Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԸ



ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԸՆվիրվում է Ալեն Մարգարյանի հիշատակին

 

Համալսարանի բեմում այդ օրը մեր հերթական ելույթը պիտի կայանար։

Ես Էլենն եմ, սովորում եմ ԵՊՄՀ-ի ռեժիսուրայի բաժնում։ Ամեն մրցույթի ես և ընկերս՝ Ալենը, միասին էինք խաղում, և երբեք բեմից պարտված չենք իջել։ Մշտապես հաղթող ենք եղել։ Այդ օրը մեր վերջին ելույթը պիտի լիներ այդ բեմում. երկու օր հետո Ալենը զորակոչվելու էր…

Մինչ ելույթը ես տրտում և անզվարթ նստած էի մեր լսարանի վերջում, հիմա չեմ հիշում, թե ինչ էր պատահել։

Հանկարծ Ալենը միջանցքից ներս մտավ լսարան, տեսավ, որ տխուր ու մելամաղձոտ եմ, նստեց կողքիս և ինձ նման ինքն էլ լռեց։ Քիչ հետո սկսեց ինձ համոզել մի տեղ գնալ։ Ես հրավերը մերժելու փորձեր էի անում, սակայն վերջում համաձայնեցի։

Մենք քայլում էինք, հետո Ալենը քաղցրավենիք գնեց, ու շարունակեցինք քայլել դեպի զվարճանքների զբոսայգի՝ Լունապարկ։

Երբ արդեն տեղ էինք հասել, Ալենը սկսեց ինձ համոզել կարուսել նստել, բայց ես շատ էի վախենում բարձրությունից։ Մի քիչ թնկթնկացի, մի քիչ չեմուչում արեցի, «չեմ կարող, վախենում եմ» ասելով՝ փորձեցի դիմադրել, բայց Ալենին հաջողվեց ինձ համոզել։

Երբ վերադառնում էինք համալսարան, Ալենն ասաց. «Երբ կարուսելը արագորեն վեր է բարձրանում, իսկ հետո սրընթաց իջնում, այդ վայրկյանները ստիպում են վերարժևորել կյանքը։ Այդ պահին սկսում ես խորհել, որ կյանքդ կարող է կախված լինել փոքրիկ մի պտուտակից։ Եթե երկաթե մի մանրակ մետաղյա հսկայական այդ կառույցի մեջ սխալ տեղաշարժվի, կարող ես զրկվել կյանքիցդ։ Եվ սկսում ես սիրել նաև տխրությունդ»։

Ալենն ասաց, որ կյանքը լիարժեքորեն պետք է ապրել, եւ ինքը ճիշտ այդպես էր ապրում։

…Այդ օրվա մեր ելույթից հետո ևս հաղթանակով իջանք բեմից։

Իսկ երբ գնացինք Ալենին ճանապարհելու, ես միայն մաղթեցի, որ  հաղթանակած վերադառնա…

Արդեն երեք ամիս է, որ Ալենը զինվոր է, ու մենք վերջին տարվա դասընթացներն առանց Ալենի ենք անցկացնում, առանց մեր «այլմոլորակային» ընկերոջ։

Բոլորս այլմոլորակային էինք համարում Ալենին. նա նման չէր մեզ։

Ալենը հարգում էր կանանց, խոնարհվում էր կնոջ իր կատարելատիպի՝ մոր առջև, և որոշել էր մի գիրք գրել իր Մայրիկի մասին։ Նա ասում էր, որ կանայք՝ հատկապես իր մայրը, շատ ուժեղ են։

Ալենին բանակային ընկերները հարցրել էին, թե ինչու երբեք չի հայհոյում, և նա պատասխանել էր, թե հայերենը չափազանց գեղեցիկ լեզու է, և այն հայհոյելու համար գործածելը աններելի մեղք պիտի լինի։

