ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽ. ԱՄՈՒՐ՝ ՈԳՈՎ ՈՒ ԿԱՄՔՈՎ
Պատերազմից հետո առաջին զորակոչն է: Հետաքրքիր է ու կարևոր՝ ինչպե՞ս են տրամադրված տղաները, և ի՞նչ մտորումներով, ուղերձներով ու տրամադրությամբ են նրանց բանակ ճանապարհում հարազատները: Ծնողների և զորակոչիկների հետ շփման առաջին իսկ ակնթարթներից մեկ անգամ էլ էի համոզվելու, որ իսկական «ազգ-բանակ» ենք՝ ամուր ոգով ու կամքով: Նորից ականատես էի լինելու իսկական զինվորական հերթափոխի, երբ ավագները՝ ծնողներն ու հարազատները, իրենք էլ մարտիկներ են՝ անմիջականորեն պատերազմին մասնակցած, պատերազմում թրծված հայրեր, եղբայրներ, սիրող ու հոգատար, մարտիկի պես ամուր մայրեր:
Մոտենում եմ զորակոչիկների հարազատների խմբերից մեկին: Նորակոչիկ Սամվել Հովսեփյանի մայրը՝ Նաիրա Ղազարյանն ասում է, որ մեծ հպարտություն է որդուն բանակ ճանապարհելը: Բայց, իհարկե, յուրաքանչյուր ծնողի մեծ ցանկությունը խաղաղությունն է: Առաջիկա վիճակահանության մասին խոսելով՝ առանց երկմտելու ասում է.
-Մեր Հայրենիքի սահմաններից որն էլ կարիք լինի պաշտպանելու, այնտեղ էլ պետք է գնա: Թե կարիք լինի կրկին Արցախի սահմանները պահել, կգնա այնտեղ: Մտավորականի, բարի, մեղմ արտաքինով նրա ամուսինը՝ Միքայելը, վերջին պատերազմի ընթացքում առաջնագծում է եղել.
-Մեկնեց սեպտեմբերի 28-ին և վերադարձավ նոյեմբերի 27-ին: Ամենադժվարը, իհարկե, սարսափելի, «քամող» անորոշությունն էր. ոչ մի լուր չունեինք նրանից: Բայց, փառք Աստծու, վերադարձավ ողջ, առողջ: Իհարկե, շատ էինք երազում մեր հաղթանակը… Բայց չենք դադարելու ասել՝ «Հաղթելո՛ւ ենք»: Ոչ մի պարագայում հանձնվել չի կարելի: Որդուս համար մեծ հպարտություն է, որ հայրը մեր հայրենիքն էր պաշտպանում: Ինքն էլ էր ուզում գնալ, բայց թույլ չէին տալիս: Հիմա արդեն իր հերթն է…
Սամվելի՝ դեռ վերջերս բազում փորձություններով անցած հոր՝ որդուն տված ամենակարևոր խորհուրդն ու պահանջը եղել է՝ հնարավորինս արագ տիրապետել զինվորական գործին, լինել կարգապահ ու ուշադիր.
