ՀԱՅՈՒՀԻ ԱՎԻԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԸ
Լրացել է ԽՍՀՄ ինքնաթիռաշինության նշանավոր դեմքերից մեկի՝ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՇԱՀԽԱԹՈՒՆՈՒ ծննդյան 110-ամյակը
Ելիզավետա Շահխաթունին ծնվել է Երևանում 1911 թ. դեկտեմբերի 22-ին, հայտնի դաշնակցական գործիչ Ավետիս Շահխաթունյանի ընտանիքում: Երկու տարի Երևանի պետական համալսարանի ինժեներական ֆակուլտետում ուսանելուց հետո 1930 թ. Շահխաթունին ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել ավիացիոն արդյունաբերության մեջ: 1937-39 թթ. երիտասարդ գիտնականն աշխատել է Տուշինոյի պլաներային գործարանում, այնուհետև՝ Լավոչկինի անվան կոնստրուկտորական բյուրոյում, իսկ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրվանից մինչև հաղթական ավարտը՝ Յակովլևի գլխավորած կոնստրուկտորական բյուրոյում: 1946 թվականից Շահխաթունին տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իր ապագա ամուսնու՝ Օլեգ Անտոնովի գլխավորած կոնստրուկտորական բյուրոյում: Նրա ղեկավարությամբ կամ անմիջական մասնակցությամբ են կատարվել ԱՆ տիպի գրեթե բոլոր ինքնաթիռների ամրության հաշվարկներն ու իրագործվել փորձնական թռիչքները: Հատկապես ակնառու են Շահխաթունու գիտական ձեռքբերումները աշխարհում խոշորագույն՝ ԱՆ-22 «Անթեյ», ԱՆ-124 «Ռուսլան», ԱՆ -225 «Մրիա» ինքնաթիռների ամրակայունության ապահովման ու հաջող փորձարկումների գործում: Հընթացս նա ղեկավարում էր Կիևում՝ Եվրոպայում ամենախոշոր փորձարարական լաբորատորիայի ստեղծման, շահագործման ու երիտասարդ կադրերին ուսուցանելու գործը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շահխաթունին պլաներներ էր պատրաստում բանակի համար: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելիզավետա Շահխաթունին երկար տարիներ դասավանդում էր Կիևի ավիացիոն ինստիտուտում: Նրան է պատկանում ինքնաթիռների թևերի ու մյուս մասերի զոդման-սոսնձման գյուտը, որի շնորհիվ ինքնաթիռների շահագործման ժամկետը հասցվեց 45 հազար ժամի: Մասնագետները այս նշանավոր հայուհուն դնում են համաշխարհային ինքնաթիռաշինության այնպիսի մեծերի կողքին, ինչպիսիք են Գյունտեր եղբայրները Հենկելի, Դոնովան Բեռլինը Կարտիսի, Պետլյակովը Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոներում: Նա այս կոհորտայի միակ կին մասնագետն էր ու նաև Խորհրդային Միության միակ կինը, որն արժանացավ Լենինյան մրցանակի: Շահխաթունին պարգևատրվել է նաև Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով:
Ելիզավետա Շահխաթունին մահկանացուն կնքեց 100- ամյակը բոլորելուց երկու ամիս առաջ՝ 2011 թ. հոկտեմբերի 30-ին: Նրա հոգեհանգիստը տեղի ունեցավ Կիևի նորակառույց հայկական եկեղեցում, թաղումը՝ «Բերկովցի» քաղաքային գերեզմանատանը:
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմական վերլուծաբան
Խորագիր՝ #07 (1378) 24.02.2021 - 02.03.2021, Ճակատագրեր