Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԸ՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ



ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԸ՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈւկրաինան Թուրքիայից ակնկալում է «Բայրաքթարների» մեծ խմբաքանակ

Ռուսական «Life» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Դոնբասում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում Ուկրաինայի նախագահ Զելենսկին ապրիլի 6-ին մեկնել է շրջագայության Մերձավոր Արևելքի երկրներ՝ սկսելով Կատարից։ Հայտարարվել է, որ ապրիլի 10-ին նա Անկարայում հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ուկրաինան Թուրքիայից ակնկալում է ստանալ այնպիսի օգնություն, որը Անկարան ցույց տվեց Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմում։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը հավաքել էր 500 ԱԹՍ, որոնց թվում՝ 100 միավոր հետախուզահարվածային, ինչպիսին «Բայրաքթարն» է, իսկ 400-ը՝ իսրայելական «Հարփի» տեսակի օդաարգելափակող զինամթերք։ Մարտական գործողությունների ակտիվ փուլում հակամարտության գոտում օդում հայտնվում էր մինչև 100 ԱԹՍ։ Իհարկե, Ուկրաինան այդպիսի քանակ միայն երազում է տեսել, և նրանք հազիվ թե կարողանան պատրաստել այդքան թվով անօդաչու կառավորող մասնագետ, որովհետև Ուկրաինան օդաարգելափակող անօդաչուներով փորձարարական թռիչքներից այն կողմ չգնաց։ Իսկ Ադրբեջանը 2013 թվականից Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անցկացնում, որոնցում ակտիվորեն սովորում էր կիրառել հենց օդաարգելափակող անօդաչուներ։ Ես կարծում եմ, որ Զելենսկուն լավագույն դեպքում կհաջողվի հավաքել 70-100 միավոր ԱԹՍ»,- ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Փորձագետի կարծիքով՝ Թուրքիան Ուկրաինային կարող է մատակարարել մոտ մեկ դյուժին ԱԹՍ և տրամադրել մասնագետներ, իսկ մյուսները Ուկրաինան կարող է ստանալ ուրիշ ճանապարհներով, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, որտեղից օրերս արդեն երկրորդ ռազմատրանսպորտային ինքնաթիռն է ժամանում Կիև։ Սակայն Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կորդեգրի սպասողական դիրքորոշում և կհրաժարվի օգնելուց, եթե իրադարձությունները զարգանան ոչ ի նպաստ Ուկրաինայի։

 

ԱՆՕԴԱՉՈՒՆԵՐԸ՝ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՌուսաստանում մշակվում են անօդաչուների դեմ պայքարի նորագույն միջոցներ

Ճապոնական «Yahoo News Japan» լրատվական կայքը ապրիլի 4-ին գրել է, որ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը կիրառեց ԱԹՍ-ների «պարսի» մարտավարություն և ոչ միայն նշանակալի նյութական վնաս պատճառեց հակառակորդին, այլև հոգեբանական ճնշում կարողացավ գործադրել նրա վրա, ռուսաստանցի զինվորականները հարևան պետությունների հետ բախումներում «դրոն-կամիկաձեների» կիրառման սպառնալիքը համարում են մեծ։ Ուստի ձեռնամուխ են եղել ռազմական ԱԹՍ-ների դեմ պայքարի նորագույն միջոցների մշակմանը։

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Ռուսաստանյան դաշնային միջուկային կենտրոնը մշակում է «Հրթիռ» հակադրոնը, որը օժտված է արհեստական բանականությամբ և ինքնուղղորդվող լազերային համակարգով։ Այդ հրթիռը, ունենալով բավականին մեծ արագություն և տարաշարժունակություն, ինքնուրույն նույնականացնում է հարձակման թիրախը, մոտենում նրան և նրա վրա նետելով հատուկ նյութից պատրաստված ամուր ցանց, չեզոքացնում։

Մեկ այլ ռուսաստանյան արտադրանք է լինելու «Կալաշնիկով» կոնցեռնի «Ռեքս-1» և «Ռեքս-2» էլեկտրամագնիսական հակադրոն զենքը, որը ռադարային տեսակի էլեկտրամագնիսական հզոր ճառագայթով շարքից հանում է բոլոր տեսակի անօդաչուները։ Նախատեսվում է այդ համակարգերը տեղադրել մեծ անցունակությամբ հատուկ մարտական մեքենաների վրա։ Համակարգի խոցելի կողմն այն է, որ կարող է հայտնաբերվել իր իսկ ճառագայթի միջոցով։ Այժմ ռուսաստանցի մասնագետներն աշխատում են նաեւ այդ խնդրի լուծման վրա։

Ա. Յ.

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ռազմաքաղաքական


08/04/2021