F-22 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Lockheed Martin ընկերության հետ F-22 Raptor կործանիչների արդիականացման աշխատանքներ կատարելու նպատակով: Գործարքի արժեքը կազմել է 7,4 միլիարդ դոլար:
Ամենայն հավանականությամբ խոսքը Increment 3,2 ծրագրի մասին է, որի իրագործումը զինվորականները նախանշել են 2012թ.: Հայտարարված պլանների համաձայն` այդ ծրագրի կիրառումից հետո հնարավոր կլինի կործանիչի սպառազինության մեջ մտնող SDB 8 ռումբերից յուրաքանչյուրը ինքնուրույն ուղղորդել, նաև կիրառել «երկինք-երկինք» դասի նոր հզոր հրթիռներ: Հիմնական փոփոխությունները կկատարվեն ինքնաթիռի և զինատեսակների կառավարման համակարգերում:
Ներկայումս ավարտին է մոտենում Increment 3,1 ծրագրի շրջանակներում F-22-ների արդիականացման ծրագիրը, որի միջոցով կործանիչը հնարավորություն է ստանում ինքնուրույն հայտնաբերել ցամաքային թիրախներ և ոչնչացման համար ընտրել դրանցից առավել կարևոր երկուսը: Բացի այդ, ինքնաթիռը կկարողանա ոչնչացնել նաև ցամաքային շարժվող թիրախներ:
Ամերիկյան ռազմաօդային ուժերն այժմ ունեն 186 F-22 կործանիչ: 2012թ. զինվորականներին նմանատիպ վերջին ինքնաթիռը հանձնելուց հետո դրանց արտադրությունը կդադարեցվի, իսկ արտադրական հոսքագիծը կպահպանվի միայն շահագործման և արդիականացման աշխատանքներ կատարելու համար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական