ՄԻ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ
1995 թվականին Ալավերդու «Լազուր» երաժշտական խմբով զինվորների առջև ելույթ ունենալու նպատակով Արցախում էինք (եղել էինք նաև պատերազմի ժամանակ): Շուրջ 10 օր համերգներով հանդես եկանք բոլոր պաշտպանական շրջաններում: Վերջին երկու օրը ելույթներ ունեցանք 5-րդ պաշտպանականի զորամասերում: Երկրորդ օրը Մատաղիս ու Թալիշ գնացինք, սակայն Մատաղիսի դպրոցում տեղավորված զորամասում ելույթ ունենալուց հետո չթողեցին շարժվել դեպի Թալիշ, քանի որ թշնամու դիվերսիոն խումբ էր նկատվել (հետո պարզվեց՝ հետախուզական): Արդեն մութ էր, երբ շարժվեցինք, մեզ հետ էին նաև պոլիտեխնիկցի մի քանի տղաներ ու աղջիկներ, որոնք եկել էին իրենց ծառայող ընկերոջը տեսակցելու: «Գազելի» ուղեխցում 20-ից ավելի մարդ կար, պատգարակով մեքենային մոտեցրին նաև վիրավոր երիտասարդ կամավորականի, որ բարձրությունից ընկնելու պատճառով կոտրվածքներ էր ստացել: Ցավազրկել էին, սակայն մեքենայի ամեն դար ու փոս ընկնելուց վիրավորի վիճակը ավելի էր ծանրանում: Նրա պատգարակը դրել էինք նստարանների թիկնակներին՝ անցումի վրա, ու պահել, որ չընկնի: Մութ էր, բոլորս լուռ էինք: Օդում ծանր մթնոլորտ էր խտացել: Հանկարծ պոլիտեխնիկցի աղջիկներից մեկն սկսեց շշուկով երգել … «Քարավանը շորորալեն հրեն գալիս է»: Ավտոբուսի մեջ գտնվողները, որոնց մեծ մասը երաժիշտներ էին, ձայնակցեցին աղջկան, ու մի հրաշալի երգչախումբ ստացվեց: Վիրավորը քչացրեց տնքոցները և երգի ավարտին խնդրեց նորից երգել…
Թշնամու կողմից դիտարկվող հատվածներում ավտոբուսն անջատում էր լուսարձակները, ու պատուհանից երևացող հազիվ նշմարվող ուրվապատկերներն ավելի խորհրդավոր էին դարձնում մեր ուղին: Ստացվեց անմոռանալի ճանապարհորդություն, վիրավորն էլ դադարեցրել էր տնքոցները. երգի հզոր ուժն էր՝ անցավ մտքովս:
Հասանք զորամաս: Զինվորին շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հոսպիտալ: Հրամանատարի կարգադրությամբ զինվորական ընթրիք էին պատրաստել մեզ համար: Նախորդ օրը նա մասնակցել էր մեր համերգին, ուրախացել, նույնիսկ պարել էր:
Չնայած ուշ էր, ասացին՝ ընթրելը պարտադիր է: Հավատացնում եմ, ինչպես բոլոր զորամասերում, այստեղ էլ դժվար էր հրաժարվել. կատակում էին, թե ավտոմատներով կփակեն մեր ճանապարհը:
Կեսգիշեր էր, երբ շարժվեցինք: Աշնանային մանր անձրև էր մաղում, և ցուրտ էր: Գյուղից մի քանի կիլոմետր հեռու արգելափակոց էր: Չգիտես որտեղից մի զինվոր հայտնվեց և ձեռքով կանգնելու նշան արեց: Ավտոբուսը կանգնեց, ես իջա:
-Անցագիր չունեք: Առանց անցագրի չեք կարող առաջ շարժվել,- նկատեց զինվորը:
Սկսեցի համոզել զինվորին, որ արտիստներ ենք, որ երեկ հենց իրենց զորամասում համերգ ենք տվել, մի՞թե չի լսել, չի մասնակցել, չգիտի և այլն: Չգիտես որտեղից, մեկ այլ ձայն լսվեց.
– Ո՞վ կթողներ մեզ համերգի գնալ:
Ձայնի ուղղությամբ քիչ հեռվում նկատեցի մի հյուղակ, որը բեռնատարի թափք էր, վրան մակագրություն՝ книги: Մինչ զինվորը կկապվեր հրամանատարության հետ, ներս մտա: Խավար էր:
-Լույս կա՞,- հարցրի, նույն ձայնը պատասխանեց՝ ո՛չ:
Ստեփանակերտում մի տուփ մոմ էի գնել, քանի որ հյուրանոցում պարբերաբար լույսերն անջատում էին: Վերադարձա ավտոբուս, ամբողջ տուփը բերեցի: Երկհարկանի երկու զինվորական մահճակալ էր դրված, վրան պառկած երեք զինվոր, ծածկված իրենց զինբաճկոններով: Հողե թաց հատակին ցեխոտ սապոգներ էին: Ցուրտ էր: Չնայած սաստկացող քամուն, լսվում էր թիթեղյա տանիքին թափվող անձրևի կաթիլների ձայնը:
-Ովքե՞ր եք,- հետաքրքրվեց ժամապահը:
-Ժողովրդական երաժշտախումբ: Զինվորներից մեկը կատակով, թե՝ բա մեզ համար համերգ չկա՞:
-Ինչո՞ւ չկա,- ասացի ու դուրս գալով հյուղակից՝ շարժվեցի դեպի ավտոբուսը: Խնդրեցի իջնել դուդուկահարներ Ժորային, Հարութին ու դհոլահար Սերգեյին, երգչուհիներ Գոհար Դավթյանին ու Նազիկ Աղաջանյանին: Մի կերպ տեղավորվեցինք զինվորական կացարանում: «Համերգն» սկսվեց: Ժորայի «Հովերն ընկան»-ին փոխարինեց Գոհարի «Մասրենին», ապա Նազիկի ուրախ կատարումն ու… էսպես փոխնիփոխ։ Տարածվեցին զինվորների բացականչությունները և երգի տակտին համապատասխան ծափերը: Քիչ առաջ ամայի այդ տարածքը կենդանացավ: Զգացումներով իրականի ու անիրականի սահմանին էի: Կանգնել էի դրսում, հուզմունքը բռնել էր կոկորդս…
Երևի մի կես ժամ տևեց «համերգը»: Շտաբից հրաման եկավ, որ կարող ենք անցնել: Հրաժեշտին ինչ ունեինք մեր պայուսակներում՝ շոկոլադներ տեսակ-տեսակ ու թխվածքաբլիթներ, տնական մուրաբա, որ նախորդ փորձից ելնելով՝ վերցրել էինք թեյ խմելու համար, թողեցինք զինվորներին և ուղղություն վերցրինք դեպի Ստեփանակերտ: Խորհրդավոր կացարանում երկաթե մահճակալին պառկած տղաների համար, որ գուցե ապագայի բյուրեղյա իրենց երազանքներն էին հյուսում, մանկության հեքիաթի Ձմեռ պապի իրականացրած հրաշքին էր նման, որ կեսգիշերին չգիտես որտեղից հայտնվեցին ինչ-որ երաժիշտներ, լուսավորեցին ցուրտ, անձուկ հյուղակը և ինչ-որ ժամանակով փոխեցին իրականությունը: Սա է, թերևս, արվեստի ուժը…
ՀՐԱՉՅԱ ՊԱՊԻՆՅԱՆ
Խորագիր՝ #09 (1380) 10.03.2021 - 16.03.2021, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում