ԼԻԲԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՕԳՆԵԼՈՒ ՍԻՐԻԱՅԻ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆԸ
Համաձայն «Ալ Արաբիա» ինտերնետային հեռուստաալիքի հաղորդած տեղեկությունների, Ստամբուլում Թուրքիայի պաշտոնական անձանց մասնակցությամբ Լիբիայի նոր իշխանությունների և սիրիական ընդիմության ղեկավարների միջև կայացած հանդիպման ընթացքում լիբիական կողմը, որն առաջիններից մեկն էր Սիրիայի ընդիմությանը երկրի օրինական իշխանություն ճանաչել, խոստացել է Ասադի հակառակորդներին զենք և կամավորներ տրամադրել: Արևմտյան այլ լրատվամիջոցներ էլ պնդում են, որ Տրիպոլին արդեն իսկ մշակել է սիրական ապստամբներին զինական օժանդակություն տրամադրելու ծրագիր, և զինված ներխուժմանը մնացել է մի քանի շաբաթ:
Միաժամանակ Բահրեյնի ու Քաթարի արտգործնախարարությունները, որոնց դիվանագիտական ներկայացուցչությունները նոյեմբերի 16-ին ենթարկվել էին ամբոխի հարձակումներին, իրենց պետությունների քաղաքացիներին կոչ են արել շտապ հեռանալ Սիրիայի տարածքից, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները քաղաքացիներից պահանջել են ձեռնպահ մնալ Սիրիա այցելելուց:
Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արձագանքելով իր նկատմամբ Թուրքիայի վարչապետի պարբերական հարձակումներին, հայտարարել է, որ դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են Օսմանյան կայսրությունը վերականգնելու երազներով ու թեև գիտեն, որ դա այլևս անիրականանալի է, բայցեւ շարունակում են արաբական աշխարհում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու նպատակով օգտագործել կրոնական կոչեր ու հռետորաբանություն: Միաժամանակ Ասադը սիրիացիներին կոչ է արել Անկարայի դեմ բողոքի ցույցերի ընթացքում չայրել Թուրքիայի պետական դրոշը, քանի որ այն թուրք ժողովուրդի հպարտության առարկան է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական