Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԱՊԵՍ` Ի՞ՆՉ ՈՒՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԸ



Գաղտնիք չէ, որ 1994թ. ի վեր Ադրբեջանը սպառազինվում է մեծ տեմպերով: Փորձենք հասկանալ, թե իրականում ինչքա՞ն գումար է ծախսել մեր թշնամին և ի՞նչ է ձեռք բերել: Մինչև 2004-2005թթ. Ադրբեջանը սպառազինությունների ձեռքբերման համար տարեկան ծախսում էր մինչև 300 մլն դոլար: Հաշվարկը կատարվել է տվյալ թվականների տարեկան ռազմական բյուջեի և զենքերի ձեռքբերման ծավալների զուգորդմամբ: Այսինքն` հրադադարի հաստատումից մինչև նշված ժամանակահատվածը ծախսվել է մոտ 3 մլրդ դոլար: 2005-2006թթ. սկսած` այս ոլորտում ամեն տարի ծախսվում կամ ցուցադրվում է մոտ 1 մլրդ դոլար, թվերը, ի դեպ, գնալով ավելանում են: Այսինքն` նախորդ 3 մլրդ-ին հարկավոր է ավելացնել մոտավորապես 5-7 մլրդ դոլար: Ընդամենը ստացվում է մոտ 10 մլրդ դոլար` 1994-2011թթ. տարիների ընթացքում: Նշենք, որ սա նվազագույնն է, որի մեջ չեն մտնում ռազմաարդյունաբերական համալիրի համար ծախսված գումարները:

Իհարկե, սպառազինության որոշ տեսակներ, հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի արտադրության, ձեռք են բերվում հայտարարվածից տարբերվող գնով, ուստի շատ դժվար է գտնել իրական ծախսերի չափը, սակայն մենք կառաջնորդվենք միջազգային գներով: Մինչ օրս Ադրբեջանը հիմնականում ՌԴ-ից, Ուկրաինայից և Բելառուսից ձեռք է բերել մոտ 220 «Ձ-72» հրասայլ, որոնց գինը միջազգային շուկայում կազմում է 1-2 մլն դոլար: Եթե անգամ հնարավոր է գնել ավելի էժան, միևնույն է` նորմալ վիճակի բերելուն կամ կատարելագործմանն ուղղված ծախսերի, որոնք այսօր գրեթե անխուսափելի են, հաշվառմամբ մոտավորապես կազմում է վերը նշված արժեքը: Փաստորեն Ադրբեջանը տանկեր ձեռք բերելու համար ծախսել է 220-400 մլն դոլար:

Ի՞նչ ունի ներկայում Ադրբեջանը` ծախսելով 10 կամ ավելի մլրդ դոլար: Մենք հիմնականում կներկայացնենք հարձակողական մեծ սպառազինությունները` հրետանի, զրահամեքենաներ: Ըստ հրապարակված տվյալների` ներկայումս ադրբեջանական բանակում այսօր կա 400-600 «Ձ-72» և ավելի հին «Ձ-55» հրասայլ, 700-1000 մարտական մեքենա, մոտ 150 մարտական և ուսումնամարտական թռչող սարք, 600-800 սովորական հրետանային միջոց` առանց ականանետերի:

Զրահատեխնիկայի ո՛չ քանակը, ո՛չ առավել ևս որակը ոչ մի առավելություն չունի հայկականի նկատմամբ: ՌՕՈւ-երը, որոնք որոշ փորձագետների գնահատմամբ ահեղ են, իրականում զինված են հնացած տեխնիկայով, չունեն ժամանակակից հարվածային և ղեկավարման միջոցներ և ընդհանրապես քիչ արդյունավետ են լեռնային պայմաններում կիրառելու համար:

Բոլոր նշված զենքերից հիմնականում ուշադրության են արժանի մարտավարական հրթիռային «ՁՏփՍՈ-ց» (9Խ79-1) համալիրները, «հՎպՐփ» (9Խ58) և «Lynx» ՀԿՌՀ-ները: Դրանցից առաջինը և վերջինը համարվում են գերճշգրիտ սպառազինություն, թեպետ, ըստ հրապարակված տվյալների, դրանց քանակը խիստ սահմանափակ է. մինչև 8-10 հրթիռ` «ՁՏփՍՈ-ց» (9Խ79-1)-ի համար և մոտ նույնքան էլ հրթիռ` «Lynx»-ի մեծ տրամաչափի համար: Իսրայելական այս համակարգի ոչ բոլոր հրթիռներն են գերճշգրիտ, իսկ ռուսական «հՎպՐփ» (9Խ58)-ն ինչքան էլ ներկայացվում է որպես հզոր հարձակողական միջոց, այնուամենայնիվ Ադրբեջանում դեռ գերճշգրիտ չէ:

