Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ՝ ՄԻ ՈՒԺ, ՄԻ ԱՆՈՒՆ»



Երեւանի թիվ 62 նախադպրոցական ուսումնական հաստատությունը՝ մանկապարտեզը, ղեկավարում է Արցախյան պատերազմի զորականներից մեկի՝ «Սասնա ծռեր» ազատագրական ջոկատի հրամանատար, «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանակիր Սամվել Գեւորգյանի կինը՝ Սվետա Գեւորգյանը։ Մանկապարտեզը պաշտոնապես ռազմահայրենասիրական թեքում չունի, բայց դա չի խանգարում, որ զոհված հրամանատարի կինը իր սաների ռազմահայրենասիրական, ազգային եւ հոգեւոր դաստիարակությունը դարձնի նախակրթարանի առօրյան ու գերնպատակը։ Այստեղ Արցախյան ազատամարտի մասին գիտեն բոլոր փոքրիկները, Արցախյան հաղթանակի հպարտությամբ է տոգորված մանկապարտեզի յուրաքանչյուր սան։ Եթե հարցնեք, մեկը մյուսին հերթ չտալով կարտասանեն, կերգեն, կպատմեն, կհիշեն փառավոր անուններ, դեպքեր, դրվագներ։ Նրանց հանդեսներին հաճախ են մասնակցում Արցախյան հերոսամարտը փառքով պսակած քաջերը՝ Դավթաշենի «Սասնա ծռեր» ջոկատի ազատամարտիկները, փոքրիկները փառաբանում են նրանց, ձոնում են երախտիքի ու մեծարանքի տողեր։ «Մարդու բոլոր առաքինությունները սկսվում են հայրենասիրությունից,- ասում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Սվետա Գեւորգյանը,- իսկ մարդու հոգում հայրենասիրություն սերմանելու ամենաարգասաբեր ժամանակահատվածը մանկությունն է, երբ սկսվում է ձեւավորվել երեխայի հուզաշխարհը, արժեհամակարգը։ Սեր հայրենի բնության հանդեպ, կապվածություն հարազատ հողին, ծննդավայրի մարդկանց, հայրենիքը ճանաչելու, սիրելու ու գնահատելու պատրաստակամություն… ահա այստեղից է սկզբնավորում հայրենիքը պաշտպանելու ու հայրենիքի համար կյանքը չխնայելու խիզախությունը»։

Այս հավատամքով են թիվ 62 մանկապարտեզում դաստիարակում փոքրիկներին՝ վաղվա Հայաստանի քաղաքացիներին։ Ու երբ այս կրթօջախում կազմակերպված հերթական միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացա, հետաձգեցի բոլոր գործերս, հարցազրույցներս, որովհետեւ միջոցառման խորագիրը խոստումնալից էր ու հետաքրքրաշարժ. «Հայաստան-Արցախ՝ մի ուժ, մի անուն»։

…Պարզվեց մանկապարտեզում հողի պտղաբերության, աշխատանքի ու բերքի տոն է։ Որտե՞ղ է Հայաստան-Արցախի ուժը։ Աշխատող մարդու ձեռքում, բարիք արարող հողի ընդերքում, հայ աշխատավոր մարդու ու հայ սրբասուրբ հողի հանդեպ մեր սիրո մեջ՝ պատասխանեցին փոքրիկները։

Նրանք հայկական տարազով էին՝ գույնզգույն ու նախշազարդ։ Տարազով էր նաեւ դաստիարակչուհին՝ Մարգարիտ Վերմիշյանը։ Փոքրիկները խումբ-խումբ ներկայացնում էին Հայաստանի մարզերը՝ իրենց փոքրիկ զամբյուղում հատիկ-հատիկ դարսած հարազատ բնաշխարհի բարիքները՝ նուռ, խաղող, խնձոր… Մանկապարտեզի ավագ մանկավարժ Կարինե Գալոյանը եւ երաժշտության դաստիարակ Անի Թուրվանդյանը, խմբի դաստիարակչուհին Մարգարիտա Վերմիշյանը, իրոք, ջանացել էին։ Երեխաները գեղեցիկ երգեր երգեցին Հայաստանի բոլոր մարզերի եւ մեծ քաղաքների մասին՝ Գյումրի, Սեւան, Աշտարակ, Արմավիր, Վանաձոր, փառաբանեցին հայոց շեները, պարեցին։

Արցախը ներկայացվեց յուրահատուկ ջերմությամբ ու մանրամասներով։ Արցախյան հայտնի «Նախշուն բաջին» մարմնավորեց մանկապարտեզի նախկին սանուհին՝ Սամվել Գեւորգյանի թոռնուհին՝ Սվետլանա Գեւորգյանը։ Ավարտելով պարը՝ նա Արցախից մի փոքրիկ մասունք թողեց ներկաներին՝ փոքրիկ կարմիր նռներ՝ որպես Արցախի հերոսականության, շռայլության ու հավերժության խորհրդանիշ։ Հետո երեխաները` գույնզգույն, տարազանկար հայկական խաչ, հետո Մասիսը պատկերեցին իրենց փոքրիկ մարմիններով: Կենդանի խաչ, կենդանի Մասիս՝ կյանքով լի, թրթռուն, գեղեցիկ, անհաղթ։ Երբ միջոցառումն ավարտվում էր, հատուկ պատրաստված սեղանի վրա հավաքվեցին բոլոր կողովները՝ Հայաստանի մարզերն իրենց բերք ու բարիքով՝ Սյունիք, Շիրակ, Արագածոտն, Արմավիր, Լոռի, Տավուշ, Արցախ, Արարատ, Վայոց ձոր, Գեղարքունիք… Նրանք կողք կողքի էին, միասին, իրար հենված, իրարով ուժեղ։ Փոքրիկ Հայաստան՝ Հայաստան-Արցախ՝ մի ուժ, մի անուն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Բանակ և հասարակություն


30/11/2011