Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲՌՆԻ՛Ր ՁԵՌՔՍ»



«ԲՌՆԻ՛Ր ՁԵՌՔՍ»-Բոլորին հիշում եմ անուն առ անուն՝ Հայկը, Դավիթը, Գևորգը, Վահեն, Կարենը, Աշոտը, Արմենը, Սարգիսը… Ամեն սրտի կանգի հետ իմ սիրտն էլ էր կանգնում:

Անահիտ Մինասյանը ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը՝ քույրական գործ մասնագիտությամբ: Ներկայումս Կրթության միջազգային ակադեմիայի «Հայբուսակ» համալսարանի 5-րդ կուրսի ուսանող է, ապագա դիմածնոտային վիրաբույժ: Պատերազմի առաջին իսկ օրից սկսել է զբաղվել բժշկական պարագաների, դեղորայքի, սննդի և հագուստի հայթայթման կազմակերպական աշխատանքներով: Սակայն մի քանի օր անց Անահիտը որոշում է, որ ինքն ավելի շատ կարող է օգտակար լինել հիվանդանոցում և մյուս օրը քայլերն ուղղում է քաղաքային հիվանդանոցներից մեկը:  -Վերցրի բժշկական հանդերձանքս ու գնացի Երևանի  «Արմենիա» հանրապետական հիվանդանոց: Նույն օրը դասախոսիս ուղղորդմամբ մտել եմ վիրահատարան: Առաջին վիրավոր զինվորի անունը, որի բուժմանը մասնակցել եմ, Նորայրն էր,- հիշում է Անահիտը:

-Գիտե՞ք, ամենաշատը ի՞նչ էին ասում զինվորները. «Բռնի՛ր ձեռքս…»: Խաչատրյան Դավիթի ձեռքի ուժը երբեք չեմ մոռանա: Ամենաամուրն էր բռնում ձեռքս ու ժպտում: Լեյտենանտ էր, երբ աչքերը բացեց, հարցրեց. «Ո՞նց են զինվորներս…»:

Անահիտը երբեք չի մոռանա հոկտեմբերի 16-ը: Այդ օրն էին հոսպիտալ տեղափոխել Խաչատրյան Հայկին:

-Բոլորին սիրում եմ, բոլորն էլ իմն են: Բայց Հայկի հետ կապը վերաճեց մտերմության… Առաջին օրերին նրա գիտակցությունը տեղն էր: Բայց բարդ վիրավորումը նրան թույլ չէր տալիս շարժել ձեռքերն ու  ոտքերը: Ջուր խմել չէր կարելի… Սակայն Անահիտը հնարը գտել էր. բամբակը անընդհատ թրջում ու հպում էր նրա շուրթերին: Հետո բռնել է Հայկի ձեռքն ու շշնջացել. «Խնդրում եմ, պայքարի՛ր»:

-Մի օր նկատեցի, որ ինչ-որ բան է ուզում հասկացնել ու չի կարողանում: Թղթի վրա գրեցի բոլոր տառերն ու սկսեցի հերթով ցույց տալ: Աչքը թարթելով հասկացնում էր այն տառը, որն ուզում էր իր խոսքը կառուցելու համար: Եվ նա ինձ հասկացրեց, որ ձեռքս դնեմ ճակատին:

Սակայն Հայկի վիրավորումը կյանքի հետ համատեղելի չէր: Նոյեմբերի 11-ին Հայկը փակել է աչքերը…

-Այդ գիշեր տուն էի գնացել: Չգիտեմ, Աստված երևի խնայեց ինձ: Հարազատ մարդ, եղբայր, ընկեր կորցրի,- ասում է Անահիտը:

– Նարեկին Նարեկով չէի դիմում, «Բարի» էի ասում: Երբ տեղափոխվեց հիվանդանոց, ոչինչ չէր հիշում, անգամ իր անունը: Շատ լարված էր, ասացի. «Նարե՛կ ջան, դու լավ ես»: Նայեց ու ասաց. «Ես ինձ չեմ հիշում, ինձ կնկարե՞ս, տեսնեմ»:

Ես էլ հեռախոսով լուսանկարեցի ու ցույց տվեցի, որ տեսնի ինքն իրեն: Օրեցօր Նարեկը լավանում էր: Շուտով տեղափոխվեց հիվանդասենյակ, հիշողությունն աստիճանաբար վերականգնվեց,- ժպտացող աչքերով պատմում է Անահիտը:

Միջանցքներում բոլորը սրտատրոփ նորության էին սպասում: Հիվանդասենյակներից դուրս էլ Անահիտը ականատես էր լինում հուզիչ պատմությունների: Ու ամեն անգամ բաժանմունքի դուռը բացելիս չգիտեր, թե հայացքն ուր թաքցնի:

Շնորհակալական խոսքեր այդ օրերին նա շատ ստացավ, սակայն ամենահիշվողը Սարգիսինն էր:

-Սարգիսը ձեռքի բարդ վիրավորում ուներ և ուժեղ ցավեր: Բաժանմունքում հաճախ էր լսվում նրա ձայնը: Նստեցի կողքը, խոսեցի հետը… Հետո բռնեցի ձեռքը: Համոզվեց,  որ ցավ չկա, դեմքի արտահայտությունը փոխեց ու համբուրեց ձեռքս: Ես իմ նկատմամբ դրանից առավել մեծ շնորհակալության զգացում երբեք չեմ ունեցել: Մի քանի բարդ վիրահատությունից  հետո Սարգիսը կազդուրվեց ու հիմա այս ամենի մասին ժպիտով է հիշում,- այսպես հերթով հիշողության գզրոցից իր փոքրիկ ու հուզիչ պատմություններն է վերհիշում հերոս հայուհին:

Փրկված բազում կյանքերը, անմահացած հերոսների սխրանքն է Անահիտին ուժ  տալիս, որ ապրի, սիրի ու գործի ավելի եռանդով:

-Կյանքս վերաիմաստավորվեց, հասկացա, որ շատ եմ սիրում կյանքը: Ուղղակի ուզում եմ, որ մարդիկ  շատ սիրեն իրար, հոգ տանեն միմյանց մասին: Հիմա, երբ կարոտում եմ ընկերներիս, ակամայից  ձեռքերիս եմ նայում, նրանց ուժը ես միշտ զգում եմ իմ ձեռքերում…

ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի

4-րդ կուրսի ուսանողուհի

Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ազգային բանակ


08/04/2021