Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՌԱՆ ՈՒ ԱՇՆԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ



Պատմում է դասակի հրամանատար Գեւորգ Սեդրակյանը

Ամռան վերջին օրերն էին։ Չէր զգացվում աշնան շունչը, սակայն արդեն սարալանջին, ձորերում ու ժայռերի վրա թփեր ու ծառատեսակներ էին նկատելի, որոնց աշնան անտեսանելի ձեռքը դեղին ու նարնջագույն զգեստներ էր հագցրել։ Աշնան շունչը չկար, բայց «նկարիչը» ասում էր, որ շուտով գալու է… Ով եղել է Մռավի գեղատեսիլ այդ հատվածում, պատերազմից հետո մեր դիրքերում, նա արդեն կպատկերացնի այդ տարածքի բնության գեղեցկությունն ու հմայքը։ Դա ես եմ ասում, որ ծնվել եմ Խոսրովի արգելոցի փեշերից մեկին կպած մի փոքրիկ գյուղում, իսկ ի՞նչ կասի եւ ի՞նչ ապրումներ կունենա նա, ով ծնվել է գերության մեջ մնացած Շահումյանի բնակավայրերում, իր մանկությունն ու պատանեկությունն այնտեղ անցկացրել, տուն-տեղ դրել, ծնել-մեծացրել երեխաներ։ Անկեղծ ասած` ծննդավայրի կարոտն արդեն զգացել էի, սակայն ամբողջ հոգով չէի զգում, չէի պատկերացնում, թե ի վերջո, ինչ է ծննդավայրը մարդ արարածի համար։ Մի խոսքով, այդ օրը ես շատ բան հասկացա ու ավելի սիրեցի ու կարոտեցի իմ փոքրիկ ծննդավայրը։

…Մեր դիմացը Գյուլիստան հայտնի բնակավայրն էր։ Դարավոր ընկուզենիները, ծառերը իրենց շվաքում պատսպարել էին ամայի բնակավայրն` իր տներով ու շինություններով։ Ադրբեջանցիները մի դիտակետ ունեին գյուղում։ Զինվորները խմբերով գալիս անցնում, գնում-գալիս էին գյուղով, իսկ գյուղի ավերակ տները կուրացած աչքերով ճանապարհում եւ անտարբեր էին այդ անցուդարձին։ Նրանք իրենց կույր աչքերով ավելի հեռուն էին ինչ-որ բան փնտրում…

Օրը կիսվել էր, երբ հրամանատարի հետ մեր դիրքեր մի կին ու մի տղամարդ եկան։ Հրամանատարը ծանոթացրեց. ամուսիններ էին՝ ծնունդով Գյուլիստանից։ Համարյա նույն տարիքի էին՝ 60-ին մոտ։ Գետնատնակում երկար չմնացին։ Զինվորների համար բերած սնունդը թողեցին ու շտապեցին առաջին գիծ։

-Գյուլիստանից են, գյուղը կորցնելուց հետո ապրում են Մոսկվայում։ Եկել են ծննդավայրից իրենց կարոտն առնելու,- դիրք բարձրանալիս ինձ կամաց ասաց հրամանատարը։

Հետո լուռ սկսեցինք բարձրանալ արահետով։ Լուռ, սակայն հեւասպառ, արագ քայլերով պահ առաջ իրենց ծննդավայրն էին ուզում տեսնել արդեն ճերմակած մազերով ամուսինները։ Դիրքերից պարզ տեսանելի էր գյուղը։ Թվում էր` ձեռքդ մեկնես՝ կհասնի։

-Տե՛ս, տե՛ս, Գեւորգ, մեր տունը երեւաց,- ձեռքը մեկնելով իրենց տան ուղղությամբ` ճչաց կինը։

Գեւորգը նայեց կնոջ ձեռքի ուղղությամբ ու սկսեց ինչ-որ բան փնտրել։

-Անուշ, մեր տունը չի երեւում, մեր ընկույզի ծառը առել է իր շվաքի տակ,- կնոջը դիմեց Գեւորգը։