– Ես ինքս մի քիչ անպատրաստ եմ գնացել,- անկեղծանում է նա:- Շատ վաղուց էի ծառայել: Հիմա, առավել քան երբևէ, գիտակցում եմ մարզված լինելու, նոր զենքերին տիրապետելու նշանակությունը: 60 օր առաջնագծում ենք եղել:
Միքայելը հիշում է ռազմի դաշտ ժամանելու առաջին օրը, երբ շարասյունը մեծ զգուշությամբ գիշերով, լիակատար մթության պայմաններում փորձում էր մոտենալ նախատեսված դիրքերին:
– Եկել, գրեթե հասել էինք մեր դիրքերին, երբ հակառակորդը մեզ նկատեց: Ռմբահարում սկսվեց… Դա մեր առաջին շոկն էր: Սովոր չլինելով մարտական իրավիճակներին՝ հանկարծ հայտնվում ես ճիշտ դրանց կենտրոնում: Մի բան է, երբ հեռուստատեսությամբ ես դիտում, բոլորովին այլ է, երբ մաշկիդ վրա ես զգում: Չորսբոլորդ պայթող ականների տարափ է, ու պետք է ճիշտ կողմնորոշվես՝ ինչ անել: Շատ լավ էր, որ մեր մեջ կային ծառայած տղաներ, որոնք անմիջապես կողմնորոշվեցին, սկսեցին հրահանգել մեզ, թե ոնց պահենք, ինչ անենք. «Մեկդ աջ, մեկդ ձախ, իրարից ութ մետր հեռավորություն պահպանեք, թմբերի հետևում թաքնվեք» և այլն: Դա մեզ փրկեց: Ռմբահարողներն իրենց նպատակին չհասան, դադարեցրին կրակը: Այսպես մթության մեջ տեղ հասանք, դիրքավորվեցինք: Բազմաթիվ փորձությունները դեռ հետո էին գալու: Ես կապավոր էի, գծային լարեր էինք անցկացնում, ռացիաներ լիցքավորում, առաքում: Իսկ մնացած ժամանակ շարքային հրաձիգ էի: Շատ իրավիճակներ են եղել, երբ պիտի շատ զոհեր ու վիրավորներ տայինք, բայց Աստված մեզ պահել է: Քանի՜-քանի՜ անգամ է եղել, երբ գնդակները հենց կողքներովս են անցել:
Որդուս ասել եմ. «Միշտ հիշի՛ր, որ քեզ շատ մարդիկ են սպասում, ինչպես ինձ էին սպասում»: Երբ վերադարձա, չէի պատկերացնում, որ ինձ այդքան սպասող կա:
-Ինչպե՞ս թե. ամբողջ ազգով ձեզ էինք սպասում,- ասում եմ: Այդ պահին մեզ մոտեցած մարդը ջերմորեն ողջագուրվում է Միքայելի հետ: Մարտական ընկերներից է՝ Կարեն Ավետիքյանը, որ այսօր իր նորակոչիկ զարմիկին՝ Էրիկին է ճանապարհում:
-Միքայելի հետ մենք հենց մարտական հերթապահության ժամանակ ենք ծանոթացել: Երկուսս էլ որպես կապավոր էինք գնացել, բայց անհրաժեշտության դեպքում հրաձիգներ էինք:- ասում է Կարենը,- միշտ հիշում եմ Միքայելի խոսքերը. «Ես չէի հավատում իմ ուժերին, չէի պատկերացնի, որ այսքան կդիմանամ: Պիտի մնանք մինչև վե՛րջ, մինչև պատերազմի հաղթական ավարտը»: Նա պատերազմից հետո դեռ քսան օր մնաց դիրքերում:
Ոչ ոք չի կարող ասել, թե բարդ իրավիճակներում ինքն իրեն ինչպես կդրսևորի: Սկզբում շոկային էր, իսկ հետո արդեն վարժվում էինք ամեն ինչի. վախի իսպառ բացակայություն… Պայթյունները, անդադար կրակը առօրյադ են դառնում: Տղերքը շատ ամուր էին ու մարտական էին տրամադրված: Զինվորների մասին խոսք չկա. աներևակայելի քաջ էին: Որևէ մարտական խնդրից չէին խուսափում, անընդհատ ուզում էին առաջ գնալ: Զարմացած ու հիացած եմ մեր նոր սերնդով. շատ ուժեղ են, շա՛տ: Մեր նորակոչիկներն էլ, տեսնում եք, էլի, շատ բարձր տրամադրությամբ են մեկնում:
Սամվելին ճանապարհելու և իր օրհնանքը տալու էր եկել նրա կնքահայրը՝ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը.
-Այս բարդ օրերին մեր հիմնական տրամադրվածությունն այն է, որ Քրիստոսի պատվիրաններով շարժվենք, քանի որ նա ոչ մի պահ ու ոչ մի պարագայում մեզ չի թողնում. սա վստահաբար եմ ասում: Աղոթքն առ Աստված, հավատքի վիճակի մեջ լինելն էլ մի յուրահատուկ խրամատ է, որտեղ բոլորս՝ միասնաբար պետք է մարտնչենք: Հոգևոր ոլորտում մղված մարտերը միանշանակ հաղթանակով են պսակվում, որովհետև գիտենք, որ մեր զորահրամանատարը և առաջնորդը Քրիստոս Աստվածն ինքն է:
Շուտով մեզ է մոտենում նաև Սամվելը.
