ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Պատմական որոշակի ժամանակաշրջանում պատերազմների ելքերն արդեն չէին վճռվում մեկ մարտի, այլ մի քանի օպերացիաների արդյունքում: Ռազմական տերմինաբանության մեջ օպերացիան մեկ ընդհանուր մտահղացմամբ (տարածության և ժամանակի մեջ) կազմակերպված մարտերի շարքն է: Ուստի, կարիք զգացվեց ռազմարվեստում ռազմավարության և մարտավարության միջանկյալ ճյուղի` օպերատիվ արվեստի տարանջատման:
Օպերատիվ արվեստի՝ աշխարհագրությանը «ներկայացվող» սոցիալական պատվերը ռազմական գործողությունների մարտաբեմերի ռազմաաշխարհագրական լուսաբանումն է, որի հիմնական նպատակը բնական տեսակետից առավել կարևոր օպերատիվ ուղղությունների կամ նախապես տրված ուղղությունների լուսաբանումն է:
Մարտերի շրջանների ընտրությունը տեղի է ունենում տարբեր գործոնների ազդեցության տակ, որոնք պետք է աջակցեն օպերացիաների իրականացմանը, և բնական գործոնները գալիս են լրացնելու այլ գործոնների հանրագումարը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերի շտաբի պետ Լյուդենդորֆը իր պատերազմի մասին հուշերի գրքում քիչ ուշադրություն է հատկացնում մարտաբեմերի բնական պայմաններին: Սակայն, երբ անդրադառնում է պատերազմի շրջադարձային փուլին` գերմանական զորքերի՝ Ֆրանսիայի ուղղությամբ 1918 թ. գարնանային և ամառային հարվածներին, նա նշում է, որ. «Բնական պայմանները վճռեցին ապագա օպերացիաների ուղղությունները: Ընտրությունը կատարվեց երեք տեղամասերի միջև: Հյուսիսային ուղղությամբ հարձակումն իրականացնելու համար տեղանքը բավականին դժվարություններ էր ստեղծում: Լիլլից արևմուտք գտնվող Լիսի հովտի անցանելիությունը, որը համընկնում էր հարձակման կենտրոնի հետ, մեծապես կախված էր տարվա եղանակից և տվյալ ժամանակաշրջանի եղանակային պայմաններից: Մինչև ապրիլի կեսերը արտաճանապարհային շարժի հնարավորությունը կասկածելի էր։
Հարձակման միջին ուղղության համար առաջին փուլում հողերի առանձնահատկությունները դժվարություններ չէին ներկայացնում, մինչդեռ հետագա առաջխաղացման ժամանակ խնդիր էր առաջանում պայթյունային ձագարներով դաշտի հաղթահարման համար, որոնք մնացել էին Սոմմի ճակատամարտի ավարտից հետո: Բերդենի հարձակման ժամանակ ստիպված եղանք հաղթահարել խիստ բլրապատ տարածքը: Վերջին երկու ուղղություններում զորաշարժը կարող էր սկսվել տարվա եղանակից անկախ: Այսպիսով, պայմաններն առավել բարենպաստ էին միջին ուղղությամբ հարձակման համար»:
Յազիկովը հետևյալ կերպ է բացատրում Նապոլեոնի՝ դեպի Մոսկվա շարժման ուղու ընտրությունը. արևմուտքից Մոսկվան պաշտպանված էր Պոլեսյեի ճահիճներով, որոնք հնարավոր էր շրջանցել հյուսիսից և հարավից: Նապոլեոնն ընտրեց հյուսիսային տարբերակը, որը նրան Մոսկվա բերեց ամենակարճ ուղիով:
Հիտլերյան բանակը 1941 թ. ամռանը դեպի արևելք շարժվում էր երկու հիմնական ուղղություններով: Այս ուղղությունները համընկնում էին Յազիկովի հիշատակած ուղղությունների հետ: Հյուսիսային ուղին` Պոլեսյեի հյուսիսային եզրով, Մինսկով դեպի Մոսկվա, հարավային ուղին` Պոլեսյեի հարավով, Վոլինի բարձրությամբ դեպի Ուկրաինա: Կասկած չկար, որ 1943 թ. ամռանը հիտլերյան բանակի գլխավոր ուղղություններից մեկը պիտի լիներ Ռոստով-Հյուսիսային Կովկաս ուղղությունը:
Վերոնշյալ տվյալների հիմնական նպատակը ցույց տալն է, որ հնարավոր է կանխատեսել այն օպերացիոն ուղղությունները, որոնք բնական միջավայրով պայմանավորված կարող են համարվել հակամարտ կողմերի հնարավոր հարվածների հիմնական ուղղություններ: Հետևաբար, հնարավոր օպերատիվ ուղղությունների վերաբերյալ ռազմաաշխարհագրական վերլուծությունները շատ կարևոր են։
…Մարտավարական միկրոմակարդակի ռազմաաշխարհագրական գնահատումների ժամանակ մենք մտնում ենք տեղանքի կոնկրետ գնահատման ոլորտ, որը ստիպում է ավելի խորն ուսումնասիրել տեղանքի տարրական հատկանիշները։ Տեղանքի մարտավարական գնահատման հիմնական մեթոդը վերլուծականն է: Անհրաժեշտություն է առաջանում տեղանքի հատկությունները խմբավորել ըստ գլխավոր հատկանիշների, առանց որի հնարավոր չէ ընդհանուր պատկերացում կազմել: Այս հատկանիշների խմբավորումը կլինի տեղանքի մարտավարական հատկությունների մասին բաժնում, չնայած այն հանգամանքին, որ դրանք կարող են առնչվել նաև տեղանքի ռազմավարական և օպերատիվ նշանակությանը:
Ժամանակակից պատերազմներում տեղանքի հատկությունների կիրառումը այնքան բազմազան է, որ, կախված կիրառման յուրաքանչյուր դեպքից և առաջադրանքի առանձնահատկություններից, տեղանքը կարելի է քննարկել տարբեր տեսանկյուններից:
Գործնականում առավել արդյունավետն այն է, երբ մենք ռազմաաշխարհագրական վերլուծության ենք ենթարկում լանդշաֆտի առանձին տարրեր` օդային թաղանթը, ռելիեֆը, ջրագրությունը, գրունտները և բուսականությունը, քանի որ մարտական կիրառման ներկայացրած պահանջները յուրաքանչյուր տարրի համար առանձին է:
Ներկայումս լանդշաֆտի տարբեր տարրեր ռազմաաշխարհագրական գնահատման տեսակետից ուսումնասիրված են տարբեր չափերով: Համեմատաբար առավել զարգացած է ռազմական օդերևութաբանությունը։
…Խորհրդային Միությունում մինչև Հայրենական մեծ պատերազմը հրատարակվել է Ն.Դ. Պարսկու «Ռազմական գործողությունների օդերևութաբանական ապահովում և կլիմայագիտություն» աշխատությունը, որում գիտնականը բանակի օդերևութաբանական ապահովման հիմնական ձևը համարում է հավանական ռազմական գործողությունների տարածքի կլիմայական բնութագիրը կամ կլիմայական նկարագրությունը: «Մեծ քանակի թվային տվյալների արդյունքում, որոնցից, միևնույն է, հնարավոր չէ պատկերացում կազմել հնարավոր եղանակային տիպերի բնույթի վերաբերյալ, անհնար է դառնում դրանց արդյունավետ կիրառումը: Մեր կարծիքով՝ կլիմայական նկարագրությունները պետք է պատկերացում տան տվյալ տարածքում տվյալ ժամանակաշրջանում եղանակի հնարավոր տիպերի և դրանց հայտնվելու հավանականության մասին: Այդ տիպերը բնութագրող օդերևութաբանական տարրերի նշանակության, տեղաբաշխման և փոփոխությունների փոխարեն չպետք է կլիման բնութագրվի որոշ տարրերի միջին արժեքներով, որը բավականին հեռու է այդ մեծությունների իրական արժեքներից և ոչինչ չի ասում դրանց կրկնման հաճախականության վերաբերյալ և թույլ չի տալիս դատել ռազմական պայմանների վրա դրանց գումարային ներազդեցության մասին: Վերջ ի վերջո առավել իրատեսական է կլիման դիտել որպես եղանակների հանրագումար»,- գրել է Պարսկին։
Հաշվի առնելով ժամանակակից ռազմարվեստի «պահանջները» օդերևութաբանությունից, ինչպես նաև հաշվի առնելով ժամանակակից ռազմական տեխնիկայի և սարքավորումների մարտավարատեխնիկական բնութագրերը՝ կարելի է նշել, որ բացի կլիմայական բազմամյա միջին արժեքներից, անհրաժեշտ է վերլուծել նաև նվազագույն և առավելագույն ցուցանիշները՝ տվյալ շրջանի համար ռազմաօդերևութաբանական նկարագրություններ կազմելու նպատակով:
Ինքնուրույն խնդիր է նաև մարտական գործողությունների վրա ձմռան ազդեցության ուսումնասիրումը, մասնավորապես՝ ձնածածկի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրումը:
Մարտավարական ռազմական աշխարհագրությունը և առանձնապես ռազմական կլիմայագիտությունը հենվում են ընդարձակ թվային նյութերի վրա: Ռազմական աշխարհագրագետը պետք է ընտրի ռազմական տեսակետից առավել կարևոր առանձին ցուցանիշներ, դրանցից յուրաքանչյուրի՝ ռազմական տեսակետից առավել կարևոր քանակական արժեքներով արտահայտված: Օրինակ՝ կազմելով ձյան շերտի հաստության քարտեզը, մենք պետք է առանձնացնենք հատկապես այն հաստությունները, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենում տարբեր զորատեսակների գործունեության վրա: Շատ կարևոր է, որ աշխարհագրական տարբեր երևույթների տարածքային տեղաբաշխման ռազմաաշխարհագրական քարտեզ կամ ուղղակի քանակական տվյալներով նկարագրություններ կազմելիս դրանց իզոգծերը կամ թվային տվյալները բերելիս հաշվի առնվեն սպառազինության և մարտական տեխնիկայի անցանելիության կամ մարտական կանոնադրություններում և դաշտային ձեռնարկներում բերված չափորոշիչները: Օրինակ՝ զրահատանկային զորքերի հրահանգներում նշված է, որ տանկերը ձյան շերտի 30 սմ-ից ոչ մեծ հաստության դեպքում մասնակցում են ընդհանուր գրոհին: Հետևաբար, քարտեզների վրա ձյան հաստության իզոգծերը անպայման պետք է անցկացվեն 30 սմ-ից ոչ մեծ պարբերությամբ, իսկ 30 սմ հզորության իզոգիծը պետք է առանձնացվի: Եթե իզոգծերը անցկացվեն ձյան 20 և 40 սմ հզորությունների համար, որտեղ բացակայի 30 սմ-ի իզոգիծը, աշխատանքը կդառնա անարդյունավետ:
Ռելիեֆի ռազմաաշխարհագրական հետազոտություն, ռազմական տեղագրությունից և քարտեզագրությունից դուրս, շատ քիչ է կատարված: Անկասկած, ռելիեֆն «օժտված է» շատ կարևոր ռազմական առանձնահատկություններով: Ասվածի փաստացի հաստատումն է այն, որ ռելիեֆի մարտավարական հատկանիշներին վերաբերող բաժինը իր տեղն ունի շատ երկրների մարտական կանոնադրություններում և դաշտային ձեռնարկներում: «Լեռներում մարտական գործողությունների վարման» ֆրանսիական ձեռնարկի առաջին կետում նշված է. «Լեռներում գործող խոշոր զորամիավորման հրամանատարը պետք է ունենա լեռներում գործելու փորձ և պատկերացում լեռներում մարտական գործողությունների վրա ազդող ռելիեֆի և կլիմայի ազդեցությունների վերաբերյալ»:
Ռելիեֆը ստիպում է զորահրամանատերներին փոխելու ծանրության կենտրոնը, մի զորատեսակի կիրառումից անցնել մեկ այլ զորատեսակի կիրառման, զինատեսակների կիրառման համար ստեղծում է յուրահատուկ պայմաններ, ազդում է մարտիկի ֆիզիկական վիճակի, մարտավարական հնարքների և ձևերի կիրառման վրա և այլն:
