ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼԸ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Մեր լավագույն զինվորական բժիշկներից շատերը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաճակատում էին: Իրենց պարտականություններն ստանձնեցին առանց երկմտելու՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ: Անցան բազում փորձություններով ու դժվարություններով, հնարավորն ու անհնարինն արեցին՝ փրկելու համար վիրավոր մարտիկների կյանքն ու առողջությունը: Աշխատել են առանց հանգստի՝ հաճախ 24 ժամ շարունակ ծանր վիրահատություններ իրականացնելով: Նրանք այսօր էլ հայկական բանակում ռազմական բժշկի իրենց պարտականություններն են կատարում: Ծանոթանանք նրանցից երկուսի հետ:
Վնասվածքաբանական բաժանմունքի ավագ օրդինատոր, մայոր Միքայել Մաղաքելյանը Արցախյան շարժման հետ է ծնվել՝ 1988 թ., Ստեփանակերտում: Դեռ փոքրուց տեսել է պատերազմ, ավեր ու իր բժիշկ ծնողների նվիրված աշխատանքը պատերազմի տարիներին: Վնասվածքաբան հայրը՝ Ալեքսեյ Մաղաքելյանը, Արցախում ռազմական բժշկության հիմնադիրներից է: Արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի և Արցախի վաստակավոր բժշկի կոչման:
Միքայել Մաղաքելյանի մայրը համաճարակաբան էր կռվի տարիներին: Նրա պարտականություններից Միքայելը հատկապես Շուշիից եկող ջրի ամենօրյա ստուգումներն է հիշում. «Թշնամին Շուշիից հրթիռակոծում էր Ստեփանակերտը, բացի այդ, ջուրը թունավորելու վտանգ կար… Մենք երեխաներով նկուղներում էինք մեծանում: Պատերազմի հիշողությունները մեր սերնդի երեխաներից շատերի մասնագիտական ընտրության պատճառը դարձան: Միայն մեր դասարանից վեց հոգով 1995 թ. նորաբաց ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվեցինք։
Ուսումն ավարտելուց հետո Միքայել Մաղաքելյանն անցել է ծառայության: Այնուհետև ավարտել է Լենինգրադի բարձրագույն ռազմական ակադեմիան: 10 տարի է, ինչ ծառայում է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այդ ընթացքում, որ պահին ծննդավայրում սահմանային լարվածություն է եղել, մեկնել է Արցախ:
Ապրիլյան պատերազմի ժամանակ գործուղվել էր Ստեփանակերտի հոսպիտալ. «Ապրիլյան պատերազմի, տարբեր սահմանային ընդհարումների ժամանակ մեծ թվով վիրավորներ ու զոհեր ունեցանք,- ասում է բժիշկը,- բայց դրանք համեմատելի չեն վերջին 44-օրյա պատերազմի հետ… Որպես վնասվածքաբան նշեմ, որ նման ծանր բեկորային վիրավորումներ մենք նախկինում երբևէ չէինք ունեցել»։
2020 թ. սեպտեմբերի 27-ին Միքայել Մաղաքելյանը Ստեփանակերտում էր, կորոնավիրուսից հետո ապաքինման մեջ: Ծնողները նույնպես հիվանդացել էին: Սեպտեմբերի 26-ին հայրը հիվանդանոցից դուրս գրվեց, իսկ 27-ին սկսվեց պատերազմը: 29-ի լուսադեմին ծնողներին Երևան տեղափոխելուց հետո մեկնեց Իշխանաձոր՝ ամենաբարդ ուղղություններից մեկը: Հոկտեմբերի 6-ից փոխարինեց մինչ այդ այնտեղ մասնագիտական իր պարտքը կատարող մյուս վնասվածքաբանին՝ Վլադիմիր Սեյրանյանին: Միքայելն իր առաքելությունն իրականացրեց մինչև հոկտեմբերի 18-ը, երբ ստիպված եղան շարժական հոսպիտալը տեղափոխել Կովսական:
«Առաջին օրերին եղանակը մռայլ էր՝ ամպամած. ԱԹՍ-ները այդ եղանակին չէին կարողանում գործել: Հետո երկինքը պարզվեց… Եվ մի անգամ հերթական ԱԹՍ-ն, որը մեր ուղղությամբ էր թռչում, մեզնից 50 մետր այն կողմ ընկավ, «Սադկո» մակնիշի մեքենայի վրա, ամբողջ անձնակազմը՝ 18 հոգի, տեղում զոհվեցին …
