ՆԱՏՕ-Ի ԱՎԻԱՑԻԱՆ ՌՄԲԱՀԱՐԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԵՆԱԿԵՏԸ
Օդային հարձակման արդյունքում զոհվել է այդ պահին քնած 28 զինծառայող, իսկ ևս 14-ը վիրավորվել են, երբ Հյուսիսատլանտյան դաշինքի ավիացիան Պակիստանի հյուսիս-արևմուտքում ներխուժել է երկրի օդային տարածք: Այս միջադեպը կարող է մեծապես բարդացնել այս տավա մայիսին Պակիստանի տարածքում, առանց երկրի իշխանություններին նախազգուշացնելու, ամերիկյան հատուկ ջոկատայինների իրականացրած Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությունից հետո արդեն իսկ Իսլամաբադի ու Վաշինգտոնի միջեւ սրված հարաբերությունները:
Պակիստանի իշխանություններն հայտարարել են, որ վերատեսության են ենթարկվելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ունեցած բոլոր` ռազմական, դիվանագիտական, քաղաքական ու հատուկ ծառայությանների համագործակցության մասին համաձայնագրերը, և որ քնած զինծառայողների ոչնչով չհիմնավորված սպանությունը լուրջ հետևանքներ կունենա ՆԱՏՕ-ի համար: Արդեն իսկ դադարեցվել են Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորախմբի կարիքների համար Հիբեր սահմանապահ անցակետով իրականացվող բեռնափոխադրումները, և բանակային շուրջ չորս տասնյակ բեռնատար ու վառելիքատար ավտոմեքենաներ կանգնեցվել են Փեշավարի մատույցներում: Պակիստանի տարածքով է իրականացվում Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի զորախմբի թիկունքային մատակարարումների շուրջ 70 տոկոսը:
Միաժամանակ, Իսլամաբադը Վաշինգտոնից պահանջել է 15 օրյա ժամկետում ազատել երկրի հյուսիս-արևմուտքում` Բելուջիստան գավառում գտնվող Շամսի ավիաբազան, որտեղից, ըստ որոշ լուրերի, օդ էին բարձրանում «Թալիբանի» և «Ալ Քայիդայի» դեմ պայքարում ներգրավված ամերիկյան անօդաչու թռչող սարքերը:
ԱՖղանստանում ՆԱՏՕ-ի զորախմբի հրամանատար, ամերիկյան գեներալ Ջոն Ալենը ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին, սակայն Դաշինքի ղեկավարությունը հայտարարել է, որ մինչ կատարվածի բոլոր մանրամասների պարզումը խոսք անգամ չի կարող լինել սխալն ընդունելու և ներողություն խնդրելու մասին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոն Ռասմուսենը ևս ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և կատարվածն անվանել «ողբերգական պատահականություն»:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական