ՉԵՄՊԻՈՆ ԶԻՆՎՈՐԸ
Էրիկն այսօր ծառայում է Հայրենիքին։ Աշխարհի չեմպիոն զինվորն իր ապագան Հայրենիքից դուրս չի պատկերացնում և ուզում է հաղթել ու կրկին հաղթել` Հայաստանի դրոշը բարձր պահելով մեծ հարթակներում։
-Վեց տարի առաջ մտածում էի, թե ինչ սպորտաձևով զբաղվեմ, որպեսզի հաջողություններ ունենամ, Հայրենիքիս հիմնը հնչեցնեմ ու մեր Եռագույնը ծածանեմ գլխավերևումս,- մեր զրույցն այսպես սկսեց երիտասարդ չեմպիոն Էրիկ Խաչատրյանը։
Էրիկը որոշում է զբաղվել միանգամից երկու սպորտաձևով` ծանրամարտով ու հունահռոմեական ըմբշամարտով, մինչև հասկանա, թե որն է իրեն ավելի հարազատ։ Ընտրությունը կանգ է առնում ծանրամարտի վրա։ 2017-2019 թթ. եռամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում դառնում է ոսկե մեդալակիր՝ սահմանելով աշխարհի ռեկորդներ։ Ինքն առանձնացնում է հատկապես 2017 թվականը, որովհետև այդ ժամանակ իրոք հրաշք տեղի ունեցավ:
-Լավ պատրաստված գնացել էի։ Հավատում էի, որ հաղթելու եմ։ Առաջին մոտեցման ժամանակ պատվիրեցինք այնպիսի քաշ, որը հավանաբար կգերազանցեր բոլորի պատվիրած քաշերը։ Առաջին մոտեցման ժամանակ ցավոք, ձախողեցի։ 2-րդ մոտեցումից առաջ մարզիչս դուխ տվեց։ Ես ավելի վստահ գնացի, մոտեցա ծանրաձողին, ցավոք, դա էլ ձախողեցի։ 3-րդ մոտեցման ժամանակ նայում էի հայրենակիցներիս և զգում էի, որ նրանք դեռ հավատում են իմ ուժերին։ Այդ ժամանակ մարզիչս եկավ և ասաց, որ պատվիրել է այնպիսի քաշ, որը բարձրացնելու դեպքում կդառնամ աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր։ Գնացի, մի անկյունում աղոթեցի, վստահ ու հավատով մոտեցա ծանրաձողին։ Մտածում էի, որ դա իմ հնարավորությունն է, և պետք է շրջանցեմ ադրբեջանցուն։ 3-րդ մոտեցումը հաջողեցի։ Ինչպես էր ցնծում հոգիս, ինչես էին ուրախացել մարզիչներս՝ Գագիկ Սարոյանը, Վարդան Թովմասյանը, ամբողջ թիմը, բառերով դժվար է նկարագրել,- հիշում է չեմպիոնը։
Էրիկ Խաչատրյանը «Դյուցազնագրքի» և «Գինեսի» ռեկորդակիր է։ Առաջին ռեկորդը սահմանել է 2019-ին։ Իսկ 2020 թվականին երկար մարզվելուց հետո պետք է գնար նոր ռեկորդի, սակայն վերահաս պատերազմը խանգարեց։
-Երբեք գործս կիսատ չեմ թողել։ Պետք է այդ ռեկորդն էլ սահմանեմ և նվիրեմ Արցախյան պատերազմում զոհված մեր հերոս եղբայրներին,- վստահեցնում է չեմպիոն զինվորը։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ազգային բանակ