Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԿՈՉԸ…



ՄԵՐ ՏՂԱՆԵՐԻ ԿՈՉԸ...Պատերազմը կորուստ է, հայրենիքի, զավակի, հարազատի, սիրո անդառնալի կորստյան մի վիհ։ Պատերազմի դադարից հետո էլ հետևանքները դեռ երկար պիտի վերապրենք։ Կարոտը չարիքի պես փաթաթվում ու սկսում է խեղդել մեզ, իսկ վիշտը մտնում է սրտներս եւ անդարմանելի մի ցավով տառապեցնում։ Տեսնել զավակի մահը սեփական աչքերով, նայել եղբորը կորցրած երիտասարդի աչքերին, ծանր է…

Հերոսներս երկվորյակ եղբայրներ են՝ Զավեն և Արմեն Հակոբյանները։ Պատերազմը դաժանորեն խլեց Զավենի կյանքը։ Իսկ Արմենը հրաշքով է ողջ մնացել և այժմ պատմում է հերոս եղբոր մասին։

-Հոկտեմբերի ինն էր, կեսօր, լեռների լանջերով անցնում էր ճանապարհը։ Հատ ու կենտ ծառեր էին երևում, պայթած արկերի բեկորներ։ Ճանապարհը ճյուղավորված էր։ Մեկը տանում էր դեպի  գյուղ, ուր մարդիկ մի ժամանակ  երջանիկ ապրել էին. երևում էին լքված տները, բերքով առատ այգիները։ Մի քանի օր առաջ կտրիճ տղաների խմբին հաջողվել էր գյուղը պաշտպանել թշնամու ոտնձգություններից… Ճանապարհի մյուս ճյուղը տանում էր դեպի այն դիրքը, ուր պիտի սկսեին մարտական հրամանի կատարումը։ Գյուղի հաջող ինքնապաշտպանությունից հետո կարևոր  մի այլ առաջադրանք էր հրահանգված, և այն կատարելու համար նրանք մեծ եռանդով էին տոգորված։ Իսկ երկնքում ստեպ-ստեպ երևում էին թռչող սարքերը…

Ավտոմեքենան տանում էր տասնյոթ հերոսներին։ Նրանց մեջ էին նաև երկվորյակ եղբայրները։ Որքան էլ անորոշությունից ծնված  վախը պատել էր տղաներին, բայց նրանք չէին հուսահատվում և մտածելու ժամանակ էլ չունեին։

-Պատերազմի ավարտից հետո նույն կազմով պիտի հավաքվենք ու նշենք մեր հաղթանակը։ Իրար խոստանանք, որ պիտի մտածենք նաև մեր կյանքի մասին,- խոսեց տղաներից մեկը։ Ժպտացին և ձեռքերը միմյանց ուսի դնելով՝ գլուխները մոտ բերեցին, և լսվեց նրանց անուշ ծիծաղի ձայնը։ Հանկարծ թռչող մի սարք երևաց երկնքում։ Կենսախինդ Զավենը, լարված մթնոլորտը մի քիչ թեթևացնելու համար, սկսեց իր զավեշտադարանից զվարճալի մանրապատումներ հիշել, և տղաների տրամադրությունը փոխվեց։ Ապա սկսեց երգել.

Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք,

Վարդանի արյունն է ձեր մեջ, իմացե՛ք ,

Նոր կազմավորված Հայոց բանակի առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք…

Ընկերներն սկսեցին ձայնակցել Զավենին, սակայն նրանց քաղցր ձայները լռեցին, երբ անիծյալ սարքն ընկավ ավտոմեքենայի վրա։ Մի մեծ պայթյուն որոտաց, պայթյունի ալիքից մեքենայի մասերը, նրա մեջ գտնվողները այս ու այն կողմ ընկան։

Մարդիկ այրվում էին, օգնություն էին կանչում։

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ճակատագրեր


15/04/2021