Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՐԸ



Այս համարից ներկայացնում ենք «Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի սաների պատմվածքները՝ 2020 թ. պատերազմի հերոսական, հուզիչ, հիշարժան ու նվիրական դրվագներով:

Նախագծի մտահղացման հեղինակն ու իրագործողը բանասիրական գիտությունների թեկնածու, «Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի ղեկավար Լուսինե Ավետիսյանն է։

 

ԼՈՒՐԸՆվիրվում է Էդգար Մարկոսյանին

 

Գարնանային պայծառ մի օր մեր գյուղի ավտոկայանից դուրս եկավ մի ավտոբուս։ Ավտոբուսում հավաքվել էին գարնան վերջին զորակոչի զինվորները։ Նրանց մայրերը հեռվից նայում էին հեռացող ավտոբուսին, որն իրենց տների ճրագներն էր տանում դեպի հայրենի մեծ տան սահմանները։ Նրանք, ըստ ավանդույթի, ջուր էին շաղ տալիս զինվորների ետևից։

Մարկոսյանների ընտանիքի միակ արու զավակը նույնպես զորակոչվածների մեջ էր։ Նա էլ հպարտությամբ գնում էր հայրենիքը պաշտպանելու։

…Մի քանի ամիս էր, որ տղան ծառայում էր, սակայն մայրը օրերն էր հաշվում, թե երբ պիտի որդին տուն վերադառնա։ Թեև ամեն ինչ լավ էր, սահմանները հարաբերականորեն խաղաղ էին, սակայն մայրը անհանգիստ էր… Ամեն օր խոսում էին զավակի հետ, ամեն օր նրա ձայնը լսում ու մի քիչ հանդարտվում էին։

Սակայն, փխրուն խաղաղությունը երկար չտևեց. աշնան պայծառ մի առավոտ պայթեց պատերազմը։

Լույսը դեռ նոր էր բացվել, երբ Մարկոսյանների տանտիրուհին, պատերազմի լուրից սարսափած, շտապով իրեն բակից սենյակ նետեց և ամուսնուն դիմեց դողդողացող ձայնով ու արտասուքով լեցուն աչքերով.

-Հեռաձայնի՛ր, Աստված սիրես, ո՞ւր է զավակս … Սիրտս պայթում է, շտապի՛ր, աղաչում եմ, մի լուր, մի ձայն եմ ուզում լսել զավակիցս…

Ժամերն անցնում էին, բայց զավակից ոչ մի լուր չկար։ Թշնամին ռումբեր էր նետում խաղաղ բնակավայրերի վրա, խոցում էր եկեղեցիներն ու տաճարները, ավերում մարդկանց երազանքի բերդերը։ Նա սրբություն չունի, նրան վաղուց ենք ճանաչում։

Երեկոյան, երբ մայրը լուր չստանալուց հուսահատ աղոթում էր, հանկարծ զանգի ձայնից իսկույն սթափվեց։ Ձայնը, որ լսեց անմատչելի հեռվից, հանդարտեցրեց սրտի անհանգիստ տրոփը, որն իր ձագին վտանգից ազատելու նետվող հավքի թպրտոցին էր նման։

Անկանոն, կցկտուր հարցումների շարանը, որ հետզհետե կարգավորվեց, հստակ պատկերում էր նրա սրտագրությունը. մայրը հիմա արդեն գիտեր, որ որդին առաջնագծում չէ, թիկունքում է։

Ընտանիքը հաջորդ օրը լուսաբացին խաղաղված անցել էր ամենօրյա գործերին։ Բոլոր գյուղացիները արտ էին իջել, ամեն մեկն իր անելիքը գիտեր, ճաշին բոլորը խոսում էին ահավոր իրավիճակից, բոլորն անհանգիստ էին, ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում սահմանին։

Մի պահ, երբ վերստին լուռ իրենց աշխատանքով էին զբաղված, հանկարծ հեռվից բարձր ձայներ լսեցին։ Բոլորը միանգամից շտկվեցին, վեր ելան, ձայնի կողմը դարձան։ Գյուղի երեխաներն էին, լուր էին բերել։ Նրանք «Մարկոսյան Էդգա՜րը, Մարկոսյան Էդգա՜րը» գոռալով վազում էին։

Երբ մայրը լսեց իր միակ, անուշ զավակի անունը, ամեն բան թողեց և սկսեց չկանխազգացած, բայց շատ սպասելի, ուր որ է՝ գլխին թափվող «բոթից» լալ։ Բոլորը կարծեցին, թե տղային ինչ-որ բան է եղել։

Երեխաները շտապեցին հանգստացնել գյուղացիներին, միմյանց հերթ չտալով, մեկը մյուսից առաջ ընկնելով՝ պատմեցին եղելությունը.

– Էդգարին բան չի պատահել, մեզ է պատահել…

– Մեր գյուղը մի նոր հերոս ունի…

– Էդգարը հերոսի կոչում է ստացել…

– Մեն-մենակ խոցել է թշնամու տասը տանկ…

– Նախագահն անձամբ արտասանեց նրա անունը, ես իմ ականջով լսեցի…

Երեկոյան հեռուստացույցը հանդիսավորապես անընդմեջ հաղորդում էր Էդգարի մասին լուրը։ Հպարտությամբ ունկնդրում էին։ Սակայն մայրը չէր հասկանում տեղի ունեցածը, շարունակում էր զարմանալ, թե որդին ինչպես է տասը տանկ խոցել՝ լինելով թիկունքում…

 

ԼԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Խորագիր՝ #05 (1376) 10.02.2021 - 16.02.2021, Հոգևոր-մշակութային


11/02/2021