Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Օրերես Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղադրվեց Արցախյան ազատամարտի նահատակներին նվիրված խաչքար։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Մարալիկի հանրության, մարզային եւ քաղաքային իշխանության, ԵԿՄ վարչության ներկայացուցիչները, Շիրակի մարզի երկրապահները։ Միջոցառման կազմակերպիչների եւ մասնակիցների առաջին շարքում էին դրոշակակիր պատանի երկրապահները։

Խաչքար-հուշակոթողի հեղինակն է ԵԿՄ Անիի տարածքային բաժանմունքի փոխնախագահ, ազատամարտիկ-քանդակագործ Պարույր Մկրտչյանը։ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը վստահված էր Մարալիկի քաղաքապետին եւ զինկոմիսարին։ Շիրակի մարզի հոգեւոր թեւի ներկայացուցիչներն, ըստ կարգի օծեցին հոյակերտ խաչքարը։

Պատահական չէր ընտրված խաչքարի տեղադրման վայրը։ Մարալիկ քաղաքի այս նորաբաց այգին, տեղական իշխանությունների կողմից այսուհետ անվանակոչվեց «Հաղթանակների հավերժացման եւ խաղաղության» այգի։ Իսկ խաչքարը այգի այցելողների, հանգստացողների համար կդառնա սրբատեղի։

Անիի տարածքից 160 երկրապահ կամավորներ մասնակցեցին Արցախյան ազատամարտին, որոնցից 24-ը նահատակվեցին Հայաստանի անկախության, սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրման համար։ Իսկ Մարալիկից Արցախյան ազատամարտին մասնակցեցին 57 հայորդիներ, որոնցից 12-ը զոհվեցին։

Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան զինվորականության եւ հանրության ներկայացուցիչներ։ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անունից շնորհավորանքի խոսք հղեց ԵԿՄ սոցիալական բաժնի պետ Օհան Գեւորգյանը։ Խաչքար-հուշակոթողին նվիրված միջոցառումն ավարտվեց տեղի դպրոցականների եւ պատանի երկրապահ ակումբի սաների համերգային ծրագրով։

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Բանակ և հասարակություն


30/11/2011