Իսրայելական «Lynx» ՀԿՌՀ-ի և դրանց հզոր «EXTRA» հրթիռի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Ղազախստանում («Նայզա» անվանումը ստացած) համանման ՀԿՌՀ դիվիզիոնը 300մմ հրթիռներով հանդերձ գնելու կապակցությամբ մեծ դժգոհություն է առաջացել: Ձերբակալվել են այդ երկրի պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ: Պարզվել է, որ իսրայելական «Israel Military industries Soltam Systems LTD» ընկերությունների արտադրած հիշյալ ՀԿՌՀ-ները և հրետանային համակարգերը փորձարկման ժամանակ դրսևորել են էական կառուցվածքային և տեխնոլոգիական թերություններ և թերմշակվածություն: Սեպտեմբերի 21-ի հայկական ԶՈՒ զորահանդեսից հետո պարզ դարձավ, որ հարձակողական ընդհանուր ներուժով ադրբեջանական բանակը ոչ միայն ոչ մի առավելություն չի ստացել, այլ նաև զիջում է հայկական կողմին:

Փաստորեն, նավթադոլարները առնվազն 15 տարում ոչինչ չեն տվել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ներկայիս սպառազինության գերակշիռ մասը հնացած է տեխնիկապես և կամ բարոյապես: Ավելի քան 10 մլրդ դոլար ծախսելուց հետո նրանք ձեռք են բերել մեծաքանակ սպառազինություն, որի կյանքի տևողությունն առավելագույնը 20-25 տարի է, երբեմն` ավելի քիչ: Այսինքն` այդ ավելի քան 10 մլրդ դոլարով ձեռք է բերվել հիմնականում անցյալ պատերազմների զենք, որը կարճ ժամանակ անց կարող է խոտան դառնալ:

Ադրբեջանում ասում են, թե այսուհետ ձեռք են բերելու թանկարժեք, նորագույն և հիմնականում գերճշգրիտ սպառազինություն: Ավելին` զուգահեռ նաև արտադրելու են այդպիսիք: Որպես օրինակ նշվում են հենց վերջին մի քանի գնումները Իսրայելից, կնքված պայմանագրերը ուկրաինական հրթիռների արտադրության ոլորտում և այլն: Փորձենք հասկանալ նաև այս իրադրությունը:

Գերճշգրիտ զենքերը հիմնականում ավիառումբերն են, տարատեսակ հրթիռները և հրետանային այն միջոցները, որոնց` նշանակետից շեղվելու հավանականությունը շատ փոքր է, իսկ շեղվելու չափը` մի քանի սանտիմետրից մինչև 1-2 մետր: Սակայն, բնականաբար, գերճշգրիտ զենքը պետք է ունենա նաև իր անսխալ կրողը և կիրառողը` բարձրակարգ տեխնիկական միջոցը և հմուտ մարտիկը: Ներկայում ադրբեջանական ՌՕՈւ-երում չկա մեկ նման սարք, որը կարող է կիրառել բարձրակարգ գերճշգրիտ հարվածային միջոց, ավելին` դրանցից ոչ մեկը տեխնիկական և այլ պատճառներով գրեթե հնարավոր չէ կատարելագործել այդ գործը գլուխ բերելու համար: Ադրբեջանական ՌՕՈւ-երի թռչող սարքերից գերճշգրիտ հարձակողական միջոցներ կիրառելու ընդունակ են միայն հարավաֆրիկյան «ԾՌ-24G» և ռուսական նոր «ԾՌ-35Ծ» ուղղաթիռները: Դրանց քանակը մեծ չէ, կիրառած գերճշգրիտ զենքերը հիմնականում հակատանկային հրթիռներն են, որոնք մարտավարական օղակի ամենացածր ներկայացուցիչներն են: Եվ անգամ դրանց հաջող կիրառությունը մեծապես պայմանավորված է մասնագիտական, տեխնիկական, աշխարհագրական և այլ հանգամանքներով: Այսինքն` ադրբեջանական ՌՕՈւ չունի գերճշգրիտ հարձակողական զենք: Հրետանին հիմնականում ներկայացված է խորհրդային հին նմուշներով, որոնք ոչ միայն նման արկեր կիրառել չեն կարող, այլև ենթակա չեն կատարելագործման:

