ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ
ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
Մարդասպանությունը ծանրագույն ոճրագործություն է։ Ոչ ոք իրավունք չունի սպանել Աստծո պատկերով եւ նմանությամբ արարված մարդուն։ Դժբախտաբար, մարդիկ խախտում են այս պատվիրանը. եւ դա կատարվում է երեք ձեւով՝ մտքով, խոսքով եւ գործով։ Նախ՝ մտքով ենք խախտում, երբ նախանձում, բարկանում, ատում, ոխ ենք պահում. նաեւ՝ երբ համառորեն մեր մեջ չենք ընդունում ճշմարտությունը, ամբողջությամբ չենք զղջում եւ ցավում մեր մեղքերի համար եւ հուսահատված՝ մտադրվում ենք ինքնասպան լինել, որն ավելի ծանր եւ աններելի մեղք է, քան մարդասպանությունը, որովհետեւ նախ՝ մեր կյանքը Աստված է տվել, եւ միայն Նա կարող է վերցնել. «Ես եմ սպանում եւ Ես եմ փրկում» [ԲՕր. ԼԲ39], եւ երկրորդ՝ որեւէ մարդասպան դեռ հնարավորություն ունի ապաշխարելու եւ իր մեղքը քավելու՝ թեկուզ իր արյամբ, սակայն ինքնասպանը չունի այդ հնարավորությունը։ Այս մահացու մեղքի տակ են ընկնում նաեւ նրանք, ովքեր իրենց առողջությունը մսխում են ծուլությամբ, որկրամոլությամբ, արբեցողությամբ կամ թմրադեղերի օգտագործմամբ ու հեշտասիրությամբ, ինչպես նաեւ նրանք, ովքեր չեն պաշտպանվում հիվանդություններից, հիվանդանալիս չեն դիմում բժիշկների կամ էլ բժշկական օգնության համար դիմում են անգետ, չարադավան միջոցներով բուժողների։
Երկրորդ՝ սպանությունը լինում է նաեւ խոսքով, որ պատճառ է դառնում հոգեւոր եւ մարմնական մահվան։ Սպանություն ենք գործում, երբ չարախոսում ենք, բամբասում, դավաճանում, անիծում, հայհոյում, կոպտում եւ նմանատիպ այլ բաներ անում՝ վնաս հասցնելով մարդկանց կյանքին եւ առողջությանը։Մարդասպանության մասնակից ենք լինում, երբ խոսքերով՝ չար ուսմունքով ու կեղծ քարոզչությամբ, սադրանքով ու հրահրելով, չարանենգ հովանավորչությամբ պատճառ ենք դառնում հավատափոխության եւ դավանափոխության, աղանդների, հակաքրիստոնեական ու չարադավան ուսմունքների, հակաեկեղեցական, հակապետական, ապազգային եւ հակամարդկային զանազան հանցագործությունների ծագման եւ առաջխաղացման։
Երրորդ՝ սպանությունը լինում է գործով. երբ վերը նշված այս մեղքերն ու հանցանքները մահաբեր գործի ենք վերածում։ Գործով սպանություն ենք գործում, երբ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ենք ունենում սպանությանը, նպաստում ենք մահվան դատապարտելու մարդկանց. երբ մեղավորներին կամ ենթականերին պատժում ենք ավելորդ ատելությամբ եւ դաժանությամբ. երբ ճնշում, կեղեքում, զրկում եւ տարբեր միջոցներով մահվան դուռն ենք հասցնում աղքատներին, անօգնականներին, տնանկներին, այրիներին եւ որբերին։
Սպանության մեղք են գործում այն կանայք, ովքեր երեխա չունենալու կամ իրենց մարմնական մեղքը թաքցնելու համար տարբեր հնարքներով վիժեցնում են իրենց մեջ սաղմնավորված պտուղը։ Այս մեղքի համար ոչ պակաս պատասխանատվություն են կրում այս կանանց ամուսինները, եթե դա կատարվել է իրենց համաձայնությամբ կամ թելադրանքով, ինչպես նաեւ այս ամենին նպաստող բժիշկները եւ խորհրդատուները։ Աստվածային այս պատվիրանն արգելում է կյանքի եւ մեր մերձավորների բարեկեցության դեմ որեւէ ոտնձգություն. փոխարենը՝ հորդորում է մեզ, որ բարիք գործենք մարդկանց համար, օգնենք աղքատներին, թեթեւացնենք դժբախտների եւ թշվառների ծանր վիճակը, բոլորի նկատմամբ լինենք ողորմած, բարեսիրտ, քաղաքավարի եւ բարյացակամ, հարթենք վեճերն ու վերջ տանք թշնամություններին, հաշտվենք միմյանց հետ, համբերությամբ տանենք վիրավորանքները եւ ներենք բոլորին։
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Հոգևոր-մշակութային