ZEUS
Հին հունական դիցաբանության աստված Զևսին անվանում էին նաև շանթահար, քանի որ նա կարողանում էր ոչնչացնել իր հակառակորդներին կայծակի հարվածներով: Հավանաբար այդ նկատառումով է, որ ամերիկյան լազերային համակարգը` նախատեսված պայթուցիկ սարքերի և զինամթերքի ոչնչացման համար, անվանել են ZEUS: Լազերի օգնությամբ այն կարողանում է վերացնել պայթուցիկ սարքեր, ականներ, ինչպես նաև չպայթած զինամթերք:
Համակարգը աչքի է ընկնում իր կոմպակտ չափերով: Այն տեղադրվում է մեքենայի վրա: Գործողությունների առավել հեռահարությունը կազմում է 300 մ: Պայթուցիկ սարքի վնասազերծման համար օպերատորը, համակարգը ուղղորդելով համապատասխան ուղղությամբ և լազերային շողի օգնությամբ բարձրացնելով պայթուցիկ սարքի ջերմաստիճանը ընդհուպ մինչ վերջինիս բռնկումը, ոչնչացնում է այն: Ի տարբերություն այլ ականազերծող սարքերի` ZEUS-ը աշխատում է առանց վնասների, պետք չէ կտրել մետաղալարեր և վտանգել կյանքը: Սարքի հիմնական պահանջը ուղիղ տեսանելիությունն է, որպեսզի լազերային շողը կարողանա հասնել նպատակակետին: Մարտկոցի կարողությունը բավականացնում է օրական մինչև 2000 կրակ արձակման: Թիրախի ոչնչացման համար պահանջվում է ընդամենը 30 վայրկյան, իսկ միևնույն ժամանակ ականազերծող մարտական հաշվարկը ապահով գտնվում է մեքենայում:
ZEUS նախագծի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս 1996թ, իսկ 2003-ին համակարգի առաջին օրինակները կիրարկվեցին Աֆղանստանում տեղի ունեցող մարտական գործողությունների ժամանակ: 6 ամիսների ընթացքում շուրջ 200 պայթուցիկ սարք վերացվեց ZEUS համակարգի շնորհիվ: 2005-ին այն պայթուցիկ սարքեր էր վերացնում Իրաքում: Այսօր արդեն ZEUS-ը ընդունակ է ոչնչացնել 24 պայթուցիկ սարք 1 ժամվա ընթացքում:
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ռազմական