Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՂԵՏԻ



* Ա.Սողոմոնով. «Ադրբեջանն արդեն կորցրել է Ղարաբաղը»:
* Ինչո՞ւ են կառուցվում հացահատիկի վիթխարի պահեստներ:
* Տեղեկություն, որ կարող էր խուճապ առաջացնել Ադրբեջանում:

Ալիեվի ռազմավարությունը

Մի շարք փորձագետներ այն կարծիքին են, որ Աստանայում ԵԱՀԿ անդամ-պետությունների ղեկավարների գագաթաժողովից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հայտնվեցին փակուղում: Ի՞նչ է լինելու հետո:
Ադրբեջանը սպառնում է պատերազմով, պատրաստվում դրան, բայց Ալիեւի համար դժվար է հարձակման որոշում ընդունել: Դրա համար հիմնավոր եւ խորը հաշվարկ է պետք, իսկ աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը համարյա անկանխատեսելի է: Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նոյեմբերի 29-ին ելույթ ունենալիս Իլհամ Ալիեւն արտահայտեց իր մտահոգությունները: «Ի՞նչ ուղղությամբ կզարգանա աշխարհը 10, 20, 50 տարի հետո», «Ինչի՞ հաշվին է զարգանալու Ադրբեջանը», «Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը տարածաշրջանում», «Ինչպիսի՞ն կլինի ժողովրդագրական իրավիճակը երկրում»` ահա հարցեր, որոնք հուզում են Ադրբեջանի նախագահին:
Ալիեւը ներքին անվստահությամբ է խոսում Արցախին տիրանալու` Ադրբեջանի հնարավորության մասին: «Հուսով եմ, որ այդ օրը կգա, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասել է նա («president.az», 29.11.2010): Իսկ նախկինում ասում էր` վստահ եմ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը երկընտրանքի առաջ է` կամ շարունակել տնտեսության զարգացումը, զարկ տալ սպառազինությունների մրցավազքին եւ փորձել Հայաստանի նկատմամբ տնտեսական առավելությունը քաղաքական ճնշման լծակի վերածել Արցախի հարցում, կամ էլ բախտը փորձել նոր պատերազմում: Դատելով ըստ Ալիեւի ճառերի` Ադրբեջանը նախապատվությունը տվել է առաջին ռազմավարությանը, որը, թերեւս, կարելի է անվանել «պատերազմի հետաձգման ռազմավարություն»: Ադրբեջանի նախագահը 25-30 րոպեանոց ելույթում մոտ 15 անգամ օգտագործել է «տնտեսական զարգացում», «տնտեսական բարեփոխում», «տնտեսության ոչ նավթային ոլորտի զարգացում», «տարածաշրջանային զարգացման ծրագիր», «տնտեսական հաջող զարգացման դինամիկա», «ուժեղ տնտեսություն», «Առաջիկա տարիներին մեր ֆինանսական հնարավորությունները կընդլայնվեն», «նոր բնագավառների զարգացման ազդակ» արտահայտությունները: Ակնհայտ է, որ պատերազմի դեպքում դրանք կդառնան իմաստազուրկ, եւ հազիվ թե մոտ ապագայում պատերազմ ծրագրող երկրի ղեկավարի միտքը զբաղված լինի տնտեսական զարգացման հեռանկարով:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիական եւ քաղաքագիտական կրթության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Սողոմոնովի կարծիքով, «Ադրբեջանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը»: «Ինչ վերաբերում է հակամարտության լուծման ռազմական ճանապարհին, ապա պատերազմ այնտեղ սկզբունքորեն հնարավոր չէ»,- ասել է քաղաքագետը: Ի պատասխան «Նովոստի-Ազերբայջան» լրատվական գործակալության թղթակցի այն հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանն օգտվել Իրանում մեծ պատերազմ սկսվելուց եւ դրա քողի տակ «կայծակնային պատերազմ» վարել Լեռնային Ղարաբաղի դեմ, Սողոմոնովն ասել է. «Եթե Իրանում իսկապես պատերազմ սկսվի, ապա դա Ադրբեջանի վրա կանդրադառնա առնվազն 5-6 միլիոն փախստականի ներհոսքի ձեւով: Այդ իրավիճակում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կկնքվի մեկ օրում, քանի որ պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, որ ստիպված կլինի մտածել. միլիոնավոր փախստականների խնդիրը կդառնա առաջնահերթ` չէ՞ որ դա հումանիտար աղետ կլինի» («novosti.az», 24.11.2010):

Հացի խնդիր

Ուշագրավ է, որ վերջերս Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) ակտիվորեն պատրաստվում է զանգվածային աղետների հետեւանքների վերացման: Դեկտեմբերի 16-ին ԱԻՆ լայնամասշտաբ մարտավարական զորավարժությանը հետեւում էին արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովը, Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիեւը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի եւ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ: Սցենարի համաձայն` Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցները վերացնում են պայմանական երկրաշարժի, նավթավերամշակման գործարանում եւ ծովում գտնվող նավթային հարթակի (պլատֆորմի) վրա պայթյունից առաջացած հրդեհների հետեւանքները: Ք.Հեյդարովի խոսքով, առաջիկա տարիներին նման զորավարժություններ ծրագրվում է անցկացնել նաեւ Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում («apa.az», 16.12.2010):
Բացի դրանից, Ադրբեջանի ԱԻ նախարարությունը ծրագրում է մոտ ապագայում ստեղծել պարենամթերքի այն տեսակների պաշար, որոնց պակասը կարող է զգացվել արտակարգ իրավիճակներում: Օրերս Սանգաչալում շահագործման հանձնվեց հացահատիկի 100 հազար տոննանոց պահեստ, մեկ ամսից Գյանջայում շահագործման կհանձնվի 60 հազար տոննանոցը, Նախիջեւանում էլ արդեն կա 30 հազար տոննանոց: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ԱԻՆ պահեստներում կուտակել 290 հազար տոննա հացահատիկ, ինչը, նախարարի խոսքով, նշանակում է, որ «երաշտի կամ ճգնաժամի դեպքում երկիրը երկար ժամանակ ապահովված կլինի հացահատիկով» («apa.az», 14.12.2010):
Իհարկե, «ճգնաժամը» միայն պատերազմի դեպքում չէ, որ կարող է առաջանալ: Նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում կտրուկ` 33%-ով թանկացավ հացը, եւ խուճապ սկսվեց: Հարուստները մեծ քանակությամբ ալյուր էին գնում, քանի որ ակնկալում էին, որ թանկացումը կշարունակվի, եւ իրենք վերավաճառելով կարող են եկամուտ ստանալ: Խուճապը զսպելու համար պետությունը ստիպված եղավ դիմելու պատժիչ գործողությունների. հացի մասնավոր արտադրամասերում սկսվեցին զանգվածային ստուգումներ: «Սանիտարական պայմանները կամ հացի թթվայնության աստիճանը չպահպանելու» պատճառաբանությամբ արտադրամասերը փակվում էին: Ըստ երեւույթին, վերաբացվելու պայմանը հացի գինը նվազեցնելն էր, քանի որ անցյալ շաբաթ Ադրբեջանում հացի գինն իսկապես նվազեց մոտ 15%-ով («novosti.az», 15.12.2010, «apa.az», 17.12.2010): Իշխանությունը հայտարարեց, որ հացի թանկացման օբյեկտիվ նախապայմաններ չկային, բայց դա, իհարկե, ճիշտ չէ. Ադրբեջանում հացահատիկի այս տարվա բերքը 33.1%-ով քիչ է անցյալ տարվա համեմատ («apa.az», 15.12.2010): Թերեւս, խուճապը կանխելու համար էր, որ արտակարգ իրավիճակների նախարար Ք.Հեյդարովը հայտարարեց, թե հացահատիկի պաշարը վաճառքի կհանվի նաեւ հացի գինը անփոփոխ պահելու համար:
Բնակչության շրջանում խուճապը կանխելու նպատակով Ադրբեջանի իշխանությունը թաքցնում է նաեւ այն վթարների մասին տեղեկատվությունը, որոնք առաջանում են նավթի արդյունահանման ընթացքում: «WikiLeaks» կայքի` օրերս գաղտնազերծած տեղեկության համաձայն` երկու տարի առաջ բրիտանական «British Petroleum» նավթային ընկերության գործունեության հետեւանքով Կասպից ծովում կարող էր տեղի ունենալ նույնպիսի աղետ, ինչպիսին եղավ այս տարի Մեքսիկական ծոցում: Նույն` հանքահորի անորակ ցեմենտապատման պատճառով Շահդենիզ հանքավայրում գազի մեծ արտահոսք եղավ: Ճիշտ է, զոհեր չեղան, 212 բանվոր տարհանվեց, սակայն հանքավայրից նավթի արտահանումը նվազեց 500 հազար տակառով (բարելով): Ամերիկացի դիվանագետները նշում են, որ «BP» ընկերությունն այս տեղեկությունը գաղտնի պահեց («panorama.am», 16.12.2010):
Ուշագրավ է, որ այս տարվա դեկտեմբերի 15-ին էլ դադարեցվել է նավթի արդյունահանումը «Չիրագ» հանքավայրից: Պատճառն այն է, որ «հակահրդեհային համակարգի ստուգման ժամանակ հայտնաբերվել է նորոգման կանխարգելիչ աշխատանքների անհրաժեշտություն» («apa.az», 15.12.2010): Պարզ ասած` հրդեհի վտանգ: Այնպես որ՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր հիմքերն ունի` աղետների ու ճգնաժամերի պատրաստվելու համար:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ռազմաքաղաքական


24/12/2010