Անօդաչուներն անընդհատ պտտվում էին մեր հոսպիտալի վերևում: Վտանգը մեծ էր, և մեր ղեկավարը՝ Դանիել Մարատիչը, որոշեց կրճատել բուժծառայողների թիվը. մնացինք վեց հոգի՝ երկու բուժքույր, երկու ցավազրկող բժշկուհի, մի վնասվածքաբան և մի վիրաբույժ: Բայց վիրավորների հոսքը օր օրի շատանում էր, և շուտով բուժանձնակազմը կրկին համալրվեց: Աշխատում էինք վիրաբույժ Հայկ Հովհաննիսյանի հետ, զուգահեռ վիրահատություններ էինք անում՝ թիմային հրաշալի աշխատանք:
…Վիրավորների էին բերում, որոնց խաղաղ ժամանակ մասնագիտացված բուժհաստատություններում էլ գուցե հնարավոր չլիներ փրկել: Բայց երբեմն իրավիճակը ստիպում է անելու անհնարինը:
…«Ուրալը» գալիս էր լեփ-լեցուն: Ըստ ծանրության աստիճանի՝ «դասդասում էինք» վիրավորներին. ով շատ նեղ մասնագիտական բուժօգնության կարիք ուներ, կայունացնում էինք վիճակն ու Գորիսի հոսպիտալ ուղարկում: Չնայած սարսափելի ծանրաբեռնվածությանը՝ կորուստները հազվադեպ էին. միայն այն դեպքերում, երբ վիրավորը մինչև մեզ մոտ հասնելն արդեն շատ արյուն էր կորցրած լինում…
Ամենաբարդ վիրահատությունը երկու ոտքն ու մի ձեռքն անդամահատված վիրավոր զինվորինն էր: Մի ոտքը նաև ազդրի հատվածում բաց կոտրվածք ուներ: Զանգեցի մեր բաժնի վարիչ Լևոն Ժամկոչյանին, ասացի. «Վստահ եմ, որ այս ոտքը կարող ենք փրկել, բայց մենք այստեղ նորմալ վիրահատելու հնարավորություն չունենք»։ Ասաց. «Դուք գիպս դրեք, ուղարկեք: Կանենք ամեն ինչ, որ փրկենք ոտքը: Լավ է լինելու»: Վերքերի առաջնային վիրաբուժական մշակում արեցինք, կարեցինք զարկերակը և ուղղաթիռով ուղարկեցինք Երևան:
Երբ վերադարձա Երևան, տեսա այդ զինվորին: Սրունքների միջին ստորին հատվածի անդամահատումով կարողացել էինք փրկել ոտքերը: Հիմա, քանի որ ծնկների հոդերում շարժումը նորմալ է, երկու ոտքերին պրոթեզ կհագնի, կքայլի… Ինձ, իհարկե, չէր ճանաչում: Վիրավորներից շատերը մեզ դեմքով չեն տեսել: Տեսա՝ զարմացա. մարտական ոգին բարձր, կենսուրախ: Ինձ ասաց. «Բժի՛շկ ջան, ուզում եմ Ձեզ ծնողներիս հետ ծանոթացնել, թող իմանան՝ ում են պարտական ինձ այդ սարսափելի դժոխքից դուրս բերելու, ոտքերս փրկելու համար»:
…Տարբեր բնույթի վիրավորումներ կային՝ սկսած այրվածքներից մինչև դեմքի, կրծքավանդակի, վերին, ստորին վերջույթների վնասվածքները… Վիրավորներից մեկը միայն ոտնաթաթում տասը-տասնհինգ բեկորային վնասվածք ուներ:
Մեզ անչափ օգնում էր ամբողջ բուժանձնակազմի չափազանց համախմբված լինելն ու համակարգվածությունը: Բուժքույրերը, բժիշկները, բուժակները, մյուս մասնագետները՝ բոլորս հավասար ու առանց հանգստի աշխատում էինք: Վիրահատությունների համար գիշեր-ցերեկ չկար: Քսան րոպեն մեկ վիրավորների էին բերում: Եղել է, որ մեքենայում լարանով վիրավորի արյունը կանգնեցրել ենք, մինչև ուրիշ վիրահատությունն ավարտենք ու անցնենք նորին։ Երբեմն հոսպիտալում տեղ չի եղել, վիրավորին հենց ավտոմեքենայի մեջ ենք վիրահատել: Լուսադեմին երբեմն կարողանում էինք մի պահ կանգ առնել, թեյ խմել, մի կտոր հաց դնել բերաններս… Արել ենք ամեն ինչ, որ վիրավորներին ողջ իրենց տներն ուղարկենք… Հիմա հոսպիտալում որքան վիրավորներ կան, բոլորը մեր բաժնով են անցել»։
Բժիշկ Մաղաքելյանի հայրն ու մայրը այս պահին էլ աշխատում են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում: Միքայելի կինը, քույրը, քրոջ ամուսինը նույնպես բժիշկներ են: Բժիշկը երեք որդի ունի՝ 11, 7 և 2 տարեկան: Նրանց չէին ասել, թե որտեղ էր հայրիկը պատերազմի օրերին. «Չէի ուզում տնեցիներին անհանգստացնել: Անգամ ծնողներիս չէի ասել: Միայն կինս գիտեր»:
Միքայելի տղաներն արդեն բժիշկ դառնալու մասին են խոսում: Բայց Միքայելը երեքին էլ սպիտակ խալաթով տեսնելու ցանկություն չունի. գուցե մեկին միայն՝ բժիշկների ընտանիքի անունը շարունակելու համար:
Մեր զրույցի ավարտին բժիշկն ասաց. «Պատերազմ էր… Գնացել եմ՝ լավ իմանալով, թե ուր եմ գնում: Վայրկյան անգամ չեմ մտածել գնալուս անհրաժեշտության և վտանգների մասին»։
***
2017 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությունում հաղթող ճանաչված ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինայի՝ հանդիսությանը ներկա լինելու համար Սուդանի լեռնային Նուբա բնակավայրի հիվանդանոցում նրան փոխարինելու շտապեցին երեք հայ բժիշկներ: Նրանց մեջ էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր, բուժծառայության մայոր Հայկ Հովհաննիսյանը: Մի առաքելություն, որ մեր բժշիկները գերազանց կատարեցին:
Սա Հայկ Հովհաննիսյանի մասնագիտական կյանքում առաջին դեպքը չէր, մինչ այդ նա մասնակցել էր Աֆղանստանի խաղաղապահ երկու առաքելությունների:
Իսկ 44-օրյա պատերազմի օրերին բժշկական ջոկատի կազմում առաջնագիծ մեկնած վիրաբույժը օր ու գիշեր, առանց դադար առնելու կյանքեր է փրկել:
«Երբ Աֆղանստանում էի,- հիշում է Հայկ Հովհաննիսյանը,- բուժօգնություն էինք ցուցաբերում կոալիցիոն ուժերի ու աֆղանցիների շրջանում վիրավորվածներին: Իսկ այս պատերազմը մերն էր, ազգակիցներս էին, դեպքերն էլ՝ անչափ ցավոտ ու ծանր…
Հոկտեմբերի 5-ին գնացի Խնձորեսկ, իսկ երեկոյան ճանապարհ ընկանք դեպի Իշխանաձոր: Որպես վիրաբուժական թիմի ավագ էի գործելու: Խմբում էին վիրաբույժ Համբարձում Քենդերյանը, վնասվածքաբան Միքայել Մաղաքելյանը, վիրահատարանի մեր բուժքույրերն ու երկու անեսթեզիոլոգներ: Մեծ բարեբախտություն էր, որ հետներս Արցախյան պատերազմով անցած վիրահատարանի բուժքույրերն էին՝ Գեղեցիկը, Մարինեն: Ասացին՝ «Որտեղ Դուք, այնտեղ էլ մենք, բժիշկ»: Երբ տեղ հասանք, Իշխանաձորում ծանր պայմաններում մնացել ու աշխատում էին մի քանի հոգի: Վիրահատարանում բժիշկ Միքայել Սամսոնյանն էր հերթապահում: Պատերազմի սկզբից՝ սեպտեմբերի 29-ից նա այնտեղ էր եղել. շատ դաժան շաբաթ էր եղել… Հենց հասանք Իշխանաձոր, մեծ մեքենայով վիրավորների բերեցին: Անմիջապես լծվեցինք աշխատանքի. ոչ մի վայրկյան հանգիստ չկար: Մեր վնասվածքաբան Միքայել Մաղաքելյանի և վիրաբույժ Միքայել Սամսոնյանի հետ զուգահեռ վիրահատություններ էինք անում: Նույն օրը երեկոյան վիրաբույժ Միքայել Սամսոնյանին ճանապարհեցինք Իշխանաձորից: Հետո արդեն բժշկական ուրիշ խմբեր մեզ սկսեցին միանալ՝ Բերդից, Վանաձորից:
110-130 վիրավորի մեկ օրում. ծանրաբեռնվածությունը մեծ էր: Թոքերի ատիպիկ ռեզեկցիաներ, կրծքավանդակի վիրահատություններ, շատ ուրիշ խնդիրներով վիրավորներ էին բերում, որոնց հետ աշխատանքն իմ մասնագիտությունը չէր՝ նեղ մասնագիտական էր, բայց ստիպված էինք անել: Փառք Աստծո, արվել է անհրաժեշտ ամեն ինչ: Շատ ու շատ դժվար պահեր են եղել, երբեմն՝ կյանքի հետ անհամատեղելի դեպքեր… Չեմ կարող մոռանալ այդ դեպքերը…
Հազարից ավելի վիրավորների մեջ, որոնց ողջ հասցրել էին հոսպիտալ, միայն երեք հոգու հնարավոր չեղավ փրկել: Մեր փոքրիկ բժշկական թիմը հսկայական, գերազանց աշխատանք է կատարել: Ամենակարևորը՝ մեր հրամանատարի պատրաստվածությունը, մեծ փորձառությունն ու նվիրումն էր, որ գալիս էր «Դաշտային շարժական հոսպիտալի» հիմնադրումից հետո: Մեր մշտական վարժանքների, ՆԱՏՕ-ի չափորոշիչներով անցկացված զորավարժությունների արդյունքը երևաց իրական մարտական գործողությունների պայմաններում:
Այն, ինչ մենք տեսանք այս պատերազմի ընթացքում, միայն ֆիլմերում էինք տեսել: Շատ եմ սիրում նկարահանելով վավերացնել ամեն ինչ, բայց այս անգամ վայրկյան իսկ չեմ ունեցել այդ մասին մտածելու…
Հիմա մտովի վերապրում եմ… Հողի, ցեխի մեջ, արյան շերտով պատված մարմիններից ո՜նց էինք կտրատում, անջատում շորերը: Կարճատև ժամանակահատվածում մեծ արագությամբ անում էինք բոլոր անհրաժեշտ գործողությունները, հասցնում ամբողջությամբ մաքրել, ախտահանել վիրահատական սեղանը, պատրաստել նոր վիրավորների համար… Հետս հողաթափեր ունեի, բայց ամենահարմարը դեռ Աֆղանստանից մնացած գերմանական սապոգներս էին: Ինչ-որ պահի դրանք էլ հանելու անհաղթահարելի ցանկություն էի ունենում…
Ընդհանուր վիրաբուժությունն է մասնագիտությունս՝ հիմնականում որովայնային վիրահատությունները: Բայց պատերազմից տպավորվել են հատկապես այն դեպքերը, երբ ստիպված եմ եղել այլ վիրահատություններ կատարել: Օրինակ՝ նեֆրեկտոմիա (երիկամի մասնակի կամ ամբողջական հեռացում): Ես ուռոլոգ չեմ, կյանքում երբևէ նեֆրեկտոմիա չեմ արել, բայց ստիպված էի. երիկամը վնասված էր, արնահոսում էր, եթե արագորեն չհեռացնեի, վիրավորին կկորցնեինք:
Հենց այսօր մի հիվանդ էր փնտրել ու գտել ինձ: Իմացել էր, որ ամսի տասներեքին այնտեղ ես եմ վիրահատություններ իրականացրել: Ասում էր. «Դոկտոր, ուր մտնում եմ, ասում են՝ էս ինչ լավ է արված վիրահատությունը»: Հաջողությամբ թոքերի վիրահատություններ էլ եմ արել:
…Թե՛ Աֆղանստանում, թե՛ աֆրիկյան Նուբայում իրականացրած առաքելություններից, թե՛ այս պատերազմից հետո մեր արժեհամակարգում լուրջ վերադասավորումներ են լինում: Այն ամենը, ինչ ունես կյանքում, բոլորովին այլ կերպ ես սկսում գնահատել, երբ գիտես, թե կյանքն ինչպես կարող է փոխվել վայրկյանների ընթացքում: Իրական արժեքներն են կարևոր դառնում… Հորեղբորս տղաները դեռ անհայտ կորածների մեջ են…
Ունեցել ենք նաև սպիտակ ֆոսֆորից վնասված, կասետային զենքերից բազմաբեկորային վնասվածքներ ստացած վիրավորներ: Դրանք բոլորը արգելված զենքեր են, բայց փաստն այն է, որ կիրառվել են այս պատերազմում և հասցրել սարսափելի վնասվածքներ:
…Ռազմաբժշկական ծառայությունը անխափան գործեց պատերազմի ամբողջ ընթացքում: Արհեստավարժության և թիմային կազմակերպված աշխատանքի շնորհիվ բժշկական ծառայությունը թրծվեց ամենադժվար պայմաններում: Մենք այնպիսի փորձությունների միջով անցանք, որ այժմ արդեն համաչափ, արդյունավետ աշխատանքի հսկայական փորձ ունենք: Եվ միշտ պատրաստ ենք…»։
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #14 (1385) 14.04.2021 - 20.04.2021, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում