ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳԱՂՏՆԻ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄՈՍԿՎԱ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը գաղտնի այց է կատարել Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ը, ադրբեջանցի փորձագետների կարծիքով, Մեհդիեւի գաղտնի այցը Մոսկվա կապված է Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների, հատկապես, ադրբեջանական եւ միջինասիական գազը Թուրքիայի վրայով Եվրոպա փոխադրել նախատեսող «Նաբուկո» գազային նախագծի հետ:
Արեւմուտքը լուրջ ջանքեր է գործադրում այդ նախագիծը կյանքի կոչելու համար, ինչի համար նախագծի իրագործման նպատակով Ադրբեջանի ղեկավարության վրա մեծ ճնշումներ են գործադրվում: Նախագծին դեմ է Ռուսաստանը, որովհետեւ այն չի համապատասխանում իր տնտեսական եւ քաղաքական շահերին: Մոսկվան գտնում է, որ նախագծի իրականացման դեպքում, Ռուսաստանը դուրս կմղվի Հարավային Կովկասից:
«Ինչպես երեւում է, Կրեմլն Ադրբեջանի «իր մարդուն» Մոսկվա է կանչել հենց այդ մտահոգություններից ելնելով: Կամ էլ’ հանդես գալով որպես միջնորդ Ադրբեջանի վրա Ռուսաստանի ճնշումները նվազեցնելու գործում, Ռամիզ Մեհդիեւը ներկայում հայտնվել է բարդ իրավիճակում, եւ Մոսկվա է մեկնել’ ստեղծված կացությունից ելքեր որոնելու համար», -եզրակացնում է «Ազադլըգ»-ը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան