Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆԱՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵԼՈՒ



ԳՆԱՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵԼՈՒԶրույց «Քալաշյան» պարարվեստի դպրոցի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի հետ

 

– Ասատուր, մեր զրույցի առիթը և հիմնական թեման Ձեր վերջին բեմադրությունն է, որը Դուք անվանել եք «Անտունի», և որը վերջին պատերազմի մոտիվներով է: Եվ նախքան բեմադրության մասին խոսելը՝ ես կուզենայի, որ համառոտ անդրադառնայիք Ձեր անցած ճանապարհին և մեր ընթերցողին ծանոթացնեիք «Քալաշյան» պարարվեստի դպրոցի գործունեությանը:

– Ես ավարտել եմ «Բարեկամություն» պետական պարային համույթի դպրոցը, Թատերական ինստիտուտը և Մանկավարժական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտությամբ բալետմեյստեր եմ: 18 տարեկանում հիմնադրել եմ «Ինտերդանս» պարային համույթը՝ համալրված արհեստավարժ պարողներով. մենք  դասական պարի հենքով ներկայացնում էինք աշխարհում հայտնի պարային բոլոր ոճերը՝ սկսած էթնիկ պարերից մինչև ջազ-բալետ: Հայաստանում այդ ժամանակ բազմաթիվ պարային խմբեր էին գործում՝ ամենատարբեր մակարդակների ու ոճերի: Մենք բարձր արհեստավարժությունը համարելով անխախտելի արժեք՝ լսարանին էինք ներկայացնում պարարվեստի համաշխարհային պատկերը, ամբողջ գունապնակը՝ ավելի քան 7 տարի, ունեինք մեծ լսարան, և որ ամենակարևորն է՝ պարավեստի խայտաբղետ իրականության մեջ տուրք չէինք տալիս պահի կոմերցիոն նորարարություններին, արտառոց մատուցումներով հանդիսատես որսալու գայթակղությանը:

Այնուհետև ես որոշեցի գործունեություն ծավալել, այսպես ասած, արվեստի կրթության բնագավառում և հիմնադրեցի «Քալաշյան» դասական պարի տասնամյա դպրոցը: Իմ նշանաբանը այս բնագավառում ևս կար ու մնաց արհեստավարժությունը և արվեստասեր, բարձր գեղագիտական ճաշակ ունեցող անհատ դաստիարակելը: Մեր յուրաքանչյուր դասարանում ուսանում են մոտավորապես 20 սան, նրանք ամեն տարի մասնակցում են մեր մեծ համերգին, որը կայանում է օպերային թատրոնում: Մեր շրջանավարտներն իրենց հմտություններով կարող են մեծ հաջողություններ ունենալ պարարվեստում, սակայն ես կհամարեմ մեր առաքելությունը կատարված, եթե նույնիսկ նրանք համալրեն այլ ոլորտներ՝ որպես կիրթ, ընկալունակ հոգով, արվեստասեր, զգայուն, զարգացած ու առաքինի անհատ…

ԳՆԱՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵԼՈՒ-Ինչպե՞ս ծնվեց «Անտունին» բեմադրելու մտահղացումը:

-Պատերազմից ծնված իմ ամբողջ հույզերը, ապրումները, մտքերը պետք է կերպավորվեին արվեստի լեզվով և դառնային երկխոսություն իմ և լսարանի միջև: Երբ ես լսեցի Գեորգի Գյուրջիևի ստեղծագործությունը դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, հասկացա, որ այն չափազանց ներդաշնակ է իմ ապրումներին, իմ ասելիքին, իմ գեղագիտական մտահղացումներին: Բեմադրել եմ այն, ինչ զգացել եմ, ինչ ուզում էի ասել… Իմ լեզուն պարն է, և ես մարդկանց հետ խոսել եմ իմ լեզվով, իմ արտահայտչամիջոցներով: Ի դեպ, բեմադրությանը մասնակցում էին 40 պարողներ՝ մեր պարարվեստի դպրոցի սաները, իսկ մենապարում էր «Քալաշյան» պարարվեստի դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանը:

– Բեմադրությունը և շատ գեղեցիկ էր, և հուզիչ, և ուղերձներն էին շատ շոշափելի: Այդուհանդերձ, ի՞նչ են պատմում մարդկանց բեմի վրա սևազգեստ աղջիկներն ու զինվորական համազգեստով տղաները:

– Ձեր հարցը մոտավորապես նույնն է, եթե ես Ձեզ խնդրեի Ձեր հոդվածներից մեկը վերապատմել, ասենք, սիմֆոնիկ սյուտի կամ բալետի լեզվով: Ավելի հետաքրքիր կլինի որ Դուք ինքնարտահայտման Ձեր լեզվով՝ բառերով, ինձ պատմեք, թե ինչ եք լսել-տեսել բեմադրությունը դիտելիս:

-Բեմադրության սկզբում սևազգեստ երիտասարդ կանայք՝ հայ մայրերը, քույրերը՝ մեր ժողովուրդը, սգում էին Հայրենքի կորուստը…Հետո նրանց մորմոքուն շարժումները դարձան ավելի կտրուկ, ներքև խոնարհված մարմինները շտկվեցին ու ձգվեցին վեր՝ մարմնավորելով մեր վերածննդի հույսը: Հետո մեր տան ավերակների վրա հայտնվեցին զինվորական համազգեստով տղաները՝ հայ ազգի տղամարդիկ, ու սևազգեստ աղջիկները նստեցին նրանց կողքին, գլուխը հենելով նրանց ուսին, ասելով, որ մեր հույսը, մեր հենարանը հայ տղամարդ-զինվորն է: Մենք չէինք տեսնում նրանց դեմքերը, որովհետև նրանք մեզնից առաջ էին կանգնած ու նայում էին ապագային, իսկ մենք նրանց թիկունքում էինք ու կարծես սպասում էինք նրանց առաջնորդությանը: Հետո տղամարդիկ գնացին, մնացին միայն կանայք: Նրանք գնացին բերելու հաղթանակը…

– Մենք՝ յուրաքանչյուր հայ, պիտի վաղվա հաղթանակի համար կռվի իր զենքով: Ամեն մեկս պիտի իմանանք, թե որն է մեր անելիքը հանուն վաղվա հաղթանակի, որն է մեր տեղը շարքում, որն է մեր զենքը, որով ամենադիպուկն ենք կրակում: Ու պիտի սկսենք հենց այսօրվանից: Մեր ժամանակը շատ սուղ է, իսկ անելիքը՝ շատ…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #07 (1378) 24.02.2021 - 02.03.2021, Հոգևոր-մշակութային, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


25/02/2021