Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏԱՍՆՅԱԿ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ



Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ավելի մեծ թիվ են կազմում, քան ներկայացնում է պաշտոնական Բաքուն: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նոյեմբերի 24-ին այդ մասին ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Խոսքը վերաբերում է նաեւ նախկինում գերեվարված մեր հայրենակիցներին», – պարզաբանել է Կապրիելյանը` նշելով, որ ադրբեջանական կողմը խոսում է միայն 8 հոգու մասին` 3 ռազմագերու եւ 5 հոգանոց մի քաղաքացիական ընտանիքի մասին, որոնց` Ադրբեջանում գտնվելու փաստը պաշտոնական Բաքուն հաստատում է:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը կոնկրետ թվեր չի հրապարակում, սակայն ասում է, որ հայկական կողմն ունի Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ հայերի մասին տեղեկատվություն եւ աշխատում է այդ ուղղությամբ: Թեեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի նոյեմբերի 22-ի այցի մասին Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խումբը դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չի ստացել, Կապրիելյանի ունեցած նախնական տվյալներով, այսօր Ադրբեջանում գտնվող 8 հայերի վիճակը բավարար է:

Կապրիելյանը ցավով է փաստում, որ 2008 թվականից ի վեր ադրբեջանական կողմը խուսափում է գործակցել Հայաստանի հետ Ադրբեջանում գտնվող մնացած ռազմագերիների հարցով: Այս գարնանը ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել Արթուր Բադալյանին, ով, լինելով քաղաքացիական անձ, 1.5 տարի պահվել է Ադրբեջանում:«Հայաստանում այսօր ադրբեջանցի ռազմագերիներ չկան», – պաշտոնապես հայտարարում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նոյեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 3 հայ ռազմագերիներին եւ 5 քաղաքացիական անձանց: Այցի վերաբերյալ տարածված հաղորդագրության համաձայն, 3 հայ ռազմագերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նամակներ են փոխանցել իրենց հարազատներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


24/11/2011