Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ԵՐԳԻՉՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ



ՄՈՒՍԱԼԵՌՑԻ ԵՐԳԻՉՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸԱրաքսամերձ Կովսականի հայոց պատմական գավառը, որտեղով անցնում են Ողջին ու Ծավը, որոշ հատվածում՝ Հակարին, ու միանում են Մայր Արաքսին, վաղնջական ժամանակներից եղել է Հայի տուն ու Հայրենիք: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այս գավառի արևելյան, հարթավայրային տարածքը մշտապես ենթարկվել է օտարների հարձակումներին, ուստի, մեր պապերն ամրացել են լեռնային հատվածներում, հիմնել ամրոցներ ու տեր կանգնել իրենց երկրին:

Երբ Արևելյան Հայաստանն անցավ Ռուսաստանի տիրապետության տակ, այս տարածքը մտավ Զանգեզուրի գավառի մեջ: 1920-ական թվականներից սկսած, երբ ստեղծվեց Խորհրդային Ադրբեջանը, Կովսականի մի հատվածը բռնակցվեց այս նորաստեղծ արհեստական հանրապետությանը՝ հետագայում դառնալով Զանգելանի շրջան՝ համանուն վարչական կենտրոնով: Մինչև 20-րդ դարի 70-ական թվականները խորհրդային իշխանությունների թողտվությամբ ու հանձնարարականներով Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ նույնպես հանձնվեցին Ադրբեջանին:

Եղավ Արցախյան ազատամարտը, հաղթեցինք թուրքին, ազատագրեցինք մեր Հայրենիքի այս հատվածը ևս, վերահայացրինք Կովսականի օտարացած հատվածը՝ Կովսական քաղաքով: Թվում էր՝ վերջ՝ մենք դարձանք մեր Հայրենիքի տերը: Կովսականում սկսեց գործել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցը, որի դիմաց տեղադրվեց հերոսի կիսանդրին: Այստեղ էին հասակ առնում հայրենասեր շատ երեխաներ, որոնք տարածքը լցնում էին իրենց խինդ ու ծիծաղով: Բայց… եղավ 2020 թ. պատերազմը, և Կովսականը դարձյալ Ադրբեջանի կազմում է…

26 տարի շարունակ վերահայացած այս տարածքում նաև մշակութային բազում միջոցառումներ են կայացել, և հայ մշակույթի նշանավոր շատ գործիչներ են եղել Կովսականում:

Երկու տարի առաջ այս օրերին, մոտ 10 օր Կովսականում էր ծնունդով այնճարցի օպերային երգիչ Գևորգ Հաճյանը: Երգիչ, որը նաև հայրենիքի զինվոր էր ու հանուն Հայրենիքի զոհվեց Արցախյան վերջին պատերազմում: 2020 թ. հոկտեմբերի 7-ին մամուլում եղավ հաղորդագրություն. «Նախօրեին Արցախի հյուսիսում տեղի ունեցած մարտում զոհվել է նաև օպերային երգիչ, լիբանանահայ Գեւորգ Հաճյանը: Գեւորգն ընտանիքի հետ Հայաստան էր տեղափոխվել 2004 թվականին ու բնակություն հաստատել Պռոշյան գյուղում: 2015 թ. ստացել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:

Երգիչը  մինչ պատերազմը հաճախ էր լինում Արցախում, այցելում զորամասեր, առաջնագիծ ու ոգևորում հայ զինվորին իր ռազմահայրենասիրական երգերով։ 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին էլ նրան կարելի էր տեսնել տարբեր հատվածներում՝ իր հայրենասիրական կատարումներով։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ երգիչն արդեն զենքով էր… Ու հոկտեմբերի 6-ին Անմահ հերոսների զորքին միացավ անզուգական երգիչն ու հայը…

2019 թ. այս օրերին Գևորգը մեր ուղեկցությամբ եղավ Կովսականում: Այստեղ մնաց մոտ 10 օր և համերգներով հանդես եկավ տարածքի բնակավայրերում:

Առաջին օրը երգիչը Կովսականի քաղաքապետարանի հարակից հրապարակում հանդես եկավ համերգով, որին մասնակից դարձրեց նաև տարածքի Միջնավան, Մուշ, Ալաշկերտ և այլ բնակավայրերի երեխաներին: Մինչ համերգի կայացումը զրուցեցի երգչի հետ: Տեղեկացրեց՝ այցը և համերգը նվիրված են Կոմիտասի 150-ամյակին: Մեկ շաբաթից ավելի մնալու է Կովսականում և կաշխատի դպրոցականների հետ՝ նրանց ծանոթացնելով Կոմիտասի ստեղծագործությանը և հինգշաբթի օրը՝ մարտի 28-ին, արդեն համերգով հանդես կգա իր սաների հետ, նրանց կատարումներով: Տեղեկացրեց նաև, որ մի քանի անգամ եղել է Կովսականում, նշեց, որ իր ծննդավայր Այնճարն ու Կովսականը քույր քաղաքներ են. 2018-ի սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանի այցին Կովսական, մասնակցել են դպրոցականների առաջին զանգի արարողությանը: Խոսեց Կոմիտաս-մեծության մասին: Այն մասին, թե հայ ժողովրդի հանճարեղ զավակը ինչպես է կարողացել մաքրել ու անաղարտ պահել հայ երգը: «Հայրենի հողը պահող զինվոր է նաև Կոմիտասն իր երգերով: Կոմիտաս վարդապետը Հայաստանն է, մեր տոկունությունը,- ասաց երգիչը»: Առաջին կատարումը Կոմիտասի վերջին ստեղծագործությունն էր՝ «Աղոթք մանկան շուրթերով» երգ-աղոթքը: Սկզբում Գևորգ  Հաճյանը սովորեցրեց երեխաներին աղոթքը, և հրապարակում տեղադրված խաչքարի մոտ միասնաբար հնչեցրին երգը:

Հաջորդը «Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ, Քո գովական խելքիդ մեռնեմ» երգն էր: Հաճյանը կարևորեց աշխատանքային երգերը, որոնք Կոմիտասը պեղում էր՝ շրջելով հայոց գյուղերում, լսելով ժողովրդից և բյուրեղացնում էր՝ դարձնելով գլուխգործոց: «Հորովել» երգը կատարեց մեծ ոգևորությամբ՝ երեխաներին բացատրելով տողերի իմաստը: «Կռունկը» նույնպես հնչեց բացատրություններով: Հաճյանը հավաստեց, որ մարտի 28-ի համերգին այս երգերն արդեն կկատարեն կովսականցի աշակերտները: Այնուհետև Հաճյանը հնչեցրեց ազգային-հայրենասիրական երգերը, որոնք ուղեկցվում էին  Կովսականի «Թաթուլ» ազգագրական համույթի պարային կատարումներով: Մոտ երկու ժամ տևեց համերգ-դասընթացը, որի մասնակիցն ու հանդիսատեսը եղան երեխաները:

2019 թ. մարտի 28-ին Կովսականի և հարակից բնակավայրերի շատ երեխաներ, ինչպես խոստացել էր երգիչը, կատարեցին Կոմիտասի մշակումները: Ջերմ մթնոլորտում անցած համերգից հետո Գևորգ Հաճյանը հրաժեշտ տվեց կովսականցիներին՝ հավատով, որ նորից են հանդիպելու Կովսականում…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ճակատագրեր


08/04/2021