ՀԵՐՈՍ ՆԿԱՐԻՉԸ
Մերօրյա հերոս, տաղանդավոր նկարիչ Գոռ Հայկասարի Հակոբյանը ծնվել է 1992 թ. մարտի 21-ին Լոռու մարզի գեղատեսիլ Ջիլիզա գյուղում, մանկավարժների ընտանիքում: Դեռևս դպրոցական տարիներին պատանի Գոռն ունեցել է նկարելու ձիրք, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ճանապարհը. միջնակարգն ավարտելուց հետո Գոռն ընդունվել է Վանաձորի մանկավարժական համալսարանի գծագրության ու կերպարվեստի բաժին եւ այն ավարտել գերազանց գնահատականներով:
2012-2014 թթ. զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել սահմանամերձ զորամասերից մեկում:
2014 թ. ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում: 2016 թ. մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 2020 թ. կամավոր մասնակցել է նաեւ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան պատերազմին: Զոհվել է նոյեմբերի 8-ին՝ մարտական ընկերոջ կյանքը փրկելիս:
Օրերս Գոռի ուսանողական տարիների ընկեր Վարդինե Խանզադյանի անմիջական նախաձեռնությամբ ու ջանքերով Հայաստանի նկարիչների տանը կազմակերպվեց մերօրյա հերոս Գոռ Հակոբյանի նկարների անհատական ցուցահանդեսը: