Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ



«Վաշտի հրամանատար կապիտան Հարություն Հակոբյանը զորամասի երիտասարդ սպաներից է։ Ծառայության տարիներին նկատվեց, որ հիմնովին տիրապետում է իր մասնագիտությանը, աշխատասեր է, բարեխիղճ, միեւնույն ժամանակ՝ խստապահանջ ու հոգատար։ Ամենակարեւորը՝ զինվորներն ու հրամանատարը վստահում են միմյանց»,- այդպես բնութագրեցին վաշտի հրամանատարին։

Ծնվել է 1984թ. Վայոց ձորի Արտավան գյուղում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ՌԻ։ 2005-ին ավարտելով ինստիտուտը, անցել է ծառայության` որպես դասակի հրամանատար։ 2009-ից վաշտի հրամանատար է։ Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ դուստր։ Երիտասարդ սպայի համար հայրենիքը սկսվում է իր ծննդավայրից.

-Մեր գյուղն ունի 100 տնտեսություն։ Գյուղացիները զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվապահությամբ։ Գյուղը շրջապատված է գեղեցիկ անտառներով։ Ամեն քայլափոխի խաչքարեր են, մատուռներ։ 5-րդ դարից մեզ հասած Մարաթուզ եկեղեցին չնայած ավերակ է, սակայն գյուղացիները միշտ այնտեղ են այցելում, մոմեր վառում, մատաղ անում։ Արտավան մեր գյուղի մասին հիշատակություն ունի Ստեփանոս Օրբելյանը։

Հայրս զբաղվում է տնտեսությամբ, մայրս գյուղի դպրոցում հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում։ Ունեմ երկու քույր, որոնք ամուսնացել են,- պատմում է հրամանատարը։

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք զինվորական դառնալ։

-Մորաքրոջս տղան՝ Սամվելը, մասնակցել է դարավերջի մեր ազատամարտին, վիրավորվել։ Ամեն անգամ, երբ գյուղ էր գալիս, պետք էր տեսնել, թե ինչ ցնծությամբ, ոգեւորությամբ էին նրան դիմավորում գյուղում։ Պատմում էր իր ընկերների հերոսություններից, մեր ազատագրված տարածքներից, որտեղ, ինչպես ինքն էր ասում, «Ամեն մի քայլի խաչքարեր են, մատուռներ,- ու ձեռքով ցույց տալով մեր գյուղի սարերը՝ ավելացնում,- ա՛յ, ինչպես մեր գյուղի սարերն ու լեռները»։ Այդ պատմությունները, ինչպես նաեւ մեր ընտանիքում մշտապես խոսակցությունները հայրենիքի, հայրենասիրության մասին, իմ մեջ մանուկ հասակից սերմանեցին զինվորական դառնալու որոշումը։

Եթե սիրում ես քո գործը, նվիրվում այդ գործին, դժվարությունները հեշտ են հաղթահարվում։ Հրամանատարության բոլոր օղակների համատեղ աշխատանքն ու մարտական պատրաստության արդյունքը երևում է ամեն անգամ, երբ դիրքերում հերթափոխից հետո, առանց որեւէ լուրջ պատահարի, իջնում ենք զորամաս։ Անցած ուսումնական փուլում գումարտակի կազմով մասնակցել ենք զորավարժության, եւ մեր վաշտը աչքի է ընկել իր պատրաստվածությամբ։ Խրախուսվեցինք։ Զորամիավորումում անցկացված վաշտի հրամանատարների հավաքում գրավեցի առաջին տեղը եւ պարգեւատրվեցի պատվոգրով։
Վաշտում կարգազանց զինվորներ չկան։ Ջերմ, ընկերական մթնոլորտ է։ Յուրաքանչյուրի հաջողությունը բոլորինն է, մեկս մյուսին հասկանում ենք, եւ դա ծառայությունն ավելի է հեշտացնում։ Ես շատ եմ սիրում իմ զինվորներին, իրենք էլ երեւի ինձ։ Ամենակարեւորը՝ կա փոխվստահություն։ Այժմ էլ միասնաբար ձգտում ենք ուսումնական փուլի ավարտին ցույց տալ բարձր արդյունքներ։ Ճիշտ է, կան զինվորներ, որոնք դպրոցում վատ են սովորել, նույնիսկ միջնակարգը չեն ավարտել, սակայն երբ այստեղ նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք ես ցուցաբերում, սկսում են սիրել մասնագիտությունը, հետաքրքրվել, ձգտել, սովորել։ Ինձ համար վատ զինվորներ չկան, սակայն ուզում եմ առանձնացնել շարքայիններ Խաչիկյանին, Գեւորգ Խաչատրյանին, Շանթ Ալեքսանյանին, ավագ սերժանտ Արտակ Սաֆարյանին, կրտսեր սերժանտ Տիգրան Ավետիսյանին, որոնք ամեն կերպ օգնության ձեռք են մեկնում իրենց ծառայակից ընկերներին։

Սկսվել է զորակոչ-զորացրումը։ Իմ վաշտից արդեն 5 զինվորներ տուն են գնացել, մյուսներն էլ սպասում են իրենց հերթին։ Ինչպես հրամանատարության ամբողջ անձնակազմի, այնպես էլ իմ հիմնական նպատակն ու ցանկությունն այն է, որ նրանցից ոչ մեկի գլխից ոչ մի մազ չպակասի, եւ ողջ ու առողջ վերադառնան հայրենի տուն։ Իսկ մեր ծառայության ամենամեծ գնահատականը, թերևս, հետևյալն է. մեր զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մուրադյանը զորացրվող զինվորներին ճանապարհում է` ասելով. «Ապրե՛ք, տղաներ, բարի վերադարձ հայրենի օջախներ։ Մենք ձեզ ճանապարհում ենք այն վստահությամբ ու համոզմունքով, որ հարկ եղած դեպքում, եթե հայրենիքը զգա ձեր կարիքը, դուք այստեղ կլինեք, զորամասի դարպասների դեմ շարված»: Ահա այդ վստահությունն էլ մեր ծառայության ամենամեծ գնահատականն է:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.` Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ազգային բանակ


30/11/2011