Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՅՍ ՏՂԵՐՔԸ՝ ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ…



Սեպտեմբերի 25-ն էր, զորամաս այցելելուց առաջ խնդրել էի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալին, որ մի քանի շնորհալի զինվորների հանձնարարի թղթին հանձնել անկախության մասին իրենց պատկերացումները՝ «Հայ զինվոր»-ում հրապարակելու համար:

Մինչ մի քանի մարտական հենակետ այցելեցինք ու հետ եկանք զորամաս, մութն արդեն իր թեւերն  էր փռում, շտապում էինք վերադառնալ Երեւան, իսկ իրենց մտքերը թղթին հանձնած զինվորները մեզ էին սպասում: Միացրի ձայնագրիչն ու արագ-արագ հարցեր էի տալիս, որոշել էի՝ մի քանի տողով հանդեսում կներկայացնեմ նաեւ տղաներին, բայց հասկացա, որ ամեն մեկի մասին ոչ միայն մի քանի տող, անգամ մի քանի էջ գրելն էլ քիչ է՝ այնքան զարգացած, այնքան բազմաշնորհ էին: Պայմանավորվեցինք, որ մի քանի շաբաթ անց կրկին կայցելեմ զորամաս, առանձին  կզրուցենք, նոր միայն նյութը կպատրաստեմ:

Հրաժեշտից առաջ լուսանկարեցինք տղաներին, ես էլ կեսլուրջ-կեսկատակ ասացի՝ խոստացեք, որ մի օր, երբ շատ-շատ հայտնի դառնաք արվեստի աշխարհում, ձեր առաջին հարցազրույցը դարձյալ ՊՆ «Հայ զինվոր»-ում է  տպագրվելու: Անուշ ժպտացին ու խոստացան:

Մի քանի օր անց պատերազմն սկսվեց…Լուսավոր, լույսի կտոր տղերքը լույսի բաժին դարձան…

Դժվար է, անասելի դժվար երիտասարդ զինվորների մասին անցյալ ժամանակով գրելը…

 

ԼՈՒՅՍ ՏՂԵՐՔԸ՝ ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ...Ծաղկաթափ գարուն

Սարգիսը միանգամից տպավորվեց՝ տխուր աչքերով էր, բայց լուսավոր ժպիտը դեմքից անպակաս: Զորամասում նրա նկարածներից մի քանիսը հպանցիկ տեսանք. մեկ-երկու գծանկարից անգամ հասկանալի էր՝ երիտասարդի խոստումնալից ապագան կանխորոշված էր:

Սարգիսի մայրը մահացել էր որդու բանակ զորակոչվելուց երեք ամիս անց՝ այդպես էլ չհասցնեով տղային զինվորական հագուկապով տեսնել: Որդին բանակում նկարել էր մայրիկին եւ իրեն՝ զինվորական համազգեստով, մեկմեկու ձեռք ամուր-ամուր բռնած, նկարի տակ էլ գրել. «Քեզ հիշում եմ ես…Հիշում եմ անընդհատ ինձ գրկող, շոյող ձեռքերդ մեղրահոտ: Հասկացող, ներող աչքերդ հարազատ

Ու ինձ կյանք տվող ժպիտդ արևոտ…»:

Բնությունը շռայլորեն օժտել էր Սարգիսին բազում տաղանդներով՝ նկարում էր, երգում, ասմունքում… Քայլող հանրագիտարան էր:

Կատակով ասում էր՝ լեգենդ եմ լինելու, լեգենդները ծնվում են գարնանը՝ ապրիլին:

Ինքն ապրիլյան պատերազմի մասնակից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էր ծնվել ու հպարտանում էր՝ իմ ծննդյան օրը հերոս է ծնվել:

Բնությունը Սարգիսին շռայլորեն օժտել էր ոչ միայն բնատուր տաղանդով, այլ նաեւ անսպառ բարությամբ, նրբանկատությամբ. բոլորին օգնում էր, բոլորին հասնում: Ծառայությունից հետո որոշել էր Գեղարվեստի ակադեմիայի անվճար բաժինն ընդունվել՝ «Մերոնց նեղություն չտամ»:

ԼՈՒՅՍ ՏՂԵՐՔԸ՝ ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ...Սակայն պատերազմն ընդհատեց տաղանդաշատ երիտասարդի կյանքը…

