Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ«Տագնապ» ազդանշանով ՀՕՊ զորամասերը բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Մարտական հաշվարկներն առաջին իսկ հրամանի դեպքում պատրաստ են խոցելու պայմանական թիրախները: Այս կերպ, մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում, ստուգվում է ռազմական տեխնիկայի և անձնակազմի պատրաստականությունը, ամրապնդվում և կատարելագործվում է հաշվարկների ներդաշնակումը:

-Ռազմական տեխնոլոգիաներն անընդհատ կատարելագործվում են, հետևաբար, մենք պետք է անընդհատ ձգտենք դրանց համընթաց շարժվել,- ասում է անձնակազմին հրամաններ արձակող և դրանց կատարման ընթացքին ուշիուշով հետևող դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ռոմա Սարգսյանը:

«հ-300» զենիթահրթիռային համալիրների միջոցով մեր երկրի օդային սահմանը պաշտպանող ստորաբաժանման հրամանատարը վստահեցնում է. ունակ են խոցելու օդային գոտում հայտնված ցանկացած նշանակետ: Սրանք պարզապես խոսքեր չեն. հենց այս ստորաբաժանման զինծառայողներն են արցախյան պատերազմի օրերին խոցել Հայաստանի սահմանն անցած հակառակորդի հետախուզական-հարվածային անօդաչուները:

-Փայլուն դրսևորեցին իրենց, ժամանակային նորմատիվներից էլ ավելի արագ-, ասում է փոխգնդապետն անթաքույց հպարտությամբ: Դիվիզիոնը կատարեց իր առջև դրված մարտական խնդիրը, և մեր անձնակազմին դա է՛լ ավելի պարտավորեցրեց հետագա գործողությունները կատարելիս:

– Հրամանատարական կետերին, կառավարման կետերին, հերթապահ ուժերին՝ պատրաստականություն «համար 1»: Հայտնաբերե՛լ հակառակորդի օդուժը և տեղեկատվությունը սահմանված կարգով հաղորդել հրամանատարական կետ,- կառավարման կետից հրաման է հնչեցնում զորամասի հրամանատար գնդապետ Մարտին Սահակյանը:

…Հանրապետության մեկ այլ բնակավայրում, մարտական պատրաստականության «համար 1» աստիճանի է բերվում նաև ՀՕՊ զորքերի կառավարման, ռադիոտեղորոշիչ տեղեկատվության հավաքման և մշակման գործառույթներն իրականացնող զորամասերից մեկը: Առանցքային դեր ստանձնած, ՀՕՊ զորամասերի և միջոցների «աչքերը» հանդիսացող ստորաբաժանման զինծառայողները օրը 24 ժամ հսկում են օդային սահմանը, պատրաստ են հայտնաբերելու և ստացված տվյալները րոպե առաջ ՀՕՊ միջոցներին փոխանցելու: Այդպես էր պատերազմի օրերին, այդպես է նաև հիմա՝ չհաշված պատերազմական փորձառության արդյունքում տեղ գտած առանձին փոփոխություններն ու շտկումները:

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸԶորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Սահակյանը նշում է.

-Պատերազմի ընթացքում մեր զորամասը խնդրի կատարման առումով գործել է անթերի. ապահովել է ինչպես կայուն ռադիոտեղորոշիչ տեղեկատվության հայթայթումը, այնպես էլ կապի կառավարման համակարգի կայունությունը: Սակայն, պատերազմի դասերը, ինչ խոսք, հաշվի ենք առնում: Նաև աշխատանքի որոշակի նոր ձևերի ու մեթոդների կիրառման անհրաժեշտությանն ենք հանգել:

Զորավարժության պլանով նախատեսված իր գործողությունների իրականացմանն է պատրաստվում նաև զենիթահրթիռային մարտկոցներից մեկը:

Վերջինիս հրամանատար, պատերազմի մասնակից մայոր Ռևիկ Ոսկանյանը նկատում է. թեպետ դեռ չեն բոլորել ստորաբաժանման կազմավորման 10-րդ տարին, այդուհանդերձ, արդեն իսկ իրենց լավագույնս են դրսեւորել թե՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին և թե՛ տավուշյան հուլիսյան մարտական գործողությունների ընթացքում: Ինքն անձամբ 44-օրյա պատերազմի ընթացքում խոցել է հակառակորդի գերժամանակակից «Հարոպ-3» անօդաչուն:

-Քեզ զգում ես աշխարհի տերը, որ քո համեստ լուման ես ներդրել Հայրենիքի պաշտպանության գործում, որ կարողացել ես վնաս հասցնել թշնամուդ և փրկել ընկերներիդ կյանքը:- Շարունակելով խոսքը՝ մայորը հպարտությամբ ներկայացնում է այդ պահին մեր կողքին կանգնած ավագ լեյտենանտ Իշխան Ասլոյանին և սերժանտ Սուրեն Մուրադյանին:

ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՕԴԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ-Երկուսն էլ արցախյան պատերազմի մասնակից են: Ծանր վիրավորումներ ստանալուց հետո անգամ ոչ միայն չեն լքել շարքերը, այլև ապաքինվելուն պես, վերադարձել են՝ ներգրավվելով մարտական հերթապահությանն ու ընթացիկ զորավարժությանը:

-Տղաները պատրաստակամ են հարկ եղած դեպքում նորից մտնելու խրամատ, նորից առաջադրանք կատարելու,- հպարտությամբ ասում է մայորը:

Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Իշխան Ասլոյանը նշում է. երբեք չի մոռանա պատերազմի օրերին իր տեսածն ու ապրածը, տղաների անկոտրում ոգին, հայրենիքն ու մեկը մյուսին անվարան պաշտպանելու անսպառ կորովը:

– Երբ անգամ մի թեթև վիրավոր էինք ունենում, ամբողջ անձնակազմով, առանց ուշադրություն դարձնելու այդ պահին երկնքից թափվող արկերին, շտապում էինք մեր ընկերոջն օգնության: Այդ համախմբվածությունը ինչ ասես արժեր…

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Լուս.՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԵՓՐԻԿՅԱՆԻ

Խորագիր՝ #12 (1383) 31.03.2021 - 6.04.2021, Ազգային բանակ


01/04/2021