ԱՎԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Օրեր առաջ խմբագրություն զանգահարած տղամարդն այսպես ներկայացավ.
-Արցախյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Դավիթ Հովհաննիսյանի հայրն եմ: Որդիս իր երեք զինակից ընկերների հետ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Կարո՞ղ եք «Հայ զինվորում» մի փոքրիկ տեղ հատկացնել նրա համար,- հուզախառն ձայնով հետաքրքրվեց տղամարդը:
-Իհարկե: Առաջիկա համարներից մեկում,- վստահեցրի ես:
Այդուհետ զրուցել եմ Դավիթի հոր, մոր, քրոջ՝ Անիի, հորաքրոջ աղջկա՝ Նելլիի, և զինակից ընկերոջ հետ: Նրանք պատմում էին Դավիթի մասին: Եվ նրանց կարոտով ու սիրով լի խոսքում ամբողջանում էր ավագ լեյտենանտ Դավիթ Արայի Հովհաննիսյանի լուսավոր ու պայծառ կերպարը…
Դավիթը ծնվել է Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում։ Ով գեթ մեկ անգամ եղել է Շատինում, հատկապես ամռանը, հաստատ նկատած կլինի, թե գիշերները որքան աստղազարդ է գյուղի երկինքը: Լեռնային չքնաղ բնություն՝ անկրկնելի պատկերներով: Իսկ ձորակով քայլելիս կամ էլ քարափին կանգնած, կարող ես վայելել լեռներից սրընթաց ու վարար իջնող Եղեգիսի ալիքների քրքիջը:
Դեռ վաղ տարիքից Դավիթը աչքի է ընկել բացառիկ ունակություններով, և ծնողներն իրենց առաջնեկի մեջ ակնհայտորեն տեսել են ապագա մաթեմատիկոսի, ճարտարապետի, բայց բնավ ոչ զինվորականի:
Հայրը՝ Արա Հովհաննիսյանը, նրա զինվորական դառնալուն դեմ է եղել: Մտքով չի էլ անցել, որ մի օր տղան նման որոշում կկայացնի:Հետո հասկացել է. որդին որոշումը կայացրել է, և այն անբեկանելի է:
♦♦♦
«Դավիթի հետ ենք մեծացել: Մարդկային բարձր նկարագրի տեր տղա էր եղբայրս՝ օժտված մտավոր կարողություններով։ Դավիթին վերջին անգամ հանդիպեցի պատերազմից մեկ շաբաթ առաջ: Հավաքվել էինք մանկության ընկերներով: Գնացինք մեր գյուղի վանք: Շատ երջանիկ էինք այդ օրը: Դա իմ կյանքի ամենաուրախ, անմոռանալի օրերից մեկն էր»,- հիշում է հորաքրոջ աղջիկը՝ Նելլին:
♦♦♦
«Մենք նրա մեջ առանձնահատուկ հայրենասիրություն չենք սերմանել: Նա ծնվել էր այդպիսին: Դավիթիս զոհվելուց հետո մենք գտանք նրա հուշատետրը, որտեղ նա հայրենասիրության, պատերազմի վերաբերյալ նյութեր ու մտքեր էր հավաքել: Դպրոցում գերազանց էր սովորում: Հատկապես սիրում էր մաթեմատիկա և արդեն խորացել էր դրա գաղտնիքների աշխարհում: Հրաշալի ձայն ուներ, և դպրոցի միջոցառումները մշտապես ուղեկցվում էին նրա ռազմահայրենասիրական երգերի սրտաբուխ կատարումներով: Բնավորությամբ շատ շփվող էր: Որտեղ էլ լիներ՝ հարազատների, թե ընկերական շրջապատում, ջերմ շունչ էր հաղորդում»,- պատմում է հերոսի հայրը՝ Արա Հովհաննիսյանը:
♦♦♦
«Մենք էլ չհասկացանք, թե ինչպես զինվորական գործի նկատմամբ սերը մտավ նրա մեջ: Մի օր, երբ դեռ դպրոց էլ չէր գնում, ասաց. «Մա՛մ, պապային ասա՝ ինձ զինվորականի համազգեստ առնի»: Համազգեստը հագնում, նկարվում էր ու անընդհատ կրկնում. «Երբ մեծանամ, զինվորական եմ դառնալու»: Այդպես էլ եղավ…
Մի անգամ կիսվեց հետս. «Մա՛մ, աշնանը կամուսնանամ, լավ քեֆ կանենք: Կտեսնես՝ տղեդ ինչեր է անելու: Հզոր զինվորական եմ դառնալու ու ամեն ինչ անեմ, որ ո՛չ Հայրենիքս և ո՛չ էլ դուք չամաչեք ինձ համար»: Կիսատ մնացին որդուս երազանքները»,- հոնգուր-հոնգուր արտասվելով պատմում է մայրը՝ տիկին Կարինեն:
♦♦♦
«Դավիթը ազնիվ, արդար, պարտաճանաչ, համեստ, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար մարդ էր:Նաև պատասխանատվության մեծ զգացումով օժտված կարգապահ սպա էր: Հենց այնպես չեմ ասում. նա իսկապես այդպիսին էր»,- ընկերոջն է ներկայացնում կապիտան Հարություն Համբարձումյանը, որի հետ Դավիթը մարտնչել է Ջրականի մատույցներում:
♦♦♦
«Մի անբաժան ընկեր հեծանիվ ուներ. ուր էլ գնայինք՝ հետն էր: Այդ հեծանիվը մինչև հիմա, որպես սուրբ մասունք, պահում ենք…
Զարմանալի ներդաշնակություն կար իմ ու Դավիթի միջև: Գեղեցիկ ծրագրեր ունեինք, որոնք, ցավոք սրտի, մնացին անկատար…
Նրա շնորհիվ ես բացահայտում էի աշխարհը։ Երեկոները անհոգ խաղում էինք, վազվզում, առանց իմանալու, թե որտեղ պետք է կանգ առնել… Նրա յուրաքանչյուր խոսքն ինձ համար օրենք էր՝ ենթակա անվերապահ կատարման: Այսօր շատ եմ զգում եղբորս կարիքը: Նա ինձ միշտ ուրախություն ու բերկրանք է պարգևել»,- հիշում է քույրը՝ Անին:
«Տղաս խոստացել էր մեզ նուռ բերել: Մի անգամ Ջրականից զանգահարեց, թե՝ պա՛պ, էստեղ էնքան շատ համեղ ու կարմրահյութ նուռ կա, որ տուն գամ, ձեզ նուռ կբերեմ: Ո՛չ եկավ, ո՛չ էլ…»։
Երբ նյութը պատրաստ էր տպագրության, խմբագրություն զանգահարեց Դավիթի հայրը և ուրախ ձայնով ավետեց.
-Այսօր աղջիկս՝ Անին մայրացավ. նրա օջախում տղա ծնվեց, որին հերոս քեռու պատվին Դավիթ են կոչել:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #13 (1384) 7.04.2021 - 13.04.2021, Ճակատագրեր, Նորություններ, Ուշադրության կենտրոնում