Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ



Սկիզբը՝ նախորդ համարներում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության ռազմաաշխարհագրական դիրքը

…XXI դարի սկզբներին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ մի շարք եռակողմ բանակցությունների ընթացքում սկսեց ձևավորվել համատեղ տնտեսական և ռազմավարական շահերի վրա հիմնված արևելք-արևմուտք առանցքը, որի հիմքը հետագայում կազմեցին երեք երկրները միացնող բարելավված ավտոճանապարհները, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, ինչպես նաև վերջերս շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Այս նախագծերն իհարկե առաջին հերթին հանդիսանում են քաղաքական նախագծեր և ուղղված են Հայաստանի Հանրապետության տնտեսական մեկուսացմանը:
Առկա քաղաքաաշխարհագրական իրավիճակը հիմնականում պայմանավորված է XX դարի 20-ական թվականներին Անդրկովկասի խորհրդայնացումից հետո տարածաշրջանի կամայական վարչատարածքային բաժանումով: Այսպես, տարածաշրջանի շուրջ 188.000 քառ. կմ տարածքը կամայականորեն բաժանվեց խորհրդային երեք հանրապետությունների միջև:
Հայաստանին անցավ նշված տարածքի շուրջ 16%-ը, Վրաստանին` 37,5%-ը, իսկ Ադրբեջանին` 46,5%-ը:
Հետաքրքիր կլինի իմանալ, որ այդ ժամանակ հայերը կազմում էին Անդրկովկասի ընդհանուր բնակչության 26,6%-ը, վրացիները` 24,5 %-ը, իսկ Անդրկովկասի թաթարները` 22,1%-ը (մնացածը` եզդի, քուրդ, լեզգի, ռուս, հույն, թաթ, աբխազ, օս և այլն):
Այսօր այդ նույն տարածքում ժողովրդագրական պատկերը հետևյալն է` 2014 թ. հունվարին Հարավկովկասյան երեք հանրապետությունների բնակչության ընդհանուր թիվը կազմել է շուրջ 16 միլիոն (ոչ պաշտոնական տվյալներ):
* Հայեր` շուրջ 14%,
* Վրացիներ` շուրջ 16%,
* Ադրբեջանցիներ` շուրջ 60%,
* Այլք` շուրջ 10%:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆՈւսումնասիրելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական, տնտեսական և ռազմական պատմությունը և այն պրոյեկտելով տեղագրական հիմքին, գալիս ենք եզրահանգման, որ ամբողջ պատմության ընթացքում որոշակի գոտիներ և ուղիներ միշտ ունեցել են վճռորոշ դերակատարություն և այդ դերակատարությունը պահպանել են մինչև մեր օրերը: Մեր ժամանակներում այդ գոտիների կարևորությունը մեծանում է դրանցով անցնող հաղորդակցության ուղիների, հարուստ բնական ռեսուրսների, ռազմավարական օբյեկտների առկայության, վարչական և ֆինանսական դերի շնորհիվ:
Բացի պատմական զարգացումներից, նաև տարածաշրջանի երկրաբանությունը և մեգառելիեֆի տարրերի տեղակայումը պայմանավորել են Հարավային Կովկասում ռազմավարական նշանակության առանցքների ժամանակակից պատկերը, որի հիմքը կազմում են Սև և Կասպից ծովերը միացնող տրանսպորտային ուղիները:
Հարավկովկասյան տարածաշրջանում ռազմաաշխարհագրական համալիր ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ձևավորվեցին նոր իրողություններ: Խորհրդային տնտեսության տարածքային պլանավորման ժամանակ մեծապես հաշվի էր առնվում նաև գլխավոր հակառակորդի` ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի արևմուտքում գտնվելը, իսկ արդեն 1990-ականների սկզբներից յուրաքանչյուր պետության համար փոխվեցին հակառակորդները, որն էլ իր հերթին բերեց հաղորդակցման ուղիների և տնտեսական կապերի կաթվածահար վիճակի: Անհրաժեշտ դարձավ նոր իրականության պայմաններում տնտեսության և հաղորդակցման ուղիների նոր ռազմավարական պլանի մշակումը` որն էլ հենց տարածաշրջանի ռազմաաշխարհագրական հետազոտությունների ռազմավարական մակարդակի ուսումնասիրման առարկան է:
Պետք է նշել, որ նոր սերնդի պատերազմներում բնական ռեսուրսների, առաջին հերթին՝ վառելիքաէներգետիկ ռեսուրսների, տրանսպորտի, տնտեսության ռազմավարական ճյուղերի տարածքային կազմակերպումը ժամանակակից համալիր աշխարհագրական հետազոտությունները ուղղակի դարձնում է պահանջված ռազմավարական որոշումներ կայացնելիս, իսկ Հարավային Կովկասի դեպքում դրանք վճռորոշ են:
Դեռևս անցած դարում երկրների, տարածաշրջանների, ռազմական գործողությունների մարտաբեմերի հետազոտման շատ սկզբունքներ արդիական են նաև մեր օրերում: Դեռ ավելին, դրանց կարևորությունը աճում է, քանի որ ժամանակակից քաղաքական և ռազմական հակամարտությունները, որպես կանոն, թելադրվում են տարբեր գործոնների բարդ համակարգով:
Հայաստանի Հանրապետության ներսում ռազմաաշխարհագրական մակարդակի ռազմավարչական բաժանումներ իրականացնելիս անհրաժեշտ կլինի հատկապես ուշադրություն դարձնել հակառակորդների սահմանամերձ տարածքներին:

Շարունակելի

ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ռազմական


18/03/2021