ԿՅԱՆՔԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ. ԲՈՒԺԱԿՆԵՐ
Դաշտային հոսպիտալի ամենաերիտասարդ բուժակ Մանուկ Ասատուրյանի, պատերազմում նրա խիզախության ու անձնուրացության մասին դաշտային հոսպիտալի անձնակազմի անդամները մեծ սիրով են խոսում: Բառացիորեն նոր ծառայության անցած երիտասարդը պատերազմի դաշտ էր մեկնել:
– 2020 թ. սեպտեմբերի 8-ին եղավ բժշկական գումարտակ ընդունվելուս հրամանը: 9-ից ներկայացա ծառայության: 23-ին ծառայավայրում 21-ամյակս նշեցինք: Դեռ չէի հասցրել մերվել անձնակազմին: Անձնակազմ՝ իր յուրահատուկ կատակներով, շփվելու ոճով. ամեն ինչ խորթ էր ինձ,- պատմում է Մանուկը:- Մեզանից ոչ ոք չգիտեր, որ օրեր անց բոլորով գնալու ենք պատերազմ ու շատ ամուր թելերով կապվելու ենք միմյանց…
Մանուկը խոսում է հանդարտ, խաղաղ, ասես դեպքերը, որոնց մասին պատմում է, միայն հեռավոր առնչություն ունեն իր հետ:
-Բժշկուհի Մելանյա Մելքումյանը,- հիշում է Մանուկը,- ժպիտը միշտ դեմքին, ուրախության ու բարության աղբյուր էր: Ամեն անգամ, երբ ես կամ Նարեկը վիրավորի բերելու էինք գնում, մեր պայուսակների մեջ երկուական սնիկերս էր դնում, որ «քաղցրությունով» ճամփա ընկնենք: Մի անգամ՝ մեր ելքից առաջ, նա վիրահատարանում էր, ավագ բուժքրոջն էր հանձնարարել կատարել այս «սուրբ» գործը: Նա էլ իր հազար ու մի գործերի մեջ մոռացել էր… Մելանյան լրջորեն նեղսրտել էր, մինչև մեր ողջ ու առողջ ետ գալը չէր հանգստացել:
Մեր դասակի հրամանատարը՝ Հարութ Մովսիսյանը, մտածում էր՝ նորեկ եմ, դեռ պատրաստ չեմ, չէր շտապում ինձ ելքի ուղարկել: 29-ին, երբ բոլոր բուժակներն արդեն ելքի էին, և նոր վիրավորների մասին հաղորդեցին, միակ ազատ բուժակը ես էի: Իհարկե, գործ շատ կար հոսպիտալում, օգնում էի, բայց, որպես բուժակ, դեռ ելքի չէի գնացել: Հարութը կասկածով դարձավ ինձ. «Կարո՞ղ ես գնալ»: Ասացի. «Հա, ինչո՞ւ չէ, կգնամ: Եթե եկել-հասել եմ էստեղ, կանեմ՝ ինչ ինձանից հասնում է»: Ջրականի հոսպիտալ էի գնալու: Մկրտչյան Նարեկն արդեն այնտեղ էր: Սերգեյի մեքենայով գնացինք: Սպասում էինք, որ բերեն իմ վիրավորին: Երկար սպասեցինք: Բուժանձնակազմից ինչ-որ մեկը ռացիայով հաղորդագրություն էր տալիս: Մեկ էլ ձայնը լռեց, իսկ քիչ անց գոռաց. «Օդ…»: «Ի՞նչ է նշանակում սա»,- հարցրի մերոնց: «Ինքնաթիռ է մոտենում…»: «Մե՞րն է»: «Իհարկե՝ ո՛չ»: «Ի՞նչ պիտի անենք…»,- հարցս կախվեց օդում: Նույն պահին մեր գլխավերևով երկու թշնամական ինքնաթիռ անցավ: «Մտե՛ք խրամատը: Շո՛ւտ, աջի վրա է»: Ես, Նարեկը, մեր երկու վարորդները, բուժանձնակազմը անմիջապես վազեցինք դեպի խրամատը: Երբ լսում ես ինքնաթիռի ռումբի պայթյունը, անուժ, անկարող ես զգում քեզ, որևէ բան փոխել չես կարող ու սպասում ես… «Ռուսական ռուլետկայի» պես մի բան է. եթե ռումբերից մեկն ընկներ խրամատի մեջ, մեզնից ոչ ոք ողջ դուրս չէր գա: Հիմնական թիրախն այդ օրը, ըստ երևույթին, զորամասն էր, որը հոսպիտալին շատ մոտ էր: Ռմբահարումը դադարեց, դուրս եկանք թաքստոցից: Վիրավորներ ունեինք: Հոսպիտալի մի մասը շտապ տարհանեցին: Դեռ պարզ չէր, էլի ռմբահարում կլինի՞, թե ոչ: Նարեկին ասացի. «Դու ինձնից շուտ ես եկել, վիրավորներին տար, ես դեռ իմ վիրավորին պետք է սպասեմ»: 4-5 ժամ սպասեցինք: Արդեն մութն սկսել էր ընկնել: Զանգեցի մեր գումարտակի հրամանատարին. «Արշալո՛ւյս ջան, կարո՞ղ է՝ վիրավորիս չբերեն»: Ասաց՝ «Վերադարձե՛ք»: Մեր մեքենան արդեն հասել էր հոսպիտալի անցագրային կետին, երբ սուրալով մի «շտապ օգնության» մեքենա անցավ մեր կողքով, մտավ հոսպիտալի տարածքը: Մտածեցի՝ սա հաստատ իմ վիրավորն է: Անմիջապես ետ դարձանք: Գանգուղեղային մեծ վնասվածք ուներ: Արագ առաջին բուժօգնություն ցույց տվեցի, վիճակը կայունացրի, ճամփա ընկանք: Տեղանքը, որով անցնում էինք, հարթավայրային էր: Փոքրիկ բլուրներ կային, բայց դաշտը, ասես, ամբողջությամբ ափիդ մեջ լիներ: Կիլոմետրը մեկ՝ մի բլուրի կհանդիպեիր. ենթադրում եմ, որ դրանք արհեստական էին՝ ճանապարհը տեղ-տեղ քողարկելու համար: Հեռվում պայթյուններ եղան: Տարբեր կողմերից հրետանային կրակ սկսվեց: Պայթյունների դադարից հետո սկսվեց ԱԹՍ-ի անտանելի բզզոցը, որի մասին դեռ միայն լսել էինք: Առաջին հարվածը մեր մեքենայից քիչ հեռու էր, երկրորդը՝ նույնպես չդիպավ: Երրորդն ընկավ ու պայթեց ճիշտ մեր մեքենայի ետևի ձախ հատվածում: Սերգոն մեքենայորեն արգելակեց: Առաջին ու գուցե ճիշտ ռեակցիան նման դեպքերում քեզ մեքենայից դուրս նետելն է: Բայց այդտեղ մի ուրիշ զգայարան է աշխատում. դու բուժաշխատող ես, ո՞նց կարող ես վիրավորին թողնել անօգնական: Եթե այդ օրերին թեկուզ մի անգամ նման բան անեի, ինձ չէի ների:
Մեքենայի մեջ միշտ լիքը մաքուր ձեռնոցներ էի պահում, որ իրարանցման մեջ թափվել էին: Իջա, հավաքեցի ու… մոռացա, որ մեքենայի մեջ վիրավոր ունենք: Երևի էյֆորիայի մեջ էի, որ դեռ ողջ ենք. «Գա՛զ տուր, Սերգո՛», ասացի ուրախացած: Սերգոն նույն վիճակում էր. ծիծաղելով շարունակում էինք ճանապարհը, մեկ էլ՝ ասես մուրճով գլխիս հարվածեին. ետ նայեցի. «Ո՞նց ես»: «Լավ եմ»,- խուլ արձագանքեց վիրավորը: «Հո նստարանները վրադ չե՞ն ընկել». Երկու կողային խարխուլ նստարանները սովորաբար կապում էինք, որ չընկնեն: «Ընկել են»,- ասաց: Մեր վիրավորը երկու ձեռքով մի կերպ պահել էր նստարանները: Սերգոն այդ ընթացքում գրունտային ճանապարհով 120 կմ/ժ արագությամբ էր քշում: Երբ հիմա հիշում ենք, չենք հավատում՝ ո՞նց էր հնարավոր էդ ճանապարհի վրա էդ արագությամբ գնալ: Ճանապարհի կեսը օդում էինք,- ծիծաղում