ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում Արմավիրի մարզից զոհված ինը զինծառայողներ՝ Հարություն Գեորգիի Անդրիասյանը, Սարգիս Վահրամի Հարությունյանը, Անդրանիկ Մարտիրոսի Շահնազարյանը, Արմեն Գուրգենի Մարտիրոսյանը, Սմբատ Միհրանի Ավետիսյանը, Ռոման Սուրիկի Մարգարյանը, Հարություն Սեյրանի Մկրտչյանը, Գևորգ Սեյրանի Արշակյանը և Գարիկ Գրիգորի Բարսեղյանը ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի:
♦♦♦
Կրտսեր սերժանտ Հովիկ Առաքելյանը վտանգել է կյանքը, ցուցաբերել սառնասրտություն ու մարտական գործողությունների գոտուց տեղափոխել է վիրավոր զինծառայողների:
♦♦♦
Տարբեր վիրավորումներ ստացած անձանց բարձր մակարդակի բուժօգնություն են ցուցաբերել բուժծառայության մայորներ՝ Նարեկ Մեսրոպյանը, Արմեն Հարությունյանը, Գեորգի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Աշչյանը, պահեստազորայիններ՝ Արթուր Հակոբյանը, Ալիկ Հայրապետյանը, ավագ ենթասպաներ՝ Մանուշակ Աղաջանյանն ու Կարինե Սահակյանը:
♦♦♦
Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս համարձակ գործողությամբ աչքի է ընկել կապիտան Սեյրան Գրիգորյանը: Իսկ մայոր Լենդրուշ Խաչատրյանը, հմտորեն ղեկավարելով ստորաբաժանման գործողությունները, լուջ կորուստներ է պատճառել թշնամուն:
♦♦♦
Կապիտան Դավիթ Մեժլումյանը ինտենսիվ մարտերի պայմաններում ստորաբաժանումներին ապահովել է կապով ու տեսադիտարկման համակարգով:
♦♦♦
Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերում ադրբեջանաթուրքական ուժերի գրոհները կասեցրել և թշնամուն մեծաթիվ կորուստներ են պատճառել ավագ լեյտենանտ Գեղամ Ղազարյանը, սերժանտ Մհեր Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Ավանեսյանը, շարքայիններ Վաղինակ Սարգսյանն ու Սպարտակ Խաչատրյանը, իսկ հրետանավոր, կապիտան Արամ Խաչատրյանը, ղեկավարելով հրետանու կրակը, թշնամուն պատճառել է մեծաքանակ կորուստներ:
Խորագիր՝ #07 (1378) 24.02.2021 - 02.03.2021, Ազգային բանակ