ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ. «ԻՄ ԵՐԱԶԱՆՔԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՀԱՂԹԵԼՆ ԷՐ»
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Արթուր Դավթյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մարմնամարզության Եվրոպայի առաջնության «նժույգ թափեր» վարժությունում վաստակելով 14.266 միավոր՝ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
-Արթո՛ւր, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիր:
-Շնորհակալ եմ: Ամենաշատն ուրախ եմ ոչ այնքան իմ չեմպիոնության համար, որքան, որ այս պատմական օրով մեր երկրի դրոշը ծածանվեց, եւ հիմնը հնչեց: Այս կարեւոր օրով հաղթեցինք: Կրկնակի ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Պատմական օր Հայաստանի համար:
Իրականում, չէի սպասում, որ հաղթող կդառնամ «նժույգ թափերում»: Ապրիլի 24-ին մրցահարթակ էի դուրս եկել մեդալ նվաճելու, բայց, որ մեդալը կլինի ոսկե, անկեղծ ասած, չէի պատկերացնում: Մտածում էի, որ կկարողանամ երրորդ տեղը զբաղեցնել՝ գնահատելով մրցակիցներիս և առկա մրցակցության մակարդակը:
-Պատվո հարթակին կանգնեցիր Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով…
-Այդ օրը բոլորս էինք պատրաստվել հաղթելու և մեդալ նվաճելու դեպքում՝ անմոռուկներով դուրս գալու պարգեւատրման: Նաեւ նպատակ ունեինք անմոռուկներով մասնակցելու մրցումներին, բայց հավաքականի գլխավոր մարզիչ պարոն Սերոբյանի հետ քննարկելուց հետո հասկացանք, որ վարժությունները կատարելիս գուցե խանգարի: Որպեսզի որեւէ խնդիր չառաջանա, որոշվեց մեդալ նվաճելու դեպքում պարգեւատրման ժամանակ անմոռուկներով լինել: Ստացվեց սպասվածից ավելին…
Պատերազմից հետո հաղթանակներ գրանցելու ցանկությունն ու ձգտումը մեծ էր: Եվ սա մեր՝ մարզիկներիս հաղթանակը չէ միայն: Այժմ, ավելի քան երբեւէ, յուրաքանչյուր հաղթանակ մեր ազգինն է, յուրաքանչյուր հայինը:
Պատերազմից հետո այլ են զգացողությունները, հաղթանակն այլ կերպ ես ընկալում, ընդունում եւ ապրում: Պետք է ոչինչ չխնայենք, եւ դժվար իրավիճակներից, ցավալի օրերից հետո պիտի կարողանանք այսպիսի նվաճումներով բարձրացնել հայոց ոգին:
Շատ ուրախ եմ, որ Արթուր Ավետիսյանն էլ իր արդյունքով հաղթեց թուրքին, բայց, ափսոս, որ մեդալ չնվաճեց:
-Ի՞նչ էիր զգում պատվո հարթակին կանգնած:
-Այդ պահին կենտրոնացել էի այն մտքի վրա, թե երեւո՞ւմ է արդյոք իմ անմոռուկը: Մտքիս այդ էր. այնպես կանգնեմ, որ անմոռուկը երեւա, եւ ամբողջ աշխարհը տեսնի:
Ապրիլի 24-ին հաղթանակը նվիրում եմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
NEWS.am
Հարցազրույցը տպագրում ենք որոշ կրճատումներով
Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Մարզաշխարհ