Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԵԹԱՆՈՍ» ԳԱԳՈՆ



«ՀԵԹԱՆՈՍ» ԳԱԳՈՆԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին եւ ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1967 թ. փետրվարի 13-ին Երևանում, Սուրմալուի գավառի Դիադին ավանից գաղթած հայի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ։ Վերադարձել է այն ժամանակ, երբ, ի պատասխան Արցախի արդարացի պահանջի, Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրագործվել էր զարհուրելի սպանդը։ Անարգվել էր հայի արժանապատվությունը։ Վրիժառու հայորդին անդամագրվեց «Թայֆուն» ջոկատին և երդվեց, որ հանուն Արցախի ազատագրման և Հայաստանի անկախության մինչև վերջին շունչը կպայքարի:

Վստահելի ընկեր էր Գագիկը, ազնիվ ու անշահախնդիր, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, նրանց վարակում հայրենասիրությամբ: Սպորտի վարպետ էր, բռնցքամարտի Հայաստանի եռակի չեմպիոն:

Լինելով մարտընկերների ոգին՝ երեք տարի կռվեց քաջաբար: Մասնակցեց Գորիսի, Սիսիանի և այլ բնակավայրերի պաշտպանությանը: Մասնակցել է նաև Լաչինի, Կուբաթլիի և Ֆիզուլիի համար մղված մարտերին և հասել մինչև Քելբաջար՝ աչքի ընկնելով բոլոր մարտերում:

Գագիկը մեծ սեր ուներ հայկական հեթանոսության հանդեպ, որի համար էլ ստացել էր «Հեթանոս» մականունը:

1994 թ. մարտի 16-ին Գագիկին՝ որպես փորձառու մարտիկի, հանձնարարվել էր միանալ իրենից ավելի երիտասարդների ջոկատին: Եվ նա, կատարելով հրամանը, իր ընկերների հետ բարձրացել էր Օմարի բարձունք՝ նշված դիրքերը անառիկ պահելու համար: Առավոտյան թշնամին մեծ բազմությամբ, ռմբակոծելով հայկական դիրքերը, շարժվեց այդ ուղղությամբ: Գագիկը կռվում էր անձնազոհ, սակայն կռվի թեժ պահին վիրավորվեց ոտքից, բայց չլքեց ռազմադաշտը: Օրհասական դրություն էր: Ելքը միակն էր՝ նահանջի հրաման տալ: Իսկ ինքը հերոսին վայել 1 ժամ 40 րոպե իր գնդացրով միայնակ վիրավոր վիճակում մարտնչեց: Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը: Նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է ջոկատ: Սակայն, դա երկար չէր կարող շարունակվել. չափից շատ արյուն էր կորցրել: Հերոսն ուժասպառ եղած ընկավ, և դիմադրությունը դադարեց: Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին: Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ հայ քաջորդի: Հենց այդ ժամանակ Գագոն, հավաքելով իր ուժերը, վերջին նռնակով վերջ տվեց իր կյանքին՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցու:

Մարտի 19-ին «Թայֆուն» ջոկատի և Արցախի մարտիկների շնորհիվ ազատագրվեց Օմարի բարձունքը… Գագիկի հետ միասին: Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը` առանց անարգելու նրա դիակը դրել էր մի սալքարի վրա: Նրա ցուցամատին մնացել էր նռնակի օղակը:

Այսպես զոհվեց «Հեթանոս» Գագոն՝ անկախության իղձը սրտում, անկախություն բառը շուրթերին: Կա մահ և կա անմահություն: Գագոն նախընտրեց վերջինը և իր օրինակով վարակեց, վարակում է և իր հետևից կտանի բոլոր խիզախներին…

Օմարի բարձունքում, նրա ընկած տեղը մարտիկները շղթաներով պատեցին, դրեցին մի քար ու վրան փորագրեցին՝ «Հեթանոս» Գագո, իսկ քիչ ներքևում՝ արիական նշան:

Եթե ճակատագիրը խնայեր նրան, միգուցե այսօր նա լիներ մեր ամենաթանկ նվաճման՝ Ազգային բանակի սյուներից մեկը:

Սիրելի՛ Գագիկ, «Եռաբլուրի» քո փոքրիկ անկյունը ուխտատեղի է ոչ միայն հարազատներիդ, այլեւ բոլորիս համար:

1995 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ՝ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ապա ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով:

1999 թ. Երևանի քաղաքապետի հրամանով՝ թիվ 135 դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվամբ:

Գագիկ Ստեփանյանի կիսանդրին տեղադրվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում:

ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի Քարվաճառի ցուցավահանակում ներկայացված են մեծանուն հայորդու՝ «Հեթանոս» Գագոյի անձնական իրերն ու լուսանկարները:

Տեղին են Նժդեհի խոսքերը. «Հաղթանակը պտղաբերում է այն ժամանակ, երբ դաշտերը ոռոգվում են արյամբ»: Այս է մեր պայքարի ճշմարիտ ուղին, քանի դեռ մեզ պարտադրված է այդ պայքարը:

ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ավագ գիտաշխատող-ֆոնդապահ

Խորագիր՝ #08 (1379) 03.03.2021 - 09.03.2021, Պատմության էջերից


04/03/2021