«ՄԱՐՏՆՉՈՂ ԱՐՑԱԽԸ» ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ
Օրերս «Մարտնչող Արցախ» ռազմամարզական եւ ինտելեկտուալ ծրագրի (որը մեկնարկել է հունիս ամսին, երբ մեկ շաբաթով Երեւան էին ժամանել ԱրՊՀ ուսանողները) շրջանակներում ՊԲ էին այցելել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք հյուրընկալվելով ՊԲ հրամանատարի մոտ, այնուհետեւ եղել են նաեւ առաջին գծում։ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար, ՀՀ նախագահին առընթեր հանրային հարցերի երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը, խոսելով նախաձեռնության, իրականացվող ծրագրի եւ, ընդհանրապես, բանակ-հասարակություն կապի վերաբերյալ ժամանակակից երիտասարդության վերաբերմունքի մասին, ասաց.
– Պաշտպանության նախարարության, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի եւ ԱրՊՀ-ի համատեղ ջանքերով իրականացնում ենք «Մարտնչող Արցախ» ռազմամարզական եւ ինտելեկտուալ ծրագիրը, որի նպատակն է ցույց տալ բանակի եւ հայ հասարակության միասնականությունը, արտահայտել մեր հպարտության զգացումը եւ պատրաստականությունը հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Ծրագիրը կարեւորվում է նաեւ նրանով, որ լինելով պաշտպանության նախարարության նախաձեռնությունը, նպատակաուղղված է հասարակության եւ բանակի կապի ամրապնդմանը, որի վկայություններից կարելի է համարել մեր բազմաթիվ այցելությունները զորամասեր, հանդիպումները զինծառայողների հետ, անկեղծ շփումները, որոնց արդյունքում, վստահ եմ, որ հայրենիքի պաշտպանները համոզվեցին, որ մենք կանգնած ենք նրանց կողքին։
Մ. ԱՀՅԱՆ
Լուս.` Ա. ԵՐԱՄԻՇՅԱՆԻ