Լեռնային շրջաններում իրականացվող մարտական գործողություններում մեծ նշանակություն ունեն զորաշարժերը: Զորաշարժերի հաջող կիրառումը համառ պայքարի ընթացքում կարող է բերել գերազանց արդյունքների` հատկապես հակառակորդի գերակշիռ ուժերի նկատմամբ: Ասվածի վառ ապացույցն է 481 թ. Ակոռիի ճակատամարտը Արարատի լանջերին, երբ Վահան Մամիկոնյանը գլխովին ջախջախեց մոտ քսան անգամ թվային գերակշռություն ունեցող պարսկական զորքին:
Բավականին մեծ է գրունտների մարտավարական նշանակությունը: Ռազմական գրունտաբանությունը հատկապես կարևորվում է ճանապարհային և սակրավորային աշխատանքների իրականացման ժամանակ: Հատկապես էական է տարբեր ֆիզիկական վիճակներում եղող գրունտներով երթևեկելու հնարավորությունների վերլուծությունը և երթևեկության վրա ազդող գրունտի այնպիսի հատկությունները, ինչպիսիք են` թրջվելը, չորանալը, սառցակալելը և այլն: Գրունտների հետ կապված հիմնախնդիրների հետազոտումը ռազմական աշխարհագրագետներին ուղղորդում է համագործակցության ռազմական երկրաբանության խնդիրների հետազոտմամբ զբաղվող մասնագետների հետ։
Բուսածածկի մարտավարական հատկանիշների ուսումնասիրումը ներկայումս հնարավոր է իրականացնել համակարգված ձևով՝ նկատի ունենալով բուսատեսակների` կերային, սննդային, վառելիքային, բուժական, շինանյութային, շարժման վրա ազդեցության և քողարկիչ յուրահատկությունները: Բուսատեսակների մարտավարական առանձնահատկությունների կարևորությունը բացառիկ է: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անտառային և տափաստանային լանդշաֆտներում տեղի ունեցող մարտական գործողությունների վարման ձևերն իրարից խիստ տարբերվում էին: Օրինակ՝ Սմոլենսկի, Բրյանսկի, Լենինգրադի մարզի անտառները նպաստեցին պատերազմների վարման հատուկ ձևին` պարտիզանականին։
Ընդհանրապես, տեղանքը ռազմական տեսանկյունից կարելի է համակարգել հետևյալ կետերով.
- տեղանքի ազդեցությունը տեղափոխումների վրա,
- տեղանքի ազդեցությունը թաքստոցների վրա,
- տեղանքի ազդեցությունը տեսադաշտի և քողարկման վրա,
- բնական ռեսուրսները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մեծապես կարևորվել է երթևեկության պայմանների վրա տեղանքի ազդեցությունը: Ի տարբերություն Առաջին համաշխարհային պատերազմի գերակշիռ դիրքային մարտերի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վեց տարիների ընթացքում մշտապես առկա են եղել մեծ տարածքների վրա ընթացող զորաշարժերը: Ուստի, մեծ նշանակություն են ստացել տեղանքի տիպերը, որ կարող էին խոչընդոտել կամ օժանդակել զորքերի տեղաշարժերին: Այստեղից էլ առաջ է եկել «տեղանքի անցանելիություն» հասկացությունը, որը տեղանքի ռազմաաշխարհագրական կարևորագույն բնութագրիչներից է։
«Անցանելիություն» հասկացության մեջ մտնում է նաև «բնագծեր» եզրույթը, երբ ցանկանում են նշել ցամաքային զորքերի տեղաշարժը և գրաված դիրքերը:
Տեսադաշտի վրա տեղանքի ազդեցությունը կարող է լինել դրական և բացասական: Դրական ազդեցության դեպքում պայմանները դիտարկում անցկացնելու հնարավորություն են տալիս (դիտարկման կետի շահավետ տեղագրական դիրք, մթնոլորտի թափանցիկություն և այլն):
