Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

ԱՄՆ-ը հերթական լայնածավալ զորավարժությունն է անցկացնելու Ռուսաստանի արևելյան սահմանների՝ Չուկոտկայի ու Կամչատկայի մոտ

«Նորդըրն էդջ» («Հյուսիսային շեղբ») զորավարժությունը կանցկացվի մայիսի 3-14-ը Ալյասկայում և Ալեուտյան կղզիներում։ Ենթադրվում է, որ զորավարժությանը կմասնակցի 10 հազարից ավելի զինծառայող, 200 մարտական ինքնաթիռ։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կասկածում է, որ Ռուսաստանն ամերիկացի զինծառայողների դեմ աշխարհի տարբեր վայրերում կիրառում է «ուղղորդված էներգիայի» օգտագործմամբ գաղտնի զենք

Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է ամերիկյան «Պոլիտիկո» հանդեսը՝ հղում անելով Պենտագոնի իրազեկ աղբյուրներին։ Ռուսական գաղտնի զենքի մասին ենթադրությունն առաջին անգամ արվել է 2017 թ. սեպտեմբերին, երբ Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան շուրջ երկու տասնյակ դիվանագետներ բողոքեցին սրտխառնոցից, լսողության կորստից և գլխապտույտից։ Համանման մյուս դեպքը տեղի է ունեցել 2020 թ. աշնանը Սիրիայում, երբ մի քանի ամերիկացի զինծառայողներ բողոքել են վատ ինքնազգացողությունից։

Թեպետ Ռուսաստանին մեղադրելու համար չկա ոչ մի ապացույց, Պենտագոնում սկսվել է հետաքննություն, որում ներգրավված են նաև ազգային անվտանգության խորհրդի, Կենտրոնական հետախուզական գործակալության, Պետքարտուղարության և ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրինության աշխատակազմի աշխատակիցներ։

Ռուսաստանը ապրիլի 24-ից մինչև հոկտեմբերի 31-ը արգելել է արտասահմանյան ռազմանավերի մուտքը Սև ծովի ավազանի ռուսական գոտի

Սահմանափակումները վերաբերում են Սևաստոպոլից մինչև Գուրզուֆ, Կերչի թերակղզու և Ղրիմի արևմտյան ափի հատվածներին։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը հարցականի տակ կհայտնվեն

«ՆԱՏՕ-ն 20 տարում այդպես էլ չկարողացավ Աֆղանստանում ստեղծել մարտունակ զինված ուժեր»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո քաղաքացիական պատերազմում աֆղանական «Թալիբան» շարժման իշխանության գալը միայն ժամանակի հարց է, թեպետ Աֆղանստանի կառավարությանը ենթակա զինված ուժերն իրենց թվաքանակով 4 անգամ գերազանցում են թալիբներին։

Ապրիլի 25-ին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն սկսել են զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, որը պետք է ավարտվի սեպտեմբերի 11-ին։

Մինչև 2024 թ. ԱՄՆ-ը ծրագրում է 15 մլրդ դոլար ներդնել հիպերձայնային զենքի ստեղծման ոլորտում, որտեղ նա հետ է մնում Ռուսաստանից

Միջոցների մեծ մասը ծախսվելու է ոչ թե հակառակորդի հիպերձայնային զենքից պաշտպանվելու, այլ հիպերձայնային հարձակողական սպառազինության ստեղծման նպատակով։

Ռուսաստանի սպառազինության մեջ արդեն ընդգրկված են հիպերձայնային զինատեսակներ՝ «Ավանգարդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, հականավային «Ցիրկոն» հրթիռը և «Կինժալ» ավիացիոն հրթիռային համալիրը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ակտիվորեն մշակում է հակաօդային պաշտպանության նոր համակարգ՝ ընդդեմ գերճշգրիտ սպառազինության

Նոր համակարգը հակառակորդի ԱԹՍ-ների, թևավոր հրթիռների և ցանկացած այլ գերճշգրիտ զենքի ազդեցությունը լիովին չեզոքացնելու հնարավորություն կընձեռի։

Նոր համակարգի տարրերից են «Պոլե-21» ՌԷՊ համալիրները, որոնք 50 կմ շառավղով ապակողմնորոշում են արտասահմանյան (այդ թվում՝ ամերիկյան և չինական) արբանյակային ուղեվարական համակարգերը, և «Մուրմանսկ-ԲՆ» համալիրները, որոնք 5000 կմ հեռավորության վրա ճնշում են հակառակորդի օպերատիվ-ռազմավարական կապը շտաբների և ռազմանավերի ու մարտական ինքնաթիռների միջև։

 

ԹՈՒՐՔԻԱ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն՝ կապված ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ

Թուրքական կողմը ԱՄՆ դեսպան Դևիդ Սատերֆիլդին ասել է, որ ԱՄՆ նախագահի տվյալ հայտարարությունն այնպիսի հարված է հասցնում Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին, որը «դժվար կլինի վերականգնել»։

Թուրքական «Ռոկետսան» ընկերությունը ապրիլի 22-ին հաջողությամբ փորձարկել է կառավարելի զինամթերքներ, որոնք նախատեսված են «Ակինջի» ԱԹՍ-ի համար

Ընկերության տարածած տեսահոլովակում ԱԹՍ-ն «ՄԱՄ-Տ» հրթիռով խոցում է ռուսական «Պանցիր» զենիթահրթիռային համալիրը։

 

ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի նախագահ Ալիևը Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունն անվանել է «պատմական սխալ»

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը Բայդենի հայտարարության առթիվ ափսոսանք է հայտնել։

Ղարաբաղում Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի զինծառայողները ապրիլի 20-ին ԱԹՍ-ով կատարել են օդային հետախուզություն

Նպատակը հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն էր։

Ամենամոտ ապագայում Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում ծրագրում է ունենալ 3 օդանավակայան

Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի կառուցումն արդեն սկսվել է, մոտ ապագայում կսկսվի Զանգելանի շրջանում, փոքր-ինչ ուշ՝ նաև Լաչինի շրջանում. այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

Իսրայելը կարող է մասնակցել գրավյալ տարածքների «վերականգնմանը»

Այս կարծիքն է հայտնել Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիայի ադրբեջանական մշակութային կենտրոնի տնօրեն Եգյանա Սալմանը։

 

ԻՐԱՆ

ԱՄՆ ՌՕՈՒ երկու ռազմավարական ռմբակոծիչներ ապրիլի 23-ին թռիչք են կատարել Պարսից ծոցի՝ Իրանի հարավարևմտյան սահմանի մոտ

«B-52H Stratofortress» ռմբակոծիչներն ունակ են կրելու միջուկային զենք, այդ թվում՝ թևավոր հրթիռներ։

Իսրայելը մտահոգված է տարածաշրջանում Իրանի հզորության աճով

Դրա հետ կապված՝ իսրայելական ՑԱՀԱԼ-ի հրամանատարն օրերս 5-օրով կայցելի ԱՄՆ և կհանդիպի ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Իսրայելը դեմ է արտահայտվում ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Իրանի հետ 2015 թ. միջուկային գործարքին վերադառնալու մտադրությանը։

Իրանական «Բավեր-373» նորագույն ՀՕՊ համակարգը փորձարկվել է և այժմ մարտական պատրաստականության վիճակում է

Այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Իրանի ՀՕՊ ոլորտի պատասխանատու գեներալ Սամադ Ակա Մոհամմադին։

Իրանը հրաժարվել է ռուսական կործանիչների գնումից՝ հօգուտ չինական «Ջեյ-10»-ի

Առաջին փուլում Իրանը մտադիր է գնել չինական 36 կործանիչ։

 

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է պետության ներքին և արտաքին սպառնալիքների մասին 2020 թ. զեկույցը

Զեկույցում նշված է, որ «Ռուսաստանը, իր զորախումբը տեղակայելով Լեռնային Ղարաբաղում, ձգտում է ուժեղացնել իր ռազմաքաղաքական ու տնտեսական ազդեցության լծակները տարածաշրջանում, ինչը կարող է էապես ազդել տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վրա»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը «լավ նորություն» է անվանել Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը

Ապրիլի 19-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն ընդունել են երկրում քաղաքական իրավիճակի նորմալացման համատեղ պլան։ Դա տեղի է ունեցել Եվրամիության և ԱՄՆ-ի դեսպանների ջանքերով։

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Ռազմաքաղաքական


29/04/2021