայ Խանի կողմից ձեռնարկված ներխուժման փորձերին, երկու դեպքում էլ բացի ճապոնացիների աննկուն կամքի, օգնության է հասել բնության ահեղ տարերքը` «Աստվածային քամու» (ճապոներեն «կամիկաձե») զոհ դարձնելով մոնղոլների նավատորմի մեծ մասը:

Երկրորդ օրինակն արդեն XIX-XX դարերից: 1806 թ-ին Եվրոպայի ամենահզոր բանակը Նապոլեոնի ղեկավարությամբ չկարողացավ պայմաններ ստեղծել Բրիտանական կղզիներ ներխուժման համար: XX դարի կեսերին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույն իրավիճակում հայտնվեցին գերմանաֆաշիստական ռազմաքաղաքական ղեկավարները:

Ծովի և ցամաքի խիստ տարբեր ֆիզիկաաշխարհագրական պայմանները լիովին տարբեր հիմնախնդիրներ են առաջադրում ռազմական խնդիրների լուծման տեսակետից: Ծովը, ինչպես ժամանակակից աշխարհի ռեսուրսատար տնտեսությունների, այնպես էլ ռազմական նշանակության տեսակետից իր վրա կրում է առաջին կարգի հաղորդակցման ուղու դերը: Այստեղ տեղին է հիշել հայտնի աշխարհագետ Ռատցելի խոսքերը` «Ծովը դա ուղի է»: Ծովի նկատմամբ վերահսկողության սահմանումը դա նույնն է, ինչ հսկողություն սահմանել ծովային ուղիների վրա:

Մանրամասն աշխարհագրական վերլուծության է պետք ենթարկել նաև ծովային և ցամաքային սահմանների ռազմական նշանակությունը: Ծովի և ցամաքի հատման գծերի` ծովափերի ֆիզիկաաշխարհագրական և գեոմորֆոլոգիական մանրամասն վերլուծությունների արդյունքները հատկապես կարևորվում են ծովից ցամաք զորքերի դեսանտավորման օպերացիաների ժամանակ:

1915 թ-ի փետրվարին Օսմանյան թուրքերի դեմ անգլիացիների ձեռնարկած «Գելիբոլուի» (Դարդանելի) օպերացիայի ձախողման հիմնական պատճառը նշվում է այն հանգամանքը, որ անգլիացիների կողմից «կրակը վարվում էր ալիքների վրա տատանվող հարթակից` նավերից, այն դեպքում, երբ գերմանական և ավստրիական հաուբիցները կրակում էին կայուն հարթակներից` ցամաքից»: Ամրոցային հրետանու ծովային հրետանու նկատմամբ այս առավելության պատճառով հաճախ ծովային ամրոցները գրավվում են ցամաքից (Պորտ Արտուր (Լյույշուն), Սինգապուր, Սևաստոպոլ և այլն):

Մակրոմակարդակում ռազմական աշխարհագրության կարևոր գործոններից մեկը տարածքների փոխադարձ դիրքավորվածությունն է, որը նույնպես համարվում է ռազմաաշխարհագրական կարևոր հիմնախնդիրներից մեկը: Միջին և ծայրամասային դիրքը քննարկվում է դեռ վաղուց և կարևոր նշանակություն է ունեցել XX դարում տեղի ունեցած երկու համաշխարհային պատերազմների ժամանակ: Անդրծովյան երկրներից հումքով մատակարարումը և հետևաբար հաղորդակցության ուղիների ազատության հիմնախնդիրը ներկայումս էլ ավելի է կարևորվում: Այս հիմնախնդիրների տեսակետից առավել լավ պայմաններում են այն երկրները, որոնք ունեն ափագծի մեծ երկարություն` Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Ինդոնեզիա, Բրազիլիա և այլն:

Կ.Կ. Մարկովը ռազմավարական աշխարհագրության մեծ և բարդ բաժին է համարում ռազմավարական թիկունքի աշխարհագրությունը: Այս բաժինը նույնպես կարևորվում է տարբեր մակարդակների ռազմական բախումներում նոր զենքերի և ռազմական տեխնիկայի նոր ձևերի և նմուշների կիրառմանը զուգընթաց: Ռազմավարական թիկունքի նկարագրման մեջ Մարկովն ընդգրկում է թիկունքի աշխարհագրական (բնական) ռեսուրսների և պայմանների, դրանց տարածման վերլուծությունն ու գնահատականը:

Ռազմավարական թիկունքի աշխարհագրական պայմաններ հասկացությունն իր մեջ ներառում է այն բոլոր երևույթները, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում են երկրի ներուժի վրա, ինչպիսիք են` կլիմայի առանձնահատկությունները, ջրագրությունը, ռելիեֆի և հողերի ընդհանուր բնութագրերը (հողային ֆոնդը, գրունտը ճանապարհների կառուցման տեսակետից և այլն): Ռազմական աշխարհագրության ժամանակակից մասնագետը չի կարող անուշադրության մատնել այս երևույթների բնութագրերը, որոնք էական ազդեցություն են ունենում թիկունքի անխափան աշխատանքի վրա, օրինակ՝ տրանսպորտի ձմեռային պայմաններում շահագործման դժվարությունները, անձրևներից գերխոնավացած կավային գրունտներով ճանապարհները և այլն:

Թիկունքի աշխարհագրական ռեսուրսներ եզրույթն իր մեջ ներառում է այն գլխավոր բնական օբյեկտները, որոնք որպես հումք ուղղակի կիրառություն կարող են ունենալ ռազմական արդյունաբերության տարբեր ճյուղերում: Այս խմբի կարևորագույն հումքատեսակները կոչվում են ռազմավարական հումք, դրանք կապված են ինչպես աշխարհագրական միջավայրից, այնպես էլ տվյալ երկրի արտադրական հնարավորություններից: Այդպիսիք կարող են լինել անտառը, կաուչուկը, բամբակը, հացահատիկը, բուրդը և այլն: Ռազմավարական հումքի միասնական ցուցակ գոյություն չունի, և յուրաքանչյուր երկիր, պայմանավորված բազմաթիվ բնական և տնտեսական պայմաններով, ինքն է կազմում իր երկրի համար անհրաժեշտ ռազմավարական հումքի ցուցակը: Յու. Ռինգելը ԱՄՆ-ի համար XX դարի 30-ականներին կազմել էր ռազմավարական հումքի ցուցակ, որի մեջ մտնում էին` բամբակ, կաուչուկ, վուշ, փայտանյութ, հացահատիկ և խոշոր ու մանր եղջերավոր անասունները:

Ամեն դեպքում, նմանատիպ բնույթի ցուցակներում կարևոր տեղ են գրավում հումքի այն տեսակները (գլխավորապես կենսաբանական ծագման), որոնք հանդիսանում են աշխարհագրական միջավայրի անմիջական արդյունք և պետք է գրավեն ռազմական աշխարհագետների ուշադրությունը:

Հումքային ռեսուրսների գնահատման հետ կապված աշխարհագրությունը շփման եզրեր է ունենում երկրաբանության և տնտեսագիտության հետ: Հանքահումքային ռեսուրսների պաշարների որակական գնահատման, առավել ևս հանքային հումքի տեխնոլոգիայի հետ կապված հարցերն անշուշտ գտնվում են երկրաբանի և տեխնոլոգի հետաքրքրությունների տիրույթում: Սակայն հումքային ռեսուրսների աշխարհագրությունը (այդ թվում և հանքային) և դրանց տեղակայման շահեկան և ոչ շահավետ դիրքի ուսումնասիրումը հանդիսանում է աշխարհագետի հետազոտման և գնահատման օբյեկտը: Հողային, անտառային կերային պաշարների և աշխարհագրական հումքի այլ տեսակների հետազոտությունները նույնպես վերաբերում են նշված հարցերի շրջանակին:

Շարունակելի

ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #05 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Ռազմական


11/02/2021