Ալենի համար այս աշխարհում երկու սրբություն կար՝ Մայրն ու Հայրենիքը։

Կարելի է անվերջ ու անվերջ խոսել Ալենի մասին…

ՎԵՐՋԻՆ ԵԼՈՒՅԹԸՍովորական օրերից մեկն էր, երբ դասի պիտի գնայի, առավոտյան հեռուստացույցից իմացա, որ պատերազմ է սկսվել։ Լուրն առնելուն պես մտածեցի Ալենի մասին, բայց քիչ հետո հանդարտվեցի՝ մտաբերելով, որ Ալենը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում է ծառայում…

Արդեն չորրորդ օրն էր լրանում, որ Ալենի մասին լուր չունեինք, բոլորս կարծում էինք, որ պատճառը հաղորդակցության միջոցների տեխնիկական ինչ-որ խնդիր է։ Սակայն երեկոյան իմացանք, որ այն  վաշտը, որտեղ  Ալենն է ծառայում, տեղափոխել են Արցախ։

Ամեն օր աղոթում էի նրա համար։ Եվ վստահ էի, որ մեր Ալենը մեզ մենակ չի թողնի…

Արդեն վեց օր էր անցել, ու ոչ մի լուր չունեինք։ Ես ինձ հազիվ էի տրամադրել համալսարանի դասընթացներին վերաբերող աշխատանքներից մեկն ավարտելուն։ Միայն քսան րոպե էր՝ ինչ կենտրոնացած սկսել էի աշխատել, հանկարծ զանգահարեցին. մեր դասընկերներից մեկն էր։ Դողում էի վախից, սակայն պատասխանեցի զանգին ու լսեցի այն, ինչին չէի սպասում։ Ալենը զոհվել է… Իմ Ալենը  զոհվել է…

Ալենը միշտ ասում էր, որ ինքը Հայրենիքի զավակն է, և անսահման երախտագիտության զգացումը սրբազան եզերքի հանդեպ, իրավ, պայծառ դրոշմ էր թողել նրա հայացքում։ Երախտագետ էր հայրենի բնօրրանին՝ իրեն տված արևների համար, կաթիլ-կաթիլ իր հոգու մեջ խտացած ինքնության ու իր անկրկնելի խառնվածքի համար։ Ասում էր, որ Հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը մի հնարով պիտի տա։ Եվ Հայրենիքին տվեց ամենաթանկը…

Ալե՛ն, քեզ ճանաչելով, ես վստահ եմ, որ եթե անգամ տեսնեիր, թե որքան խորն ես ցավեցրել մեզ, որքան մեծ վիշտ ես թողել մեր սրտերում, դու մեկ վայրկյան անգամ չէիր զղջա, որ տվել ես կյանքդ հայրենիքիդ։ Ես մահվանդ լուրն առնելուց հետո միայն հասկացա, անսփոփ կսկիծով ըմբռնեցի, որ այս անգամ մեր վերջին ելույթը տանուլ ենք տվել, մենք պարտվել ենք մեր վերջին մրցույթին, պարտվե՜լ ենք, մենք միասին չէինք ու պարտվեցինք…

Գիտեմ, դու խստահայաց պիտի առարկեիր, թե քո զոհաբերությունը պարտություն համարելն անարգանք ու վիրավորանք է քո որոշման ու քո ինքնանվիրումի հանդեպ։ Սակայն, ների՛ր ինձ իմ այս մոլորության համար, ների՛ր իմ այս եսասիրության համար և վերստին ընդունի՛ր այն ճշմարտությունը, որ քո պատճառով եմ մոլորվել… Ի՜մ Ալեն, տեսնո՞ւմ ես, որ շիտակ քայլելու համար քո կարիքն ունեմ։

Մարդիկ ասում են, թե՝ անփոխարինելի մարդիկ չկան։ Ես վստահորեն ասում եմ՝ ԴՈՒ անփոխարինելի ես, անկրկնելի՜ մարդ, եզակի՜ ընկեր…

Այո՛, այս անգամ մենք միասին պարտվեցինք, բայց ես շարունակելու եմ գրով պահպանել քո բոլոր կազդուրիչ, ձեռք մեկնող խոսքերը, լուսակի՜ր իմ ընկեր…

 

ԼԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայ մտքի դպրոց» հայագիտական կենտրոնի սան

Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ճակատագրեր


18/03/2021