-Ճիշտ որ, այ հրեն, էն ծառի տակն է,- ասաց կինը։

Հետո մի պահ լռեցին։ Դա պահ չէր, այլ հավերժություն։ Կնոջ աչքերից արցունքի կաթիլներ էին թափվում։ Ամուսինը դա չնկատելու էր տալիս, որովհետեւ երկուսի հայացքներն էլ իրենց տներից գնացել-քարացել էին գյուղի կողքի բարձունքին։ Գյուղի հանգստարանն էր` գերեզմանոցը։ Նրանք հայացքով տապանաքարերն էին փնտրում, որոնցից շատերը շուռ էին եկել, շատերը ջարդուփշուր եղել։

-Եկեղեցին կանգուն է, երեւի չեն կարողացել քանդել,- ասաց կինը։

-Հիշո՞ւմ ես` կողքին աղբյուր կար, մեր առաջին ժամադրությունն այնտեղ եղավ։

-Հա, ոնց չեմ հիշում, հետո գաղտնի եկեղեցի մտանք, մոմ վառեցինք։ Ախր, մեր եկեղեցիներն էլ մեր ժողովրդի նման տառապած են, էն ժամանակ պահեստ էր, հիմա գերի ու ավերակ,- թաշկինակով իր առատ արցունքներն էր սրբում կինը։

-Գյուղ մտնող նշանավոր մարդկանց կամ խոպանից, բանակից վերադարձողներին գյուղի այ էն առաջին բլրակին դիմավորում ու երեխաներով շրջապատված` ուղեկցում էինք գյուղ։ Տղաներից մի քանիսը վազում էին աչքալուսանքի։

-Դու որ բանակից եկար, ես ամաչեցի, ճամփի կեսին մնացի ու էն կեռմանի հաստաբուն ընկուզենու հետեւից գաղտնի քեզ էի նայում,- նորից կինն էր՝ Անուշը։

Նրանք նայում էին ու նայում։ Չէին հագենում։ Հուզմունքից, արցունքից աչքերը շաղվել էին, ու երեւի պատկերներն էլ պարզ ու հստակ չէին երեւում։ Հոգնել էին, որովհետեւ այդպես նայել ու չշոշափել, ձեռք չտալը՝ է՛լ ավելի էր բորբոքել կարոտը։

-Ախր, էդ սեւ օրը դուք պիտի դիրքերից իջնեիք, մամայի քառասունքն էր, պիտի գերեզմանոց գնայինք։

-Մինչեւ եկանք, դուք արդեն անտառ էիք փախել, հազիվ հասցրի գոմի դուռը բացեմ, որ ցուլը դուրս գա։

-Ցուլիկը պիտի մամայի քառասունքին մորթեինք։ Քարն էլ չհասցրինք դնել, հիմա երեւի գերեզմանի տեղն էլ չի երեւա։

Օրը թեքվել էր դեպի մայրամուտ, սակայն տարեց, ճերմակահեր ամուսիններին շրջապատած զինվորների համար դա աննկատ էր։ Նրանք հայացքները ուղղում էին ամուսինների ձեռքերի ուղղությամբ՝ տուն, եկեղեցի, հանգստարան, աղբյուր… Օրվա մեջ այդ ամենը բազմիցս տեսած` ասես նոր, առաջին անգամ էինք տեսնում։ Ճերմակահեր ամուսիններին մենք ինչ-որ կերպ փորձում էինք մխիթարել, սակայն չգիտեինք, թե ոնց։

-Մյուս գալուց անպայման թոռներիս կբերեմ,- ասաց Գեւորգը։

-Հա՛, հա՛, անպայման կբերենք,- աչքերն էր սրբում Անուշ մայրիկը,- անպայման կգանք, հերթով, մեկ-մեկ զինվորներին համբուրելով ասում էր Անուշ մայրիկը,- իմ բալեք, իմ տղերք, իմ թոռներ, իմ հերոս տղաներ…

Հետո զինվորներից Հայկը առաջ եկավ ու սրտի ամբողջ ցանկությամբ ու զինվորի վճռականությամբ ասաց.

-Մի՛ տխրեք, հետ ենք վերցնելու, հավատացնում ենք, Անուշ մայրիկ, լաց մի լինի։ Միասին այցի ենք գնալու ձեր ծննդավայր…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Հոգևոր-մշակութային


30/11/2011