Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ



ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸԱրթուր Հակոբի Սուլեյմանյանը ծնվել է  1996 թ. օգոստոսի 31-ին Ճարտարում: Սովորել է  Ազատամարտիկների անվան թիվ 1  դպրոցում, այնուհետև  ուսումը շարունակել և  ավարտել է Հրայր Պողոսյանի անվան թիվ  5 դպրոցը։ Համալսարան էր ընդունվել, բայց չհասցրեց ավարտել ուսումը…

Արթուրը զորակոչվել է 2015 թվականին։ Մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային։

Մայրը պատմում է, որ իր որդին համեստ ու ամաչկոտ էր, բայց և շատ համարձակ:

– Ապրիլյան պատերազմից մի դեպք եմ հիշում, որը Արթուրը միշտ պատմում էր ուրախությամբ։ Մի օր, երբ մարտական գործողություններն ավելի են թեժանում, և նա հրետակոծության տակ ջուր է շտապում հասցնել ընկերներին, հենց այդ ժամանակ Վիտալի Բալասանյանը մոտենում և հարցնում է, թե չի՞ վախենում, որ այս վտանգավոր պայմաններում այդ քայլին է գնում, Արթուրը պատասխանում է` ո՛չ։ Վիտալի Բալասանյանը մոտենում և համբուրում է Արթուրի ճակատը։ Տղաս միշտ մեծ հպարտությամբ էր պատմում։

…Սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ երեք անգամ է տուն եկել, վերջին անգամ հոկտեմբերի 21-ին` ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու:

ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈՒՅԶԸՀովիկ Դավթյանը նրա հետ է եղել պատերազմի սկզբից մինչև վերջ։

-Արթուրը շատ ակտիվ էր պատերազմի օրերին։ Կարծես վախը նրա միջից հանած լինեին: Մի անգամ, թեժ մարտերից մեկի ժամանակ ասացի՝ այս անգամ դու մի արի, բայց նա վիրավորված մարդու կեցվածք ընդունեց ու ասաց. «Ումի՞ց եմ պակաս»,- հիշում է Հովիկը։

Արթուրը մի շարք հետախուզական գործողությունների է մասնակցել և վերջինի ժամանակ էլ՝ հոկտեմբերի 23-ին, Վարանդայում զոհվել է։

2020 թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ  ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի նախագահի հրամանագրով   Արթուր Սուլեյմանյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Շքանշանը Արթուրի մորն է փոխանցել Արցախի հերոս, փոխգնդապետ Հունան Հայրումյանը։ Արթուր Սուլեյմանյանը մինչ հերոսի կոչմանն արժանանալը պարգևատրվել էր նաև «Մարտական ծառայություն» մեդալով։

 

ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ճակատագրեր


15/04/2021