Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՈԳՍԵՐ



Ադրբեջանը չի հրաժարվում սահմանում հրադադարի ռեժիմը խախտելու ամենօրյա մարտավարությունից։ Նրանց զինվորները, հիմնականում դիպուկահար զենքերից, կրակում են ոչ միայն ԼՂՀ, այլ նաեւ Հայաստանի պետական սահմանի պահապանների ուղղությամբ։ Եվ քանի դեռ չեն սպառվել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու հնարավորությունները, հայ զինվորները, կատարելով իրենց տրված հրամաններն ու առաջադրանքները, չեն ենթարկվում սադրանքների։ Նոյեմբերի 18-ին հենց այս հարցի քննարկումից էլ սկսվեց մեր զրույցը ՀՀ սահմանի մի զգալի հատվածի պահպանությունն իրականացնող զորամասի հրամանատար գնդապետ Ա. Մուրադյանի հետ։

-Անցնող տարում հակառակորդի կրակոցներից զոհեր չենք ունեցել, փառք Աստծո, բայց կրակոցներն անընդհատ են։ Հենց այսօր ժամը 8-9-ը տասնմեկ կրակոց է եղել, որոնցից հինգը՝ «սեւ նետից», մնացածները՝ «СВД»-ից, ժամը 9-10-ը՝ ութը կրակոց, մեկը՝ «սեւ նետից», 10-11-ը՝ 12 կրակոց, որոնցից հինգը՝ «սեւ նետից»։ Այսպես արձանագրում եւ հաղորդում ենք վերադասին։ Ամեն օր, ամեն ժամ կրակում են, կրակել են նաեւ իմ մեքենայի վրա։ Կրակոցներն ավելանում են, երբ տեսնում կամ ենթադրում են, որ ինժեներական աշխատանքներ ենք կատարում, իսկ նման աշխատանքները մեզ մոտ մշտական են, որովհետեւ բարձրլեռնային գոտիներում միշտ էլ ճանապարհներ նորոգելու, պատնեշներն ամրացնելու եւ այլ խնդիրներ են առաջանում։

-Իսկ ինչպե՞ս եք պատասխանում կրակոցներին կամ լռեցնում դրանք։

-Մոտավորապես տասը կրակոցին պատասխանում ենք երկուսով, պարզապես հասկացնում ենք, որ վերջացնեն, որ տեղում ենք, եւ մենք էլ կարող ենք։

-Հետեւանքնե՞րը։

-Այդ պահին դադարում են կրակել, բայց շատ չանցած` վերսկսում են։ Ես համոզված եմ, որ նրանց զինվորները հատուկ հրաման են կատարում, ձգտում են մեզ լարվածության մեջ պահել, զոհեր պատճառել, սա սպառնալիք է, պատերազմի սպառնալիք, վերջին շրջանի Ադրբեջանի քաղաքական իշխանությունների որդեգրած մարտավարության դրսեւորումը տեղերում։

-Կրակոցներին ինչպե՞ս են վերաբերվում մեր զինվորները, սահմանի պահապանները…

-Շատ հանգիստ, սովորական։ Նրանք գիտեն, որ կարեւորն անվտանգության կանոնների պահպանումն է, գիտեն նաեւ, որ թաքստոցից կրակող ադրբեջանցի զինվորն այնքան էլ քաջ չէ եւ իր դեմ իրական ուժ տեսնելիս լավ էլ փախչում է։ Սահմանի պահպանության առումով ես դժգոհություն չունեմ, առաջադրանքները կատարվել եւ կատարվում են։

-Անցնող տարում վատ բան էլ է եղել։

-Այո՛, զինվորներ տեղափոխող մեքենայի վթարը։ Դեպքը շատ ծանր էր եւ չպետք է լիներ, այստեղ մենք, անձամբ ես` որպես հրամանատար, արդարանալու տեղ չունեմ։

-Կարո՞ղ էր չլինել այդ դեպքը։

-Չպիտի լիներ, եղել է վարորդի պարզունակ սխալի հետեւանքով։

-Այս տարի նշվեց զորամասի 15-ամյակը, Դուք նաեւ առանձին պարգեւ ստացաք։

-Զորամասը լավ պատմություն ունի, որը կերտել են նվիրված զինծառայողները։ Մենք արժանիորեն գնահատեցինք նրանց, մեծարեցինք։ Իմ պարգեւը հրամանատարական հավաքի ընթացքում ցուցաբերած մասնագիտական գիտելիքների համար էր։ Ես կհրաժարվեի ամեն ինչից, միայն թե չլիներ վերը հիշատակված վթարը։

-Մարտական պատրաստության առումով ինչպիսի՞ն է անցնող տարին։

-Մեր ուսումնական բազան լավագույններից է բանակում, որի ընձեռած հնարավորություններն օգտագործելու, մարտական պատրաստության ծրագիրը կատարելու դեպքում անպայման կապահովենք գոհացուցիչ արդյունքներ։ Ուսումնական առաջին փուլի ստուգումները կատարել է զորամիավորման հանձնաժողովը, եւ ընդհանուր գնահատականը եղել է «բավարար»։ Երկրորդ փուլի ընթացքում եղել են մի շարք ճամբարային հավաքներ, զորավարժություններ։ Վերջին՝ զորամասի կազմով մարտական հրաձգությամբ անցկացված զորավարժությունը ցույց տվեց, որ ստորաբաժանումները եւ զորամասն ամբողջությամբ մարտունակ են, ի վիճակի` հաջողությամբ կատարելու հնարավոր բարդ առաջադրանքները։ Այժմ նախապատրաստվում ենք տարեվերջյան ամփոփիչ քննություններին։

-Ո՞րն է զորամասի ամենալավ ստորաբաժանումը։

-Մայոր Մանուկ Բադալյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը։

-Ի՞նչ գնահատական կտաք հրետանային դիվիզիոնին։

-Առաջին տեղն է զբաղեցնում զորամիավորման կազմում։

-Իսկ զրահատեխնիկա՞ն։

-Նույնպես արժանի է գովեստի։ Վերջինս դուրս բերվեց «տագնապով» եւ շատ լավ տպավորություն թողեց։ Ի դեպ, արդեն լիովին անցել ենք ձմեռային սեզոնին…

-Նվիրված ծառայության համար սպաներից ո՞ւմ կառանձնացնեիք։

-Մայոր Սամվել Հարությունյանին, մայոր Մակարյանին, բայց նվիրված տղաները շատ են։ Յուրաքանչյուր ամիս ամփոփում ենք արդյունքները, լավագույնները խրախուսվում են դրամական պարգեւով, պատվոգրերով, մեդալների ենք ներկայացնում, զինվորների ծնողներին շնորհակալական նամակներ ենք ուղարկում, արձակուրդ տրամադրում։ Ի դեպ, արդեն առաջին խմբին զորացրել ենք, իրենց պարտքը պատվով կատարելով, տուն վերադարձան։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/11/2011