ՀԱԿՎԱ՞Ծ ԵՔ ԱՐԴՅՈՔ «ԱՓԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար եւ նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչողությանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ կամ, առավել եւս, ուրիշի փոխարեն, քանի որ նման դեպքերում ճիշտ արդյունք չի ստացվի:
2. Հիշեք, որ թեստի արդյունքները չեն կարող մեկնաբանվել միանշանակորեն:
Թեստը մշակվել է Բայկալյան հոգեվերլուծական ասոցիացիայի ակադեմիկոս, Պետրովսկու գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ.Վ.Բոյկոյի կողմից: Որպես անկառավարելի հուզական գրգռվածություն դրսեւորելու հակվածությունը որոշելու հուսալի եւ վալիդ մեթոդիկա` թեստը բազմակողմանիորեն ստուգվել եւ հիմնավորվել է վերոհիշյալ գիտական հաստատության կողմից եւ ընդգրկված է Վ. Բոյկոյի հեղինակած «Հույզերի էներգիան շփման մեջ» գրքում:
Եթե համաձայն եք ստորեւ բերված պնդումներին, պատասխանեք` «այո», հակառակ դեպքում` «ոչ».
1. Հաճախ Ձեր կարծիքն արտահայտում եք անկեղծորեն` առանձնապես չմտածելով բառերի ու արտահայտությունների ընտրության մասին:
2. Շուտ եք բարկանում եւ տրվում զայրույթին:
3. Կարող եք հարվածել նրան, ով Ձեզ կվիրավորի:
4. Ալկոհոլի անգամ փոքր քանակ օգտագործելուց հետո դառնում եք անկառավարելի:
5. Կարող եք կտրուկ եւ կոպիտ արտահայտվել, երբ դիպչեն Ձեր ինքնասիրությանը:
6. Մանկության տարիներին, երբ ծնողներից վիրավորվել եք, փախել եք տնից:
7. Վիրավորվում եք չնչին բաներից:
8. Կարեւոր հանդիպումից, իրադարձությունից առաջ անհանգստանում եք եւ նյարդայնանում:
9. Հույզերի ազդեցության տակ կարող եք ասել այնպիսի բաներ, որոնց համար հետո կզղջաք:
10. Խիստ զայրացած վիճակում վատ եք կառավարում Ձեր գործողությունները (կարող եք կոտրել ափսեները, շպրտել իրերը եւ այլն):
11. Պատահել է, որ պատասխան եք տվել Ձեր բռնկունության համար (Ձեզ պատժել են, լքել են ընկերները եւ այլն):
12. Պատահում է, որ առանց երկար նայելու եւ մտորելու, հապճեպորեն որեւէ բան եք գնում, սակայն հետո պարզվում է, որ գնել եք ոչ այն, ինչ իրականում անհրաժեշտ էր:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
Յուրաքանչյուր «այո» պատասխանի համար նշանակեք 1 միավոր, «ոչ» պատասխանի համար` 0 միավոր, եւ հաշվեք ընդհանուր գումարը:
10-ից 12 միավոր՝ Դուք շատ իմպուլսիվ եք, անկառավարելի հուզական գրգռվածությունը Ձեր վարքի ֆունկցիոնալ կարծրատիպն է, սակայն այն տհաճ է Ձեզ հետ շփվողների համար: Նման վարքագիծը վնասակար է նաեւ Ձեզ համար: Այն իր բացասական ազդեցությունն է գործում բոլոր փոխհարաբերությունների վրա, նույնիսկ եթե Դուք դա չեք նկատում:
5-ից 9 միավոր՝ Դուք ունեք իմպուլսիվության հատկանիշներ: Մտածեք այս ուղղությամբ եւ հնարավորինս հանգիստ արձագանքեք շրջապատող աշխարհում Ձեզ նյարդայանցնող երեւույթներին, ինչը, սակայն, չի նշանակում, որ պետք է ճնշեք Ձեր բոլոր հակազդումները (ռեակցիաները):
4 միավոր եւ ավելի քիչ՝ Դուք իմպուլսիվ չեք, ինչը համարվում է համարժեք վարքագիծ, սակայն նկատի ունեցեք, որ զգացմունքների մշտապես սանձումը կարող է վնասել Ձեր առողջությանը: Հոգեբանական գիտության բնագավառում այս երեւույթը կոչվում է «հուզական վարքի դիսֆունկցիոնալ կարծրատիպ», ինչը հաճախ վկայում է իրական հույզերի եւ դրանց արտահայտման սոցիալական պայմանների միջեւ բախման մասին: Ուստի, եթե կա կուտակված որեւէ ապրում, բացասական հույզ, ապա խորհուրդ է տրվում գտնել այն արտահայտելու ձեւ` իհարկե հաշվի առնելով եւ՛ Ձեր անհատական, եւ՛ շրջապատի մարդկանց առանձնահատկությունները:
ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ռազմական