ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ
Կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի հետ զրուցելուց առաջ ես բազմաթիվ հարցեր էի պատրաստել, որոնք չկարողացա տալ, որովհետեւ ժամանակը չհերիքեց։ Մոտ 3 ժամ տեւած զրույցը գրեթե ամբողջությամբ Հայրենական պատերազմի ու մեր բանակի մասին էր։ Ղազարոս Սարյանը խոսում էր ոգեւորությամբ, հուզմունքով, վերապրում էր անցյալը։ Մենք պայմանավորվեցինք կրկին հանդիպել եւ զրուցել նրա կենսագրության մյուս ժամանակահատվածների ու այլ թեմաների մասին։ Սակայն, ցավոք, մեր երկրորդ հանդիպումը չկայացավ։
-Պարոն Սարյան, հայտնի է, որ Դուք Մոսկվայի կոնսերվատորիայում ուսումը կիսատ թողած՝ զորակոչվել եք բանակ, մասնակցել եք Հայրենական պատերազմին։ Ձեր հայրը՝ Մարտիրոս Սարյանը, չփորձե՞ց Ձեզ ազատել բանակից։
-Ձեր հարցը շատ բնական է ու հասկանալի, եթե հաշվի առնենք մերօրյա իրողությունները։ Չեմ հարցնում, թե քանի պաշտոնավորի որդի մասնակցեց Արցախյան պատերազմին, այլ հարցնում եմ՝ ամբիոններից հայրենասիրության մասին ճառող, ժողովրդին հայրենասիրության դասեր տվող քանի՞ իշխանավորի, մեծահարուստի կամ մտավորականի որդի է այսօր հայկական բանակի համազգեստ կրում եւ պաշտպանում հայրենիքի սահմանները։ Հայրս ինձ շատ էր սիրում, շատ-շատ, բայց բանակից ազատվելու կամ պատերազմից խուսափելու մասին խոսք լինել չէր կարող։ Մարտիրոս Սարյանի մեկ զանգը բավական էր, որ ես պատերազմ չգնայի։
-Ձեր մտքով չանցա՞վ խնդրել նրան… կամ չէի՞ք սպասում, որ գուցե, այնուամենայնիվ, Մարտիրոս Սարյանն ինչ-որ բան անի։ Ախր, պատերազմ էր, իսկ Դուք նրա միակ որդին էիք։
-Ես լավ էի ճանաչում հորս ու վստահ էի, որ նա մատը մատին չի տա ինձ բանակից կամ պատերազմից ազատելու համար։ Հայրս տառապում էր անտրտունջ, արժանապատվորեն։ Մի օր էլ նա եկավ Կիեւ՝ ճակատ։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Պատկերացնում եք՝ ինչ է նշանակում պատերազմող զինվորի համար տեսնել հորը։ Մարտիրոս Սարյանին ընդունեցին իրեն վայել շուքով ու հանդիսավորությամբ։ Նա հանդիպեց զինվորների հետ, զրուցեց, ոգեւորեց։ Ամեն ինչ այնքան հուզիչ ու գեղեցիկ էր։ Ես այնքան հպարտ էի։
-Դժվար չէ պատկերացնել հասարակ զինվորի ապրումները, երբ տեսնում է, որ իր կողքին, իր հետ հավասար պայմաններում ծառայում է աշխարհահռչակ նկարչի զավակը։
-Երբ պատերազմն սկսվեց, իմ զորացրվելուն մնացել էր մի քանի ամիս։ Մեր զենիթային գումարտակը սահմանին էր, ուղիղ գերմանացու երախում ու… չզինված։ Ապշելու բան էր, թե ինչպես ողջ դուրս եկանք այդ մսաղացից։ Մեր հակաօդային զորամասում մնացել էին մի քանի զինվորներ, նահանջի ճանապահին մարդկային ու նյութական կորուստներ էինք ունեցել։ Մեր նոսրացած շարքերը լրացնելու համար Սիբիրից աղջիկներ եկան։ Դրանից հետո ոչ մի ուժ ինձ չէր կարող հետ բերել ճակատից։
-Ինչո՞ւ, հաճելի՞ էր աղջիկների հետ պատերազմելը։
-Հաճելին հաճելի էր, բայց այդ չէի ուզում ասել. տղամարդն ինչպե՞ս կարող է նստել տանը, երբ կինն է զենք վերցրել հայրենիքը պաշտպանելու համար։
-Արցախյան պատերազմի ժամանակ էլ շատ կանայք զինվորացան, Ձեր կարծիքով՝ կարելի՞ է կանանց զենք վստահել։ Կանայք կարո՞ղ են կռվել, դառնալ թշնամու ճանապարհը փակող ուժ։
-Կնոջ ներկայությունը ճակատում արդեն ուժ է, որովհետեւ զորացնում է տղամարդու ոգին։ Ես հիշում եմ մեր գումարտակի աղջիկներին։ Նրանք կարճ ժամանակամիջոցում վարժվեցին խոշոր տրամաչափի գնդացիրներին եւ երեք ամսում 58 գերմանական ինքնաթիռ խփեցին։ Երբ գերի ընկած գերմանացիները համոզվում էին, որ իրենց «յունկերսները» ընկել են աղջիկների կրակոցից, հուսահատ բացականչում էին՝ մենք պարտվեցինք։ Կանայք հզոր էակներ են։ Լավ է, որ այսօր մեր բանակում նաեւ կանայք են ծառայում։ Առիթի դեպքում նրանք չեն զիջի տղամարդկանց։
-Պարոն Սարյան, պատերազմի ժամանակ հնարավո՞ր է ստեղծագործել։
-Պատերազմի ամենադժվար տարիներին ես հաղթանակի երգեր էի գրում։ Այդ երգերը տարածվում էին զինվորների շրջանում։ Իմ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ հավաքվել էին ճակատային ընկերներս։ Մենք խանդավառված երգում էինք մեր ճակատային երգերը։ Արցունքոտվելու չափ հուզված էինք։ Դրանք մեր երիտասարդության երգերն էին, մեր հայրենասիրության, ազնվության, ինքնազոհության, ուժի, ավյունի խորհրդանիշները։ Իսկ ծննդյանս 70-ամյակի կապակցությամբ մի բացիկ ստացա՝ վրան Ձմեռ պապ՝ ակորդեոնով։ Բացիկը ճակատային ընկերոջիցս էր. «Տեսնելով այս Ձմեռ պապին՝ քեզ հիշեցի պատերազմի ժամանակ։ Մի ձեռքիդ՝ զենք, մյուսին՝ բայան, դու քո հոգեցունց երգերով գունազարդում էիր մեր ճակատային առօրյան։ Դու երգում էիր՝ մամա-մամա, ու մեր աչքերը արցունքոտվում էին. հիշում էինք մեր տունը, հարազատներին։ Շնորհակալություն, որ դու մեզ հետ էիր»։
Գիտեք, արվեստը մեծ ուժ ունի։ Արվեստը հուշում է գաղափարներ, արթնացնում է ապրումներ, որոնք կարող են մարդուն սխրանքի մղել։ Ոգին այն ուժն է, որ խթանում է մարդու ձգտումները, եռանդը, նվիրումը։
Ուզում եմ մի դեպք պատմել։ 43-ի ապրիլն էր։ Կեսօրից հետո կրակոցները լռեցին. մայրամուտը բազմագույն էր ու գեղեցիկ։ Ես հիացած նայում էի երկինք։ Հանկարծ ամպերի միջից դուրս սողաց կռունկների երամը ու սկսեց շարժվել դեպի մեզ։ Ես քարացել էի։ Հիշեցի հայտնի երգի տողը՝ կռունկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունիս։ Մտովի տուն գնացի, հասա հարազատներիս։Հանկարծ «կռունկները» սկսեցին կրակել։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Պարզվեց՝ «կռունկները» գերմանական ինքնաթիռներ էին, քողարկվելու համար անջատել էին շարժիչները։ Մենք մեծ կորուստներ ունեցանք. իմ ընկերները զոհվեցին։ Նրանց հողաթմբի մոտ մի մեղեդի ծնվեց։ Հետագայում, երբ ես սովորում էի Մոսկվայի կոնսերվատորիայում, իմ դիպլոմային աշխատանքում՝ «Սիմֆոնիկ պոեմում», օգտագործեցի այդ մեղեդին։ Ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ։
-Իսկ Դուք ինչո՞ւ էիք բայան նվագում, որտե՞ղ էիք սովորել։
-Բայան նվագել պատերազմի ժամանակ եմ սովորել։ Խարկովի մշակույթի տներից մեկում մի բայան գտանք։ Կոմիսարն ինձ երեք օր ժամանակ տվեց գործիքին տիրապետելու համար։ Մահվան կրակե երախում ոչ ոք երգունվագի սիրտ չուներ. մենք նահանջում էինք։ Բայց հրամանը հրաման էր, ու ես ենթարկվեցի։ Երբ նստում էինք փոքր-ինչ հանգստանալու, կոմիսարը հրամայում էր՝ հանիր բայանը։ Նահանջի ճանապարհը դժվար էր, մենք հազիվ էինք շնչում, մեր հոգին տնքում էր կորուստների ցավից։ Ու իմ բայանը նվագում էր տխուր հայկական մեղեդիներ, իմ բայանը մորմոքում էր… Հետո ես հավաքում էի ուժերս ու նվագում էի ուրախ պարեղանակներ… Հրաշք էր կատարվում։ Աղջիկները, տղաները շտկում էին ուսերը, սկսում էին պարել… արյունլվա ոտքերով։ Նրանք այդպես հաղթում էին… ցավին, վշտին, դժվարություններին, թշնամուն։
-Մարտիրոս Սարյանը միայն մե՞կ անգամ այցելեց Ձեզ ճակատում։
-Մենք միշտ նամակներ էինք գրում իրար։ Մի անգամ էլ նամակս ուշացել էր, եւ հայրս գրել էր մեր կոմիսարին, խնդրելով տեղեկացնել՝ ո՞ղջ է իր որդին, թե՞ զոհվել է։ Մեր կոմիսարը (երբեք չեմ մոռանում նրան) անձամբ ճանաչում էր հորս, նրանց հարաբերությունները շատ ջերմ էին։ Գրիբենյուկը պատասխանել էր հորս, ջերմ խոսքեր էր գրել իմ մասին։ «իվՈՎÿ ՏՍՑÿոՐÿ» թերթում տպագրվեցին ե՛ւ իմ կոմիսարի, ե՛ւ հորս նամակները։ Ինձ ուղղված նամակում հայրս գրել էր. «Ես չեմ զարմանա, եթե որհրդային Միության հերոսների շարքում կարդամ նաեւ քո անունը։ Ես գիտեմ, որ իմ որդին ոչ միայն լավ երաժիշտ է, այլեւ հերոս է ու ազնիվ մարդ»։ Այս բառերին արժանանալու համար ես պատրաստ էի կյանքս զոհելու։
Հորս տեսա նաեւ 44-ին։ Երբ հաղթանակն արդեն անկասելի էր։ Մոսկվայում, Կարմիր բանակի կենտրոնական տանը կազմակերպվեց հարավարեւմտյան ճակատի զորքերի գեղարվեստական ինքնագործունեության մրցույթ։ Ես պատրաստել էի թատերականացված ծրագիր։ Մրցույթին մասնակցում էին նաեւ Մեծ թատրոնի արտիստներ, պրոֆեսիոնալ խմբեր։ Դահլիճը լիքն էր զինվորներով, արվեստագետներով։ Ներկաների մեջ տեսա նաեւ հորս։ Մենք շահեցինք առաջին մրցանակը, մեր ելույթն ընդունվեց բուռն ծափահարություններով։ Մեկ օր անց ինձ կանչեց հարավարեւմտյան ճակատի հրամանատարը եւ պարգեւատրեց «Կարմիր աստղի» շքանշանով։
-Եթե չեմ սխալվում, Դուք հասել եք Գերմանիա։
-Այո՛։ Գերմանիայում ես ոչ թե բայան, այլ մի բարեհունչ ակորդեոն էի նվագում ու երգում էի հաղթանակի երգեր։ Շատ եմ ցավում, որ երիտասարդ սերնդին նույնպես վիճակվեց անցնել պատերազմի կրակե բոցերով, ապրել կորստի անամոք ցավը։ Շատ եմ ցավում, որ երիտասարդ սերունդն էլ իմացավ, թե ինչ ասել է՝ որդեկորույս մայր, այրիացած կին, որբացած երեխա։ Միեւնույն ժամանակ ուրախ եմ, որ երիտասարդ սերունդն էլ վայելեց հաղթանակի բերկրանքը, հող ազատագրելու հպարտությունը, հայրենիքը զենքով պաշտպանելու խիզախությունը։ Մենք քաջության, միասնության, լավատեսության, ինքնավստահության, ոգու մեծ պաշարներ ենք կուտակել, չպետք է թույլ տանք, որ այդ պաշարներն անօգուտ ոչնչանան, չպետք է ոչնչացնենք դրանք։ Արդարություն ու հավասարություն՝ ահա թե ինչ է մեզ պետք։ Պահը պատմական է, որը կարող է մեծ հաղթանակների ու առաջընթացի նախադրյալ դառնալ։ Եթե կորցնենք այս պահը, սերունդները մեզ չեն ների, սերունդները չեն ների նրանց, ովքեր հանուն սեփական շահի կտրորեն ժողովրդի ոգին, կխլեն նրանից իր հաղթանակը։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Բանակ և հասարակություն