«Տեսադաշտի» հակադրությունը համարվում է «քողարկումը»: Դիտարկման, հետախուզության և խոցման նոր ձևերի ու միջոցների (օդատիեզերական և այլն) կիրառման հետ մեկտեղ է՛լ ավելի է կարևորվում ռազմավարական և ռազմական օբյեկտների քողարկումը: Բուսածածկի առանձնահատկությունները, դրա, ըստ եղանակի, գունային փոփոխությունները, ֆենոլոգիական երևույթները, ապարների և գրունտների գունավորումը, ռելիեֆի անհարթությունները, ձյան ծածկույթը, մառախուղը քողարկման տեսանկյունից ձեռք են բերում միանգամայն նոր որակական նշանակություն:
«Թաքստոց» հասկացությունը հաճախ դրվում է «տեսադաշտ» և «քողարկում» հասկացությունների հետ մեկ շարքում: Նշվածների միջև կարելի է անցկացնել սահմանազատում` թաքստոցների մեջ ներգրավելով այն բնական պայմանները, որոնք կարող են պաշտպանել հակառակորդի կողմից ոչնչացման վտանգի տակ գտնվող օբյեկտները, նույնիսկ դրանց ապաքողարկումից հետո: Բնական թաքստոցներից ամենահուսալիները համարվում են քարանձավները, որոնք պաշտպանում են խոցման ենթակա օբյեկտներն ինչպես ցամաքային, այնպես էլ օդային հարձակումներից: Բնական թաքստոցներ են համարվում նաև ռելիեֆի անհարթությունները:
Ժամանակակից պատերազմներում էապես մեծացել է թաքստոցների դերը: Խոցման միջոցների հզորացման ու հեռահարության մեծացման հետ մեկտեղ ավիացիայի դերն այստեղ դառնում է վճռական՝ ստիպելով թաքստոցներ և պաշտպանված վայրեր որոնել նույնիսկ խորը թիկունքային օբյեկտների համար:
Երկրի բնական ռեսուրսների դերը նույնպես ժամանակի ընթացքում շարունակ ավելանում է:
…Տեղանքի առանձնահատկություններն անհրաժեշտ է ուսումնասիրել տարբեր զորատեսակների և առանձին զինատեսակների պահանջներին համահունչ: Օրինակ` տանկերը, որ համարվում են ժամանակակից բանակների գլխավոր հարվածային ուժը, տեղանքի համար ներկայացնում են լիովին որոշակի պայմաններ: Ֆ.Հեյգլի «Տանկեր» տեղեկատուում տարբեր տիպի տանկեր բնութագրելիս ներկայացված են նաև հետևյալ տեղեկությունները` տեղանքի թեքվածության աստիճանը, հորիզոնական արգելքների լայնությունը, ուղղահայաց արգելքների բարձրությունը, տանկերով հաղթահարվող գետային ծանծաղուտների խորությունը և այլն:
Նաև տանկերի մասնակցությամբ մարտերի պլանավորման ժամանակ ճշգրիտ տեղեկություններ են անհրաժեշտ ճանապարհների ոլորանների շրջագծի մեծության, ձնածածկի և սառցածածկի հաստության, ջերմաստիճանային պայմանների և այլնի վերաբերյալ:
Վերը նկարագրված տարբեր մակարդակների համար աշխարհագրական գործոնների գնահատման մոտեցումները փոփոխություններ կարող են կրել պատերազմի վարման ձևերի և մեթոդների պատճառով:
Բրիտանական ռազմական աշխարհագրագետները քննարկում են Բրիտանական կղզիների ռազմական ներուժի ոչնչացման երեք հիմնական հնարավոր ձևեր` դեսանտը, բլոկադան և օդային ռմբակոծությունները: Նման ընտրությունը բացատրվում է բրիտանական կղզիների բնական պայմաններով` կղզիների դիրք, համեմատաբար փոքր տարածք, ոչ ինքնաբավ սեփական բնական ռեսուրսներ:
Չնայած տարբեր իրավիճակներում տարբեր զորատեսակների ներկայացրած խիստ մասնագիտական պահանջներին, ռազմական աշխարհագրագետը չպետք է մոռանա, որ այդ պահանջների բազմազանությունը և մարտերի հիմքում ընկած զորատեսակների փոխգործակցությունը պահանջում է նաև բնության համալիր գնահատում ու լուսաբանում, որն էլ հենց աշխարհագրական մոտեցման հիմքն է:
Խորագիր՝ #09 (1380) 10.03.2021 - 16.03.2021, Ռազմական