ՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ ԱԿՈՒՆՔԻ ՊԱՀԱՊԱՆԸ
Գալիք ժամանակների շառագույն հորիզոնների ֆոնին՝ հոյաշուք մի բերդ, անքանդ, անխոցելի մի պարիսպ է բարձրանում, դա Հայոց պետականությունն է։ Եվ ի՞նչն է առավել նույնական այդ պետականության հետ, որքան Հայոց բանակը։ Այդ բերդապարսպի քարերը Սասնա բերդի քարերի պես խոշոր-խոշոր են, մեր ոգու, ոգեղենի ժայռերից են փրցված։ Բարձրացող պատերին արեւ է ընկել, յուրաքանչյուր քար՝ ո՛ւժ, կորո՛վ, քաջությո՛ւն, գեղեցկությո՛ւն, հպարտությո՛ւն է ճառագում։ Նույն այդ որձաքարե պատերից մեր կեցության, հարատեւության երկինքն է բարձրանում, երկնքում՝ մեր դարավոր երազի ճախրը կա։ Թշնամին վրա է տվել գողի պես գաղտնածածուկ, անակնկալ, երբ մենք քնած կամ անզգոն ենք գտնվել, եւ մեր պատուհասյալ կիրճերում ու հովիտներում, թշնամու բազմաքանակ թաբունների դեմ փրկության, սխրանքի դրոշներ են պարզել հրաշքի հավատացող խենթերը միայն, եւ մեր ինքնության կաղնին հրաշքով մնացել է կանգուն։
Հրանտ Մաթեւոսյանի խոսքը իբրեւ կոչնակ հնչում է հայոց անցյալի խորշակահար հովիտներից, հայոց գալիքի շառագույն բարձունքներում զորակոչի փոխվում՝ տողանի հանելով հայկազուն բոլոր արիներին. «Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու։ Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը։ Բարձրախեղդ է արվել որեւէ ելք փնտրելու քո մտմտուքը։ Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը»։ Հիմա այլ է։ Եվ հիմա հասել է անողոք անցյալից վրեժ լուծելու ժամանակը։ Աստծո կամեցողությամբ եւ ազգային նվիրյալների կյանքերի գնով, կամքի ու ջանքի շնորհիվ կայացած բանակ ունենք։ Անցյալի, պետականությունից զուրկ, աղետավոր ու անլուր ժամանակներում մեր լինելության կաղնին հրաշքով կանգուն էր, բայց գոյատեւում էինք։ Իսկ այսօր հաստատապես կա՛նք։ Կանք մեր պետականությա՛մբ, մեր բանակո՛վ, մեր դպրոցո՛վ ու մշակույթո՛վ, գիտությա՛մբ, Տիգրանի, Արտավազդի պես անկոր, անընկճելի ներկայանում ենք աշխարհի հզորներին։ Ակո՛ւնքը։ Մեր բոլոր գոյամարտերը մղվել են նրա համար, որ ակունքը չկաշկանդվի՛, չեղծվի՛, չգոցվի՛։ Ակունքը սիրո ու բարության, հավատի եւ ազգային արժանապատվության, առաքինության եւ սխրանքի։ Եվ հենց այդ սրբազնագույն Ակունքը բաց պահելու առաքելությամբ է ստեղծվել Հայոց բանակը։ Եվ որքան էլ այդ բանակի գոյությունը երկրային-իրական փաստ է, այն համայն հայության տեսադաշտում ընկալվում է իբրեւ աստվածային շնորհ, երկնային պարգեւ։ Ոչ ոք չի կասկածում, որ ճակատագրական ժամանակներ ենք ապրում, որ պահը մեր ժողովրդի համար աստեղային է։ Եվ տարածաշրջանում կատարված ու կատարվող բոլոր իրադարձությունները մեզ համազգային զգոնության են կոչում։ Եվ ազգովին պետք է հնչեցվի առ հայրենին մեր սիրո, հավատարմության, նվիրումի եղջերափողը։ Մեկ վայրկյան իսկ մարտունակ եւ ամրացող բանակը, ասել է թե՝ համազգային ապահովության երաշխիքն աչքաթող անելը հաստատապես կործանարար է լինելու։ Եվ գաղտնիք չէ նաեւ այն, որ մեր բանակի հզորությունն ու մարտունակությունն ամեն օր ու ժամ պիտի նորոգվի։ Պիտի թարմացվեն ոչ միայն զինատեսակներն ու ռազմական տեխնիկան, այլեւ, որն ամենակարեւորն է, պիտի նորոգվեն զինվորի ոգին, կամքն ու մարտունակությունը։ Իսկ դա ոչ միայն զենքի մարդկանց, այլեւ մեր բոլորի պարտքն է։ Չիցե թե մենք մեր զինվորին մտաբերենք միայն զորակոչից զորակոչ, քայլ առ քայլ բթացնելով մեր համազգային զգոնությունը, անվեհերությունն ու շիտակությունը։ Մեր գալիք հաղթանակների երաշխիքը պիտի կոփվի դպրոցից բանակ ճանապարհին։ Զինվոր չեն ծնվում, դառնո՛ւմ են։ Եվ մեր զավակներին զինվոր մեծացնելու մեր կամքին անվստահության ու վարանքի կաթիլ իսկ չպիտի խառնվի։ Մեր համազգային բազում կարիքները զանց առած, դպրոցին պիտի տրվի բառացիորեն ամեն ինչ եւ ամենից առաջ պիտի վերադարձվի իր շուքը, խորհուրդն ու փայլը։ Դպրոցն ուսուցանելու եւ ուսանելու վայր չէ պարզապես, այլ աստեղային մի տաճար, որտեղ ձեւավորվում, կերտվում են հոգեպես։ Դպրոցը լցրու ոգեւորությամբ, բարությամբ, սիրով, ջերմությամբ, եւ դպրոցից դուրս կգան կամային արծվենի, հաղթելու պատրաստ, մահվան աչքերին անայլայլ նայող երդվյալ զինվորների, հայրենիքի պաշտպանների փաղանգները։ Հայ պարմանու համար հայ զինվորի համազգեստն արքայական ծիրանուց առավել ըղձալի պիտի դառնա։ Ինքներս չնսեմանալու արիություն եւ դիմացինին չնսեմացնելու վճռականություն պիտի ունենանք, եւ ծնող-զավակ, հասարակություն-զինվոր կապը կձեւավորվի ոգեղեն բարձունքներում։ Մենք իրավունք չունենք աչք փակելու մեր բանակում տիրող հոգեբարոյական երեւույթների հանդեպ։ Բանակ զորակոչված հայ պատանին պիտի վստահ լինի, որ զորամասի պատերի ներսում իրեն մշտապես զորակցելու են օրենքն ու օրինականությունը։ Հայ պատանին իրավունք չունի իր հետ բանակ տանելու իր ներքին փոքրիկ վախերն ու մտատանջությունները։ Հայրենիքի պաշտպանի ոգին պետք է թրծվի հզոր, նվիրական ու բարձրագնա գաղափարների քուրայում։ Մարդ մնալու համար ամեն օր, ամեն ժամ պետք է մաքրվել, իսկ այդ ինքնամաքրումն անպայմանորեն անցնելու է սիրո, հավատի, հավատարմության, ազգային գաղափարների եւ արժանապատվության կրակարաններով։ Ոգեղեն արժեքներից արտաբխած լույսը պիտի ուղեկցի նոր բարձրացող սերնդին։ Ազգային բանակի ներքին կյանքին մեր նահապետական տան շուքը, խորհուրդը, սերն ու խստությունը պիտի հաղորդենք։ Կրտսերի եւ ավագի հարաբերությունները հոր եւ որդու, պապի եւ թոռան հարաբերություն պետք է հիշեցնեն։ Դժվար չէ կռահել, թե Մուշեղ Գալշոյանի արծարծումներն ո՞ւմ են հասցեագրված։ Հասցեագրված են հատկապես նրանց, որոնց ճակատներին, հոգու խորերում հանուն ամենավեհ ու լուսավոր նպատակի ինքնազոհաբերման դրոշմը կա. «Ինչպե՞ս կարող է լինել հանգիստ եւ անձնական ապահով կյանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պետք է հայտնվի անձնական երջանկությունը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փառքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ։ Արարչություն է անանձնական կյանքը։ Այդպիսի կյանքով կարող է ապրել միայն նա, ով իր փառքը չի զատում հայրենիքի փառքից, ով իր երջանկությունը չի բաժանում հայրենիքի երջանկությունից, ով իր սերը չի զատում հայրենիքի սիրուց։ Ասպետությո՛ւն, ազատությո՛ւն, փառք եւ երջանկություն է անանձնական կյանքը։ Եվ անսահման է անանձնական կյանքի սահմանը։ Կհաղթես, թե կպարտվես, չարի դեմ չարանալը առաքելություն է, կգտնես, թե ոչ, հայրենիքի երջանկության ծաղիկ որոնելը Հայրենիքի որդու պարտքն է…»։ Հայրենիքի որդու պարտքը։ Քո եւ քո տեսակի պարտքը։ Քո եւ քո հաջորդների պարտքը, ովքեր իրենց քաջազուն նախնիների օրինակով իրենցից վանեցին-օտարեցին անվտանգ, փափուկ, բարեհարմար կենսակերպը եւ առանց ետ շրջվելու, նետվեցին պաշտպանելու Արցախ աշխարհի օրհասված սահմանները։ Նրանք այդպես վարվեցին։ Նրանք ընթացան միայն ընտրյալներին վայել ճանապարհով, քանզի նրանց ձգում, դեպի վեր էր տանում Ոգեղեն բարձունքներից ճառագած լույսը. «Ուխտին հավատարիմ, զենքին պսակված, նրանցից շատերը փաթաթվեցին իրենց պատանքացու կտավներով եւ, որպես Բրաբիոն ծաղկի հունդեր, թաղվեցին սարերում»։
Որքան թանձրանում է մութը, այնքան մեր ոգու կանթեղները պիտի ավելի վեր պարզենք։ Ավարայրն անվե՛րջ է։ Ավարայրը շարունակվում է։ Անխուսափ է նաեւ գալիքից հնչող մարտահրավերը։ Պիտի քայլենք։ Եվ դեպի գալիք հորիզոններ ենք տանելու կա՛մ մեր խեղճությունը, կա՛մ հզորությունը, վեհությունն ու խիզախությունը։ Ընտրությունը մերն է։ Եվ երբ հնչի կոչնազանգը, մեր հույսը դարձյալ մարդաբանական այն տեսակի վրա է լինելու, որն իր էության խորերում Արաբոյի ու Գեւորգ Չաուշի, Անդրանիկի, Սեբաստացի Մուրադի եւ Գալշո Մանուկի, Արամ Մանուկյանի եւ Նժդեհի, Սեւքարեցի Սաքոյի, Թաթուլ Կրպեյանի, Վազգեն Սարգսյանի ոգին եւ խաչն են կրում։
Այսօր Երեւանի ծննդատներից մեկում ծնվեց Դավիթ կամ Մհեր անվանյալ խոշորաչ ու կրակոտ այն մանուկը, որը վաղը Հայրենիքի պաշտպան դառնալն իր կյանքի նպատակը պիտի համարի եւ կուռ, անպարտելի զորախմբեր պիտի առաջնորդի անանձնական սիրո, անհնարին սխրանքի ճանապարհներով դեպի մեր լինելության Լեռն ի վեր։
ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ
Խորագիր՝ #05 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Բանակ և հասարակություն