Մի փոքրիկ հատված Սարգիս Հակոպյանի՝ անկախության 29-ամյակին նվիրված շարադրությունից. «Անկախությունն ինքնին մեծ հասկացություն է, հզոր արժեք, որն էլ իր հերթին սկսվում է յուրաքանչյուր անձի անհատական հոգու ազատությունից: Մարդն անկախ է, երբ չի գտնվում ստրկության ու իշխանության ներքո:

Իմ հայ ազգին ազատ ապրելու մեծ մղումով հաջողվեց 29 տարի, թեկուզ պատերազմի եւ արյան գնով, նորից լինել անկախ եւ հաղթող ազգ: Ես՝ որպես հայ զինվոր, Հայրենիքի պաշտպան, չեմ ուզում, որ միայն սեպտեմբերի 21-ին հիշենք, որ անկախ հայրենիքում ենք ապրում, մենք այդ գիտակցումով պիտի ապրենք ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան…»:

… Մի քանի օրից Սարգիսի ծննդյան օրն է. նրան ճանաչողները լուսավոր, ջերմ պատմություններ, դեպքեր ու դրվագներ կհիշեն լուսե տղայից, կվերհիշեն նրա սիրած խոսքը. հերոսները ծնվում են գարնանը՝ ապրիլին…

Ծաղկաթափ գարուն է Հայոց հողում…

 

Տղերքն ավելի բարձրում մնացին

ԼՈՒՅՍ ՏՂԵՐՔԸ՝ ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ...Կրտսեր սերժանտ Վահե Կարապետյանը հրաձգային գումարտակում ռադիոջոկի հրամանատար էր, կապի դասակի հրամանատարի տեղակալ։ Մինչ բանակ զորակոչվելը ուսանում էր ֆրանսիական համալսարանում։ Վահեն հինգ լեզվի էր տիրապետում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ ոսկեղենիկ հայերեն. լեզուների իմացությունը թվարկելիս մայրենին միշտ այդպես էր ներկայացնում:

Նպատակասլաց երիտասարդն անընդհատ պրպտումների, փնտրտուքի մեջ էր, ձգտում էր կատարելության ամեն ասպարեզում: Գույների եւ հնչյունների աշխարհում էր. ինքնուրույն նկարել եւ կիթառ նվագել էր սովորել, նվագում էր ոչ միայն հանրահայտ գործեր, այլ նաեւ իր ստեղծագործությունները:

-Երաժշտությունը, նկարչությունը, ընդհանրապես՝ արվեստը, սրտի, հոգու «լեզուն» են, ինքնաարտահայտման ուրույն միջոց…Արվեստով զբաղվելն ինձ անպատմելի, աննկարագրելի հաճույք է պատճառում, եւ ես փորձում եմ ներդնել իմ ամբողջ երևակայությունը: Բանակից առաջ շատ էի մտահոգվում, որ ծառայավայրում չեմ կարողանա զբաղվել իմ սիրած հոբբիներով, սակայն ազատ ժամերին հասցնում եմ և՛ նկարել, և՛ նվագել։ Իսկ զինվորական ծառայությունը, կարծում եմ, պարտադիր է բոլոր տղաների համար, քանի որ մեր սուրբ պարտքն է հայրենիքի պաշտպանությունը։

Ինքը պաշտպանեց հայրենիքը կյանքի գնով, զինակից ընկերների հետ հերոսաբար կռվել էր Արցախի հարավում: Ցուցաբերած խիզախության համար կրտսեր սերժանտ Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

ԼՈՒՅՍ ՏՂԵՐՔԸ՝ ԼՈՒՅՍԻ ԲԱԺԻՆ...Վահեն զորամասում տարբեր նկարներ էր նկարել, կտավներից մեկը պատերազմական թեմայով է՝ կրակատարափ, պայթյուններից այրվող հող, այրվող շեն ու շինություններ եւ հերոսաբար կռվող զինվորներ…

Հերոս տղաները հազար երազանք ունեին, հազար նպատակ… Կյանքն այդքան սիրող, կյանքով լեցուն տղաները կյանքը տվեցին հայրենիքին:

Որոշել էին՝ բարձունքների են հասնելու, հիմա ամենաբարձրում են…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1383) 31.03.2021 - 6.04.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/04/2021