Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՐԴԻՆ ԵՄ



…ԵՍ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՐԴԻՆ ԵՄԼեգենդար «Եղնիկներ» զորամասի զինվորները միշտ են աչքի ընկել իրենց հերոսությամբ, մարտնչել են թշնամու դեմ ու անառիկ պահել իրենց դիրքերը։ 6 տարի առաջ՝ 2015 թ. մարտի 19-ին, զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման 11 մարտիկներ՝ ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը, սերժանտ Օնիկ Միքայելյանը, գնդացրորդներ՝ Գոռ Դարմանյանը, Ժորա Գևորգյանը, դասակի հրամանատարի տեղակալ Ռաֆայել Նազարյանը, մարտիկներ՝ Էդգար Մարտիրոսյանը, Ժիրայր Նալբանդյանը, Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը, Արշակ Կարենի Հարությունյանը և Սամվել Հակոբյանը հանդիպելով թշնամու հատուկ նշանակության քառապատիկ ավելի զինվորների, անհավասար մարտի մեջ են մտնում։ Երկու ժամ տևած մերձամարտի ընթացքում հերոսաբար զոհվեցին 3 հայորդիներ՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը և Արշակ Կարենի Հարությունյանը: Նրանց զինակից ընկերը՝ Սամվել Հակոբյանը, ստացած ծանր վերքերից  վախճանվում է օրեր անց: Տղաների հերոսության և օգնության հասած մեր զինվորների շնորհիվ թշնամին նահանջել է, սակայն հայոց քաջերը հետապնդել են նրանց և գրեթե գլխովին ոչնչացրել դիվերսանտներին։ Ծանր վիրավորում էին ստացել նաև 3 զինծառայողներ՝ ավագ-լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը, Գոռ Դարմանյանը, սերժանտ Օնիկ Միքայելյանը: Հակոբ Գագիկի Խաչատրյանը ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հետմահու պարգևատրվում է «Արիության համար» մեդալներով։

Հակոբ Խաչատրյանը ծնվել է 1996 թվականի մարտի 28-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ընտանիքի միակ տղան էր։

 

Պատմում է ավագ քույրը՝ Նաիրան

Լիաննային անունով էր դիմում, իսկ ինձ, որ իրենից  մեծ էի տասներեք տարով, «քուրո» էր ասում։ Հենց վիճում էինք, ասում էր՝ «Սրանից հետո քեզ կասեմ Նառա». մտածում էր, թե դրանով ինձ պատժում է: Նրանով էինք ապրում…։ Երբ ասում էի՝ «Հակոբս», կոլեգաներս ասում էին՝ «Քո Հակոբը չէ, մամայինդ է»:

Հակոբին ճանաչում եմ մանկուց, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղ։ Այն ժամանակ դպրոցը գործում էր Աղաձորի հարևանությամբ գտնվող Վարդանաց գյուղում։ Աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում և գործի բերումով հաճախ էի այցելում դպրոցներ։ Հակոբը երևացող աշակերտ էր, աչքի ընկնող: Լավ էր սովորում, ակտիվ էր, մասնակցում էր դպրոցական բոլոր միջոցառումներին։ Հետագայում Վարդանաց գյուղը փակվեց, մնալով Խուդափերինի կամրջի մոտ կառուցվող ջրամբարի տարածքում։ Դպրոցը տեղափոխվեց Աղաձոր։ Բարձր դասարաններում շրջանային դպրոցական տարբեր միջոցառումներ էին կազմակերպում, հատկապես՝ ինտելեկտուալ։ Եվ Աղաձորի թիմը, շնորհիվ Հակոբի բանիմացության, միշտ բարձր տեղ էր գրավում։

Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Երկրորդ կուրսից զորակոչվում է բանակ: Պատմում են, որ զորակոչվելու օրն ավտոբուս բարձրանալիս Հակոբը դիմելով մորը, ասել է. «Մա՛մ ջան, տես, ավտոբուսի առաջին աստիճանին եմ, նշանակում է՝ ես արդեն ձեր որդին չեմ, երկու տարի իրավունք չունեմ ձեր մասին մտածելու, ես Հայրենիքի որդին եմ»:

Մերօրյա հերոսին հուղարկավորել են Հակարիի ու Արասի միավորման տարածքում՝ Հակարիի ձախակողմյան հարթավայրի ծվարած հայրենի Աղաձոր գյուղում՝ դպրոցից քիչ հեռու գտնվող բարձր բլրի լանջին։ Դիմացը Խուստուփն է։ Հոր ցանկությունն էր՝ որդուն հուղարկավորել Աղաձորում:

-Որդիս հավերժ հայրենի երկրի սահմանապահն է,- ասում է հայրը՝ Գագիկ Խաչատրյանը։

Այսօր Հակոբի անունով է կոչվում հարազատ դպրոցը, որի տնօրենը վերջին տարիներին Հակոբի քույրն էր՝ Նաիրա Խաչատրյանը: Նաիրան Հակոբի անունով է կոչել իր որդուն: Քույրը եղբոր ծննդյան 24-ամյակի առթիվ իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Եղբայրս ապրեց ընդամենը 19 գարուն, հասցրեց սիրված լինել շրջապատում, հասարակության մեջ, դպրոցում: Երբ հետադարձ հայացք ես գցում նրա անցած ճանապարհին, հասկանում ես՝ նա միշտ և ամենուրեք իրեն պահել է արիաբար…: Անունն ու հարգանքը պետք եկան նաև Հայրենիքի սահմանը պահելու նվիրական պարտականությունը կատարելիս: Չավարտված ճախրանքներ, փշրված երազանքներ, հուշեր, ցավի և տառապանքի զգացողություններ, նաև ապրելու հպարտություն թողեց մեզ»:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #12 (1383) 31.03.2021 - 6.04.2021, Ճակատագրեր


01/04/2021