Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԱՀԱՐԹՑԻ ՎՐԻԺԱՌՈՒՆ



ՍԱՐԱՀԱՐԹՑԻ ՎՐԻԺԱՌՈՒՆՏիկին Զեմֆիրան պայուսակից մեկիկ-մեկիկ հանում է հորից հիշատակ մնացած մասունքները, մի կերպ զսպելով արցունքները շարում է սեղանի վրա ու քթի տակ մրմնջում՝ գոնե մի բան հիշատակ մնա հայրիկիցս… Հայրիկին նա ճանաչում է մոր ու ավագ եղբոր՝ Հայկազի պատմածներով: Ինքն ընդամենը մեկևկես տարեկան Էր, երբ հայրը կամավոր ռազմաճակատ մեկնեց Հայրենական մեծ պատերազմի երկրորդ օրը՝ հունիսի 23-ին: Գնաց եղբոր՝ Անդրանիկի հետ: Առանց դույզն-ինչ վարանելու գնացել են երկիրը պաշտպանելու, երբ դեռ մի կարգին չէին չորացել մոր արցունքները, որն այդպես էլ չհասկացավ, թե ինչ վատ բան էին արել Մարտիրոսյան ազնիվ ու աշխատասեր գերդաստանի շառավիղ իր ամուսինը կամ օրնիբուն հողուքարի հետ կռիվ տվող, աշխատասեր ու ամեն ինչից գլուխ հանող հայրը, որոնց՝ որպես կուլակի, 1937 թ. Սիբիր աքսորեցին՝ բազմանդամ ընտանիքներին զրկելով հանապազօրյա հացը վաստակողից…

-Մորս հիշում եմ, երբ դեռ 3-4 տարեկան էի,- շարունակում է Զեմֆիրա Մարտիրոսյանը։- Դրանք պատերազմի անենաթեժ տարիներն էին՝ ամեն ինչ ռազմաճակատի համար, տանը աշխատող չկար, հայրս ռազմաճակատից նամակներով հորդորում էր տան եղած-չեղածը ծախծխել, յոլա գնալ: Այդպես Էլ վարվում Էր մայրս՝ աչքն ամուսնու ճանապարհին։ Պատերազմի ընթացքում երկու անգամ փոստատարը վարանոտ քայլերով մեր դուռը զարկեց. աոաջինը 1941-ի հոկտեմբերին Էր, հորեղբորս՝ Անդրանիկի «սև թուղթն» էր բերել: Թե ինչ Էր «սև թուղթը», մենք հետո էինք իմանալու: Երկրորդը մեկ-երկու ամիս հետո էր. հորս՝ Տելեմաք (Աշոտ) Մարտիրոսյանի անհայտ կորածի թուղթն էր ձեռքին… Այդպես էլ՝ ցավին անտեղյակ, դավին անտարբեր ապրում էինք, սովորում, աշխատում՝ համակերպվելով որբի աննախանձելի վիճակին: Մորս ականջը, սակայն, միշտ լուրի էր, աչքը՝ դռանը:

Մեր ընտանիքի համար պարզ երկնքում ամպրոպի ճայթյունի էր նման ահա այս հոդվածը,- «Սովետական Հայաստան» թերթի 1968 թ. փետրվարի 1-ի խունացած համարն ինձ պարզելով՝ շարունակում է խոսքը Զեմֆիրա Մարտիրոսյանը։- Արթիկում գրեթե տուն չկար, որ կարդացած չլիներ Միքայել Հակոբյանի՝ «Ինչ են պատմում հոլանդական փաստաթղթերը» հոդվածը։ Մեր տունն այդ օրը լեփ-լեցուն էր բարեկամներով ու ծանոթներով, հորս նախկին աշխատանքային ընկերներով: Չնայած խստաշունչ ձմռանն ու ճանապարհների փակ լինելուն, հաջորդ օրը եկան նաև հորս հայրենի գյուղում՝ Սարահարթում ապրող մեր հարազատներից շատերը: Բոլորը շնորհավորում էին մեզ, բարի վերադարձ մաղթում հորս, իսկ նա չկար ու չկար:

Կարդում եմ Մ. Հակոբյանի հիշյալ հոդվածը, որտեղ գրված է, թե ինչպես պատերազմն սկսվելուց 5-6 ամիս հետո հայ զինվորների մի խումբ, որոնց մեջ նաև Տելեմաք-Աշոտ Մարտիրոսյանը, ընկնելով շրջապատման մեջ, գերի է ընկնում գերմանացիներին և ուղարկվում Ամստերդամ: Այստեղ Մարտիրոսյանը կապ է հաստատում հայրենիքի ազատագրությանը հետամուտ հոլանդացի ընդհատակայինների հետ: Պատերազմի ավարտից հետո այդ ընդհատակայինների նշանավոր դեմքերից մեկը՝ Վիլյամ Նագելը, գրում է. «…Հոլանդական փաստաթղթերը օգնում են ճանաչելու այն խիզախներին, որոնք ամեն վայրկյան վտանգելով իրենց կյանքը, արտակարգ դժվարին պայմաններում գլխավորում էին ընդհատակը, եռանդով ու վճռականությամբ ելույթի նախապատրաստվում: Դրանցից աոաջինը Տելեմաք Մարտիրոսյանն է: Նա ծնվել է Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում: Մինչև պատերազմն աշխատում էր Արթիկտուֆում: Մասնագիտությամբ հյուսն էր: Ակտիվ հայորդին սքանչելի գործունեություն էր ծավալել Հոլանդիայում և փառքով պսակել իր անունը: Չունենալով գինվորական պատրաստություն, թերի միջնակարգ կրթության տեր լինելով, Տ. Մարտիրոսյանն, այնուհանդերձ, հանդես է բերել արտասովոր հմտություն, մեծ վճռականություն: Նա գլխավորել Է Ֆլակեն կղզում տեղակայված մի մեծ խումբ հայ ընդհատակայինների պայքարը, համագործակցել դիմադրության շարժման գործիչների հետ, մանրամասնությամբ պլանավորել կղզու ազատագրումը: Մեծ հեղինակություն վայելելով ընդհատակայինների շրջանում՝ նա հանդես էր գալիս նրանց անունից և կազմել էր մի պլան, որով նպատակ ուներ ոչնչացնելու կամ գերելու բոլոր հիտլերականներին, ընդամենը երկու ժամում կղզին մաքրելու թշնամուց, նույնիսկ հոգ տանելով այն մասին, որ դեսանտայինները խուսափեն ականապատված դաշտերից: Կղզում հիտլերականների թիվն անցնում էր մի քանի հազարից, նրանք լավագույնս զինված Էին։ Տելեմաքը, սակայն,-շարունակում է պատմությունը Վիլյամ Նագելը,- իրեն դրսևորեց իբրև չափազանց եռանդուն ու ուժեղ կամքի տեր մարդ… Հոլանդացի ընդհատակայինները արագորեն նրա ազդեցությանն էին ենթարկվում և տառացիորեն համաձայնում նրա բոլոր առաջարկներին: Նա այն կարծիքին էր, որ ընդամենը ինը հարյուր հայ մարտիկներով կկարողանա մի քանի հազար գերմանացիների հախից գալ: Արտակարգ ղժվարին պայմաններում նա հոլանդացիներին հանձնեց գնդացիր, մի քանի պարկ նռնակ, ձեռք բերեց և դիմադրական շարժման մասնակիցներին տվեց գերմանական զորքի ու զենքի դասավորության գծագիրն այն կղզիներում, ուր հայերն էին: Սակայն, հայ ռազմագերիները միայն հայերին չէին պաշտպանում: Նրանք սատար էին կանգնում նաև հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների ռազմագերիներին, ժամանակավորապես գերմանացիների տիրապետության տակ եղող իրենց հյուրընկալած երկրի բնակիչներին՝ ստեղծելով ամուր բռունցք ընդդեմ թշնամու:

Սյսպես՝ Տ. Սարտիրոսյանի ղեկավարությամբ գործող ռազմագերիների խումբը գերված անգլիացի մի քանի օդաչուների ազատեց գերությունից և անլեգալ վերադարձրեց հայրենիք: Խումբը ապամոնտաժել էր այն սարքավորումները, որոնց օգնությամբ զինվորական տեխնիկայի համար բենզին էր մղվում դեպի կղզիներ:

Ֆլակե կղզին հայ ընդհատակայինները լիովին նախապատրաստել էին հանձնելու բրիտանացիներին: Ստացված ազդանշանի համաձայն՝ նրանք պատրաստ էին երկու ժամում վնասազերծելու կղզին պահող օկուպացիոն զորքը, գերելու բոլորին:

Բացի այդ, նրանք հավաքել ու դաշնակիցներին էին հանձնել Ռոտերդամում և Ֆլակե կղզում տեղակայված ֆաշիստական զորքերի մասին անհրաժեշտ ռազմական տվյալները, զենք ու զինամթերք էին մատակարարում հոլանդական դիմադրական ուժերին»:

-Պատերազմն ավարտվել էր, շատերը վերադարձան: Մենք սպասում էինք ու սպասում,- շարունակում է իր պատմությունը Զեմֆիրա Մարտիրոսյանը:- Գյուղում ամեն օր մի քանի անծանոթ բեռնատարներ էին հայտնվում ու առավոտյան անհետանում:

-Դասալիքներին ու ժողովրդի թշնամիներին են տանում,- հարցիս ի պատասխան մի օր ասաց մայրս:

-Դասալիքն ի՞նչ է,-հարցրի ես:

-Կգա ժամանակը, կիմանաս, աղջի՛կս,- հակիրճ պատասխանեց մայրս:

-Ես հետո էի իմանալու, որ «ժողովուրդների հայր Ստալինը» հրամայել էր գերեվարված ու հայրենիք վերադարձած զինվորներին համարել ժողովրդի թշնամի ու դատել կամ աքսորել։ Հայրս այդ մասին իմացել էր դեռևս Գերմանիայում ու փրկվելու համար մնացել էր օտարության մեջ՝ Գերմանիայից տեղափոխվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Այստեղ հորս մեջ վերստին գլուխ է բարձրացնում նախնիներից ժառանգած շինարարի ոգին: Առանց անհրաժեշտ դրամագլխի ու կառուցողի վկայականի, մի կարգին չտիրապետելով անգլերենին, նա համարձակ գործի մեջ է մտնում և ինչպես մյուս գործերում՝ հասնում հաջողության: Ահա թե ինչ է գրում սփյուռքի «Հայրենիք» թերթը 1966 թվականի հուլիսմեկյան համարում. «Պարոն Աշոտը այս կարճ ժամանակամիջոցում ոչ միայն հարգանքի ու պատվի է արժանացել օտարների մոտ իր կատարած ճարտարապետական աշխատանքների համար, այլև առաջնություն Է շահել՝ Ամերիկայի կառուցողական ազատ և դժվարին մրցադաշտում՝ արժանանալով մի շարք մրցանակների… Նրա «Հայ շինարարի» ֆիրման, բացի բնակարաններ կառուցելուց, նաև բարեգործությամբ է զբաղվում՝ հովանավորելով շատ շնորհալի հայ երիտասարդների ուսումը:

1984 թ. ապրիլին Աշոտ Մարտիրոսյանը առաջինը Չիկագոյում տեղի Ամենայն Սրբոց եկեղեցու բակում կառուցում է Հայոց մեծ եղեռնին նվիրված հուշարձան՝ հայերի մեջ վերստին վերականգնելով պատմության դառը հիշողությունը, իսկ օտարներին ծանոթացնելով իր ժողովրդի ողբերգությանը:

Հետագայում, երբ Խորհրդային Միությունում տեղի ունեցած որոշակի ժողովրդավարական բարեփոխումներից հետո Աշոտ Մարտիրոսյանը հայրենիք այցելեց ու տեսավ իր հայրենի Սարահարթի հնամենի եկեղեցու անմխիթար վիճակը, գումար տրամադրեց վերանորոգման համար, իրականում՝ կառուցվեց նոր եկեղեցի:

Այսպես ապրեց ու 2003 թ. փետրվարին ԱՄՆ Իլլինոյս նահանգի Պարկրիչ քաղաքում իր փոթորկահույզ կյանքն ավարտեց ֆաշիզմի դեմ պայքարում իր անունը փառքով պսակած շինարար ու հայրենասեր հայորդին՝ սարահարթցի Տելեմաք-Աշոտ Մարտիրոսյանը: Նրա աճյունասափորը ամփոփվեց հայրենի գյուղի գերեզմանատանը՝ մոր կողքին:

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ռազմական վերլուծաբան

Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Ճակատագրեր


29/04/2021