Եթե ադրբեջանական բանակն իրականում ունենա գերճշգրիտ հարձակողական միջոցների համապատասխան տեսականի և քանակ, պետք է ձեռք բերի բոլորովին նոր թռչող սարքերի և հրետանային միջոցների մեծ քանակ, իսկ 10 մլրդ դոլարով գնածները, որպես խոտան, դեն նետի: Օրինակ` 50 միավոր հրետանային նման միջոցի ձեռքբերման համար նվազագույնը հարկավոր է 100-150 մլն դոլար, այն էլ առանց համապատասխան արկերի: Մեկ գերճշգրիտ արկն արժի 50 000-100 000 դոլար: Ինչքան էլ ադրբեջանական հանքերը նավթադոլարներ են բերում, չենք կարծում, որ նրանք պատրաստ են 600 նոր հրանոթ գնել` վճարելով 1,5-3 մլրդ դոլար, դրանց համար գոնե 1 միլիարդի էլ արկեր են պետք, չհաշված լրացուցիչ` սպասարկման և այլ ծախսերը, որոնք սովորաբար կազմում են ընդհանուր ծախսերի մոտ 30%-ը: Բայց չէ՞ որ դրանից բացի պետք է նաև այդ ամենը կիրառող մասնագետներ պատրաստել, ինչը գրեթե անհնար է` ոչ միայն ֆինանսական պատճառներով: Մենք նշեցինք սոսկ հրետանու մասին, սակայն միայն հրետանին չի կարող ապահովել գերճշգրիտ սպառազինությամբ ապահովելու խնդրի լուծումը: Իսկ օդուժը այդ մակարդակի բերելու համար չի բավարարի նույնիսկ 30-40 մլրդ դոլարը, ժամանակի մասին խոսելն անգամ ավելորդ է:

Այն, որ Ադրբեջանն իրականում մտադրություն չունի գերճշգրիտ սպառազինություն ձեռք բերելու, ակնառու է թուրքական 107 և 122 մմ-ոց հրթիռների արտադրություն հիմնելուց և Չինաստանից մարտավարական հրթիռներ գնելու ցանկությունից:

Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը կատարելագործի իր սպառազինությունը, ինչի համար, սակայն, կպահանջվեն ոչ մեկ տասնամյակ և ոչ մեկ տասնյակ միլիարդավոր դոլարներ: Ուստի ադրբեջանական վերնախավը ստիպված է ընտրություն կատարել` կամ շարունակել սպառազինությունների մրցավազքը` գնելով, յուրացնելով և արտադրելով հնարավորինս շատ` հետևաբար արդեն հնացած զենքեր, կամ էլ, ծախսելով միանգամից մի քանի տասնյակ միլիարդ դոլար, հիմնովին փոխել և ձեռք բերել նորը` գերժամանակակիցը: Առաջինը հին մարտավարություն է, իսկ նոր քայլեր ձեռնարկելու դեպքում հարկ կլինի նաև ավելի քան մեկ տասնամյակ իրականացված ծրագրի ղեկավարներին գնդակահարել` պետական միջոցներն անհիմն վատնելու մեղադրանքով: Դեռ թարմ են գեներալ Ռզաևի սպանության տպավորությունները: Առայժմ բոլոր քայլերը խոսում են առաջին տարբերակի օգտին, որը քաղաքական և տնտեսական շահարկումների առումով էլ է հարմար: Իսկ երկրորդ տարբերակի իրականացման ճանապարհին ստորջրյա շատ խութեր կան…

Իհարկե, նույնիսկ հնամաշ զենքերի անկասելի հոսքը մեծ լարվածություն է առաջացնում տարածաշրջանում, և դա պետք է մտահոգի ոչ միայն Հայաստանին: Ադրբեջանը զենքեր է գնում ոչ թե հաղթական պատերազմի, այլ հենց տարածաշրջանում անկայունություն հրահրելու և դրանով իսկ ներքին և արտաքին քաղաքականության ինչ-ինչ հարցեր լուծելու համար:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


30/11/2011