-Հպարտ եմ, որ իմ հայրը մասնակցել է մեր երկրի պաշտպանությանը: Հիմա ուզում եմ ես էլ գնալ, իմ պարտքը տալ հայրենիքիս: Դե, այսքանը, հարցազրույց տալուց այնքան էլ լավ չեմ,- ժպտում է երիտասարդը:- Մարտակա՛ն եմ տրամադրված:
Քիչ հետո պիտի հանդիպեի նաև Կարենի զարմիկին՝ Էրիկին:
-Ի՞նչ էր ձեր սերնդի համար այս պատերազմը,- հարցնում եմ երիտասարդին:- Դուք չնայած հեռվից, բայց զգացիք պատերազմի շունչը. ի՞նչ տվեց ձեզ այս փորձը: Ինչ տրամադրվածությամբ եք հիմա ծառայության մեկնում:
-Այնպիսի զգացողություն էր, որ մեր հայրերը, մեր եղբայրները այնտեղ էին ծառայում, իսկ մենք՝ այստեղ: Իմ ամենամոտ ընկերը զոհվեց… Սպարտակ Մարգարյանը: Շատ ընկերներ ունեմ, բայց նա ամենամոտն էր. շատ մաքուր սիրտ ուներ: Գաղտնիքներս միայն նրան էի պահ տալիս, նա էլ՝ ինձ: Նրան զորակոչի վերջին օրը տարան. մինչ այդ անհանգիստ էր. «Հո ինձ չե՞ն մոռացել, գնամ, տեսնեմ»: Նախորդ օրը գնացել էր զինկոմիսարիատ: Նրանց հրամանատարներից մի փոխգնդապետ ասում էր, որ փայլուն հրաձիգ էր Սպարտակը: Մեր հերոսը… Չէի ուզենա, որ մեզնից հետո որևէ սերունդ տեսներ այն ամենը, ինչը մենք տեսանք… Սպարտակի դեպքը ինձ ստիպում է միշտ հիշել, որ նրա պես հերոս տղաները մեզ վերևից նայում են, ու մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ գլուխներս բարձր կարողանանք քայլել, արժանի լինենք նրանց վառ հիշատակին:
Էրիկին բարի ծառայություն եմ մաղթում ու հենց այդ պահին հանդիպում եմ տղաների մի մեծ խմբի…Նորակոչիկ Արմեն Աբրահամյանին ընկերներն են եկել ճանապարհելու: Նրա հայրը՝ Կարեն Աբրահամյանն ասում է.
-Սա դեռ տղայիս ընկերների մի փոքր մասն է, կարողանում է իր շուրջը համախմբել ազնիվ, բարի մարդկանց:
Արմենին ուղղած իմ՝ «Ո՞նց ես տրամադրված ծառայությանը» հարցին պատասխանում են ամբողջ մեծ խմբով՝ «Մարտակա՛ն»:
Հարազատների մի ուրիշ խմբի մեջ տատիկը գիրկն է առել երկու թոռներին ու աչքերը փակ աղոթք է մրմնջում: Տիկին Աիդան Արցախյան առաջին պատերազմին մասնակցած որդի ունի: Հիմա նորակոչիկ թոռնիկներին է եկել աղոթքով ու իր սիրով օրհնելու ու բանակ ճանապարհելու: Տղաները՝ Օհանյան Գոռն ու Լևոնը, զույգ եղբայրներ են՝ մի խնձորը կիսած: Մայրը՝ Էլիզա Շահինյանը, ժպտում է.
-Մեր բարեկամներից շատերը հաճախ չեն տարբերում նրանց: Երկուսի անունն էլ տալիս են ու սպասում, թե որ մեկը կարձագանքի:
Տիկին Էլիզան, ինչպես բոլոր մայրերը, որոնք այսօր որդիներին բանակ են ճանապարհում, հուզված է, բայց հաստատակամ.
-Մերը այն երկրների նման չի, որտեղ տարիներ, տասնամյակներ, գուցեև՝ հարյուրամյակներ շարունակ պատերազմ չի եղել: Մենք միշտ գիտենք, որ մեր տղաները ծառայության են գնում, որ պահեն, հարկ եղած դեպքում՝ կռվով պաշտպանեն հայրենիքը: Բոլորս գիտակցում ենք բանակի անհրաժեշտությունը. այն եղել է ու կլինի: Մեր զինվորներից շատերն այս պատերազմում կյանքի գնով պահեցին մեր երկրի խաղաղությունը: Խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև:
Զույգ եղբայրներից Գոռը միանում է զրույցին.
-Ընկերս վիրավորվեց պատերազմի առաջին օրերին: Նայում ես նրան, մտածում՝ երիտասարդ տղա, երկու ամսվա ծառայող… ու հպարտանում ես, որ պատերազմական իրավիճակում ոգիները տեղը՝ կանգնել են, կռիվ մղել: Մյուս ընկերս 40 օր կռվել է: Դիպուկահար է եղել, շատ լավ է կռվել. հիմա արձակման մեջ է, փառք Աստծո, ողջ-առողջ: Մենք էլ ենք պատերազմի ընթացքում դիմել զինկոմիսարիատ, խնդրել, որ մեզ էլ ուղարկեն առաջնագիծ: Մերժում էին՝ «Ձեր տարիքը չի դեռ. ձեր զորակոչին կգնաք, կծառայեք»: Հիմա վստահ մեկնում ենք ծառայության. պատրաստ ենք մեր հայրենիքի համար ամեն ինչ անելու:
Մյուս եղբայրը՝ Լևոնը, հավելում է.
-Հայրենիքը ինձ համար մեր ժողովուրդն է, որ միս ու արյուն է տալիս մեր երկրին: Եղբորս հետ մենք բուն զինվորական ծառայությունից զատ՝ նաև մեր գիտելիքներով ենք մտադիր օգտակար լինել հայրենիքին: ՏՏ ոլորտի մասնագետներ ենք. կարծում եմ՝ օգտակար կլինենք նաև այս ասպարեզում:
Սամվել Օհանյանը՝ նրանց հայրը, հպարտությամբ նայում է որդիներին.
– Տղաներս, կարծես, մեկ օրվա մեջ ավելի հասունացած լինեն: Այսօր նրանց ճակատներին, դեմքերին պատասխանատվության դրոշմն եմ տեսնում և, կարծում եմ, որ երկու տարվա ընթացքում այդ զգացումը է՛լ ավելի կամրապնդվի, և բանակից կվերադառնան՝ որպես լիովին կազմավորված, առողջ, պինդ տղամարդիկ: Իմ վերաբերմունքը բանակին միշտ ու միանշանակ դրական է եղել: Որդիներս մեծացել են սպայական ընտանիքում. ես ոստիկանության սպա եմ, հայրս նույնպես ներքին գործերի սպա է եղել, պապս բանակի հակաօդային պաշտպանության վարչության հիմնադիրներից է: Տղաներս ծնված օրից տանը համազգեստավորներ են տեսել, մեծացել են կարգապահության մթնոլորտում: Վստահ եմ, որ իրենց պարտքը հայրենիքին անմնացորդ կատարած, անփորձանք վերադառնալու են հարազատ օջախ: Հպարտ եմ, որ այսօր որդիներիս բանակ եմ ճանապարհում: Աստված պահապան մեր բոլոր տղաներին: Բնական է, չեմ կարող այս օրով չհուզվել. հպարտության կողքին մտահոգություններ էլ կան: Նախորդ ամիսներին տեղի ունեցածի ազդեցությունը դեռ թարմ է, բայց, վստահ եմ, որ մեր այս պայծառ նոր սերունդը շատ արագ կհաղթահարի բոլոր դժվարությունները, և մենք կունենանք է՛լ ավելի հզոր ու ամուր բանակ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ
Խորագիր՝ #06 (1377) 17.02.2021 - 23.02.2021, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում