ՖԱՅՏՈՆՉԻՆ
Օսիպ Մանդելշտամ
Շրջոնքված վայրում մուսուլմանական,
Բարձր լեռնանցքում` մշուշով լի,
Քեֆ էինք անում մահվան հետ անգամ,
Ինչպես երազում զարհուրելի:
Ոմն ֆայտոնչի մեզ բաժին ընկավ.
Դեմքը խարկված էր, որպես չամիչ,
Դա դիվանքների ախպերն էր և կամ
Կարճլիկ ու նոթոտ մի հարամի:
Խոսվածքն` արաբի, հնչյունները` բարդ,
Անիմաստ կանչեր մերթ-մերթ հանում –
Որպես մի դոդոշ կամ որպես մի վարդ
Դաբաղած դեմքն էր ծու՜յլ պահպանում.
Դիմագծերը կոծկած սոսկալի
Արնաշեշտ մաշկի դիմակի տակ –
Քշում էր,- բայց ո՞ւր,- կառքը քառանիվ
Վայրենի ճիչով` խռպոտ ու տաք:
Նորից թափավազք, խթան, ցնցումներ,
Եվ անհնար էր իջնել սարից.
Պարույր գծեցին ֆայտոնները մեր,
Իջևաններն են պտույտ գալիս…
Ես սթափվեցի. բարեկա՜մ, կանգնի՛ր,
Մեզ ձիերի հետ,- գլխի ընկա,-
Մոլորեցրե՛լ է, գրո՜ղը տանի,
Ոմն ժանտախտի մի նախագահ:-
Մետաղալարից մտրակ է հյուսել,
Վարում է կառքը` խրախճացած,
Որ պտույտ գործի որպես կարուսել
Քաղցր ու թթվահամ հողը ճաքած…
Ես Ղարաբաղը տեսա լեռնային,
Տեսա գիշատիչ Շուշի քաղաք,
Ուր ճաշակեցի սարսափներ մահի –
Հոգուս խռովքին համանվագ:
Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,
Ակնախոռոչներ մութ, սնամեջ.
Դառը տքնանքի բոժոժը հմուտ
Թաղված էր այնտեղ` լեռների մեջ:
Անամոթաբար շառագունում են
Մերկ տներն ու վեր նայում անթարթ,
Երկինքը վերից մեգն իր մանում է,
Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ:
Բանաստեղծությունը արձագանքն է 1920 թ. Շուշիի հայկական ջարդերի:
Թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի
Խորագիր՝ #05 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Հոգևոր-մշակութային