է Մանուկը:- Ես մի կերպ անցա վիրավորի մոտ: Մեքենայի ետնամասը վնասվել էր, փոշին լցվում էր ներս: Մի ոտքիս հենված՝ մյուսով փորձում էի վիրավորից հեռացնել նստարաններից մեկը, միաժամանակ կապել մյուսը: Սերգոն շրջվեց, տեսավ վիճակս ու… չէր կարողանում ծիծաղը զսպել: Այնքան կուզենամ, որ այդ վիրավոր տղան կարդա իր մասին գրվածն ու հիշի, թե ո՜նց էինք երեքով ծիծաղում. մոռացել էր, որ վիրավոր է: Իմ ուղեղն էլ արդեն չէր աշխատում. ասացի. «Պատգարակդ մի քիչ առաջ բեր, չփակվի վրադ»: Վերջապես հարմարեցրի, կապեցի նստարանները: Գանգուղեղային բաց վնասվածքով մեր վիրավորը մի կուշտ ծիծաղելուց հետո սկսել էր իր ընկերուհուց պատմել: Ես էլ սիրտ էի տալիս. «Վաղաժամ կզորացրվես, կնշանվես: Շա՛տ լավ կլինի»: Ոգևորվել էր, ուրախանում էր… Ուրեմն, վիճակն անհուսալի չէր:
– Փրկեցի՞ք, փաստորեն, տղային,- հարցրի:
– Բարով-խերով տեղ հասցրինք: Փրկեցինք: Պատերազմում անհնարինն էլ երբեմն հնարավոր է դառնում…
Կովսականից պետք է նահանջեինք Խնձորեսկ: Այդ օրը ելքի էի գնացել: Այգեհովիտի և Հավսլուի միջև էինք: Մի քանի ժամ սպասեցինք վիրավորին, չկա ու չկա: Հրահանգվեց ետ գալ: Հանդիպակաց կողմից երկու «Պիկապ» դեպի մեզ էին գալիս: Ինձ հետ դեռ անփորձ վարորդ էր՝ մեր Արմանը: «Պիկապներից» մեկը մյուսի ետևից դուրս եկավ մեր գիծ: Վարորդը չհասցրեց արգելակել, մեքենաները բախվեցին, մեր մեքենան ընկավ կողքի ձորակը: Անիվը ծածկող թիթեղը մտել էր անիվի մեջ: Կապ տվեցի, բացատրեցի վիճակը: Վերանորոգման գումարտակից մեքենա ուղարկեցին: Եկան, փորձեցինք նորոգել, բայց ոչինչ չստացվեց, գնացին: Այդ պահին նույնիսկ չմտածեցինք նրանց հետ վերադառնալ. բա մեքենան ո՞նց թողնեինք: Առաջնագիծ համարվող սահմանագծից մեզ մի բլրակ էր բաժանում: Հուժկու հրետակոծություն սկսվեց բլրակի ուղղությամբ: Թշնամին ընդհուպ մոտեցել էր: Դիվերսիոն խմբերն այդ ժամանակ արդեն Իշխանաձոր էին մտել. մերոնք հապշտապ հավաքում էին հոսպիտալը, որ նահանջեն Կովսական: Այդ թոհուբոհի մեջ մեր վարորդ Սերգեյը առաջինն էր հիշել մեր մասին: Բուժծառայության պետի՝ Վարդանի ծառայողական մեքենայով սլացել էր մեր ետևից: Հո մեքենա չէր՝ «պատերազմի վետերան» մի «Ուազ» էր: Վարելու ընթացքում դռներն իրենք իրենց բացվում, փակվում էին: Սերգոն եկավ, հասավ մեզ. «Շո՛ւտ արեք, թշնամին ուր որ է՝ կհասնի էստեղ»:
…Մի քանի հոգով դեռ երկու օր մնալու էինք Կովսականում: Ես, անեստեզիոլոգ Հարությունը, Արշալույս Սեյրանյանը պետք է մնայինք, մյուսները արագ հավաքում էին դաշտային հոսպիտալի գույքը: Շուտով ամեն ինչով ծանրաբեռնված մեքենաները շարժվելու էին: Աստիճաններին նստած նայում էինք: Վերջին պահին մեքենաներից մեկից իջան, մի բլոկ զուգարանի թուղթ թողեցին ու հրաժեշտ տվեցին մեզ. «Դե՛, մենք գնացինք»: Հարությունը, դեմքին լուրջ արտահայտություն տալով, շրջվեց դեպի Արշալույսը ու հանդիսավոր ասաց. «Փաստորեն, վիճակն այդքան վատ է, հա՞: Երկու օրվա համար զուգարանի թուղթ են թողնում մեզ». մի կուշտ ծիծաղեցինք:
Սովորաբար ես ելքերի էի գնում. վիրահատարանի գործերին առանձնապես չէի մասնակցում: Միայն երկու անգամ եմ անդամահատելիս օգնել վիրաբույժ Քենդերյանին: Երբեմն վիրավորին մի կերպ, դժվարություններ հաղթահարելով հասցնում էի բժիշկներին ու չէի կարողանում ներս մտնել՝ տեսնելու, թե ոնց է վիճակը: Նստում էի վիրահատարանի դռան մոտ ու սպասում… Ամենածանր դեպքերը նրանք էին, երբ վիրավորներին շատ հեռվից էինք բերում, ու ճանապարհին թոքային վերակենդանացում էի իրականացնում: Նրանց էն աշխարհից էինք ետ բերում… Ամենածանրն այն էր, երբ բժիշկը դուրս էր գալիս, ու դեմքից հասկանում էինք, որ…
Մանուկը ինչ-որ դեպք է հիշել. ձայնը խորքերից է գալիս…Փորձում եմ նրան դուրս բերել ճնշող հիշողություններից.
-Ի՞նչ ծանր դեպք կհիշես, որ անսպասելիորեն լավ ավարտ է ունեցել:
-Հա, եղել է այդպիսի դեպք,- աշխուժանում է:- Կարենավանում էի: «Ուազով» վիրավորների էին բերելու: Երբ մեքենան մոտեցավ, նկատեցի, որ անսովոր հանդարտ էր անձնակազմը: Մեքենայի դուռը բացելով տեսա, որ մի զինվոր տղա էր նստած, մի ուրիշն էլ՝ գանգուղեղի ծանր բաց վնասվածքով, նրա ոտքերի մոտ էր նստած: Քիչ հեռու ստորին վերջույթներն անդամահատված մի տղա էր պառկած, արնահոսում էր: Նրան առաջինն էր պետք օգնել: Նստած տղային հարցրի. «Դու վիրավո՞ր ես»: «Չէ՛»,- ասաց անհաղորդ: «Եթե չէ, պայուսակիցս ջուրը հանի՛ր, բարակ շիթով լցրու մյուս վիրավորի վերքին»: «Չեմ կարող: Ես արյան տեսքից վատ եմ զգում»: Շատ նեղսրտեցի. անհանգիստ էի. վերքը հողոտ էր: «Իսկ դու ո՞վ ես», հարցրի: «Ես նրանց բուժակն եմ»,- վիրավորների ուղղությամբ գլխով անորոշ շարժում արեց զինվորը: Անասելի զայրույթ զգացի. առաջին մղումս էր, որ թողնեի վիրավորին ու հարձակվեի վրան: Բայց տիրապետեցի ինձ. ժամկետային զինվոր էր. շոկի մեջ… Լավ էր, որ կարողացել էր մարտադաշտից դուրս բերել զինվորներին… Վիրավորներին տեղափոխեցի իմ մեքենան: Երակային հեղուկներ, ինչ պետք էր, միացրի անդամահատված տղային: Ջրականի առաջնագծից մինչև Կարենավան մոտ մեկ ժամից ավելի ճանապարհն այդ վիճակով անցել էր զինվորը. արդեն հրաշք էր: Ես չէի տեսել նման բան ու չէի էլ պատկերացնի, որ դա հնարավոր է: Այդքան արյուն էր կորցրել, բայց դեռ ինքն էր ինձ ոգի տալիս, երբ մյուս զինվորին էի օգնում: Այսպես հասանք դաշտային հոսպիտալ. երկուսն էլ ողջ մնացին…
…Մեր անձնակազմը յուրահատուկ էր: Մեր կանայք բոլորը հերոսներ են: Երբեմն ասում են, չէ՞, թույլ սեռի ներկայացուցիչ: Մեր աղջիկներին որ տեսնեի՜ք…
Բաբասիևա Արուսյակը վիրահատություններից հետո ամենածանր գործն իր վրա էր վերցնում. անդամահատված ոտքերն էր տոպրակով դուրս բերում վիրահատարանից: Մեր Հասմիկը՝ կոորդինատորը, որն ի պաշտոնե բժշկության հետ առնչություն չունի, մեզ հետ հավասար վիրակապեր էր դնում: Նա կանացի մի հազվագյուտ տեսակ է: Առաջին անգամ նրան տեսել էի աշխատանքի ընդունվելուս օրը. նուրբ, հանդարտ, գեղեցիկ հագնված: Նույն այդ Հասմիկը պատերազմի դաշտում բոլորովին ուրիշ էր. շատ խիստ, ամուր, դիմացկուն՝ իսկական զինվորական: Անընդհատ շարժման մեջ էր. շրջում էր ամբողջ հոսպիտալով, տեղեկանում՝ որտեղ ինչ է պետք, անմիջապես զանգում այսուայն կողմ, կարգադրում էր ամեն ինչ: Մինչ մյուսները վերքերն էին մշակում, հոգեբանական աշխատանքն ընկնում էր նրա ուսերին: Հետտրավմատիկ շոկից դուրս էր բերում վիրավորներին: Քաղցրեղենով, յոգուրտներով գնում էր նրանց մոտ, խոսելով, համոզելով կերակրում: Ինքը երեք երեխաների մայր է, այնտեղ բոլորիս էր մայրություն անում: Երբ ելքից քրտնած վերադառնում էի, ամբուլատորիայի մի ծայրից մյուսը նկատում էր. «Մանո՛ւկ տղա, շո՛ւտ շապիկդ փոխի՛ր, չորը հագիր»:
…Հիմա, երբ հոսպիտալ եմ գալիս, առանց Արա Գրիգորիչին տեսնելու չեմ գնում: Արա Գրիգորիչը մեր տեխնիկական հարցերով պատասխանատուն էր, բայց ամեն ինչ էր մեզ համար: Այդ օրերին ինքնակամ մի այնպիսի գործ էր ստանձնել, որ մեզնից ոչ ոք սիրտ չէր անի: Հոսպիտալ բերված զոհվածների բոլոր փաստաթղթերը, հեռախոսները գտնում, համեմատում, տեղավորում էր նրանց հետ, որ հետագայում հարազատները գտնեին նրանց… Հիմա, պատերազմից հետո, արդեն բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր էր նրա արած գործը:
…Մտածում էինք, որ վերադառնանք տուն, էլ չենք կարողանա սովորական կյանքի անցնել,- իր պայծառ ժպիտով ասում է Մանուկը:- Բայց տեսնո՞ւմ եք, կարողանում ենք:
Նույն հարցը մինչև այդ մյուս տղաներին էի տվել.
-Աստված մի արասցե, նոր պատերազմի դեպքում նորից նույնը կանեի՞ր:
Մանուկը նույն պատասխանն է տալիս.
-Անկախ նրանից՝ զինծառայության մեջ կլինեմ, թե ոչ, առանց մի պահ մտածելու, կգնամ ընկերներիս կողքին կանգնելու: Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրն էլ այսպես է մտածում:
Բոլորս համաձայն ենք մի հարցում. թող մեր հաջորդ հարցազրույցը միայն ու միայն մեր հաղթանակների մասին լինի: Իսկ մինչև այդ, փառք ու պատիվ մեր «Սպիտակ բանակի» հերոսներին: Նրանք իրենց գործը, ինչպես միշտ, գերազանց են կատարել…
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և
ՄԱՆՈՒԿ ԱՍԱՏՈՒՐՅԱՆԻ
Խորագիր՝ #10 (1381) 17.03.2021 - 23.03.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում