Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«…ԴՈՒ ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՄՈՆԹԵՆ ԵՍ»



«...ԴՈՒ ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՄՈՆԹԵՆ ԵՍ»Գանձակցի ավագ լեյտենանտ Տարոն Սարգսյանը զինվորականի կատարելատիպ էր՝ վեհանձն, վճռական, պատասխանատու, կարգուկանոն սիրող… Տարոնը զինվորական էր էությամբ, մտածելակերպով, ուղնուծուծով:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում էր ուսանել, այնուհետ ռազմական կրթությունը գերազանց առաջադիմությամբ շարունակել Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում:

Ծառայում էր առաջնագծի բարդ հատվածներից մեկում: Երիտասարդ սպան այնքան կատարյալ էր տիրապետում զենքի ամեն նրբությանը, որ ընկերները երբեմն կատակում էին՝ զենքը ձեռքիդ ես ծնվել, իսկ երբ զորամաս որեւէ պատվիրակություն էր գալիս, իրեն էին առաջադրում, որ բացատրի, ներկայացնի նոր զենքն ու զինատեսակը: Բազմագիտակ էր, քայլող հանրագիտարան:

…Տարոնը Ռուսաստանում եռամսյա դասընթացների էր, երբ սկսվեց պատերազմը: Որոշեց՝ անհապաղ պետք է վերադառնա. սիրտն անզորությունից տեղը չէր գտնում, երբ տեղեկանում էր զինակիցների կորստյան մասին՝ ընկերներիս երեխեքը որբացան, ես մնամ էստեղ ի՞նչ անեմ:

«Մոտ ընկերներից մեկը զոհվել էր, Տարոնը զանգել, ասում էր՝ պա՛պ, չորս անչափահաս զավակ ունի, գնա՛ Հադրութ, իր երեխեքին բեր մեր տուն,- պատմում է հերոսի հայրը:- Ինքը Ռուսաստանից այդ երեխեքի համար տուն էր անգամ ամրագրել այստեղ»:

Տարոնը տնեցիներին չէր էլ տեղեկացրել, որ վերադառնում է Հայաստան: Տանը մի քանի ժամ մնաց, ասես փշերի վրա լիներ, շտապում էր ժամեր առաջ հասնել սահմանաբերան. «Տղերքին մենակ չեմ կարող թողնել»:

Ամենավտանգավոր, ամենաթեժ հատվածներում էր կռվում, բայց երբ զանգում էր, ասում էր՝ չանհանգստանաք, ապահով վայրում եմ, մեզ մոտ խաղաղ է: Պատահում էր՝ այդ պահին արկեր էին պայթում, պարզորոշ լսում էր տանկերի հռնդյունը, բայց ինքը տնեցիներին հավատացնում էր, որ դրանք սովորական մեքենայի ձայներ էին ու շտապ անջատում էր հեռախոսը:

«Մենք Տարոնի մասին լուրերը Դավիթից էինք իմանում»,- պատմում են ծնողները:

Հորեղբորորդին՝ Դավիթը, այդ ժամանակ ժամկետային զինծառայող էր, մի քանի անգամ մարտերի ընթացքում հանդիպել էր Տարոնին: Ասում է, որ ինքը շատ բան է սովորել Տարոնից, նրա խորհուրդները պատերազմի ժամանակ իրեն բազմիցս օգնել են, իսկ երբ Դավիթը շրջափակման մեջ է ընկել, հավատով եւ հույսով զանգել է Տարոնին, վերջինս հեռախոսով ուղղորդել է՝ ինչպես վարվել, ինչ քայլեր ձեռնարկել, քաջալերել է՝ դիմացե՛ք, հիմա հասնում ենք:

«...ԴՈՒ ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՄՈՆԹԵՆ ԵՍ»-Վերջին անգամ Շուշիի մատույցներում հանդիպեցինք, այդ կարճ ժամանակահատվածում դարձյալ անընդհատ խորհուրդներ էր տալիս,- վերհիշում է Դավիթը:- Մինչ օրս էլ չեմ հավատում…, Ես միշտ վստահ էի՝ ամենաանելանելի վիճակից էլ ինքը միշտ դուրս գալու լուծում, հնար կգտնի…

Տարոնը թեւավոր խոսք էր դարձրել՝ «Առա՛ջ, ոչ մի նահանջ», ասում էր՝ հայրենիքի համար զոհվելը պատիվ է. այս հողուջրի վրա ենք ծնվել, այս հողուջրի համար էլ չենք խնայի մեր կյանքը..

Հերոս քաջորդին զոհվեց նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատման օրը…

Տարոնի ընկերները հպարտությամբ են խոսում նրա բացառիկ նվիրումի, անսահման խիզախության մասին:

Նիկոլայը Տարոնին ճանաչում էր դեռեւս Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանից. «Հետո նույն զորամասում էինք ծառայում ու ավելի մտերմացանք: Մենք իրար հետ կիսել ենք հազար ու մի դժվարություն՝ անջուր, անհաց, անլույս, ցուրտ ու տապ օրեր լուսացրել, ամեն դժվարություն իրար հետ հաղթահարելով՝ մեր ընկերությունն ավելի է ամրացել, ինքն ինձ համար եղբոր նման թանկ ու հարազատ էր: Շատերն էին զարմանում մեր մտերմությունից. մենք բնավորությամբ հակադիր բեւեռներ էինք, ես՝ բռնկուն, տաքարյուն, ինքը՝ հանդարտ, խաղաղ ու խաղաղեցնող, ասես հոգեբան լիներ, ամեն երեւույթ այնպես մանրակրկիտ էր վերլուծում, պարզաբանում: Տարոնը հոգով, սրտով զինվորական էր, երբ ասում են՝ սպա չեն դառնում, սպա ծնվում են, հենց իրեն էր բնորոշ: Զենքը, ռազմական, ռազմաշունչ ամեն ինչ իր տարերքն էր, պաշտամունքը…. Հին զենքից մինչ գերժամանակակից զինատեսակ. կատարյալ գիտեր դրանց պարամետրերը, փամփուշտի քաշը, արագությունը… Անհագորեն կարդում էր, տեղեկանում ռազմաշխարհի ամեն մի նորություն: Հիշում եմ՝ մի անգամ ռազմական ինչ-որ նորույթ էր ուզում ներբեռնել հեռախոսի մեջ, բայց տեղ չկար՝ հեռախոսը լցված էր զինվորական տարբեր նյութերով եւ անձնական նկարներով՝ իր կյանքից սիրուն, հիշարժան պահեր էին: Առանց վարանելու անձնական նկարները ջնջեց:

Նրան երբեք պարապ նստած չէիք տեսնի՝ ամեն օրը միտված էր ինքնակատարելագործվելուն, զարգանալուն: Ամեն բնագավառից քաջատեղյակ էր եւ իր իմացածը սիրով նաեւ փոխանցում էր, սովորեցնում: Պատերազմի ժամանակ Ռուսաստանում վերապատրաստման դասընթացների էր, տեղը չէր գտնում, տարբերակներ էր փնտրում վերադառնալու՝ իր մանրակրկիտ, ջանասիրաբար սովորածն ուզում էր գործադրել մարտի դաշտում: Ես, անկեղծ ասած, ե՛ւ ուզում էի, որ գար, ե՛ւ չէի ուզում. գիտեի, որ ամենաթեժ կետերում է լինելու, ու ամեն ինչ էլ կարող է պատահել… Բայց ի սկզբանե էլ հասկանալի էր՝ ինքը վերադառնալու է ու կռվելու է առանց ընկրկելու, կռվելու է աննահանջ»:

«Տարոնի թե՛ բառապաշարում, թե՛ մտքում նահանջ բառը չկար,- լրացնում է հերոս քաջորդու մյուս ընկերը՝ Լեւոնը, – իր գործի նվիրյալն էր, բացառիկ խելացի, համեստ, արդարամիտ, սկզբունքային, պատասխանատու: Ռուսաստանում վերապատրաստման էր պատերազմի ժամանակ, չէր քնում, ուշքն ու միտքը այստեղ էր, վերադառնալու ելք ու հնար էր մտածում: Երբ արդեն Հայաստանում էր, զանգեց, տեղեկացրեց, որ մեկնում է Արցախ, ասացի՝ գնա՛, դու Արցախի նոր Մոնթեն ես:

Ընկերս աննահանջ կռվել է մինչեւ կյանքի վերջին րոպեն, մինչեւ սրտի վերջին զարկը և մահը դիմավորել հերոսի նման…»:

«Որդիս իր շրջապատում մեծ հարգանք է վայելել, ես դա տեսնում եւ զգում եմ ամեն պահ՝ զինակից ընկերները հաճախ են զանգում, այցելում,- հուզմունք-հպարտություն միախառնած՝ ասում է Տարոնի հայրը՝ Ահարոն Սարգսյանը:- Երբ փորձում եմ շնորհակալությունս հայտնել այդ ջերմության, ուշադրության համար, կանխում են՝ հայրի՛կ, իսկ դու գիտե՞ս՝ մեզ համար ինչեր է արել Տարոնը: Ինքը մեր թեւութիկունքն էր, մեր հպարտությունը, մեր ուժն ու զորությունը»:

Սարգսյանների տան սենյակներից մեկը փոքրիկ թանգարանի է վերածվել, որտեղ Տարոնի իրերն են՝ ամեն իր իր պատմությունն ունի, ու ծնողները հուզված, արցունքոտ հպարտությամբ ներկայացնում են մեդալները, գրքերը…

«Փոքր տարիքից ընթերցել շատ էր սիրում,- պատմում է մայրը,-երբ Ռուսաստանում էր սովորում, արձակուրդ գալիս միշտ գրքեր էր բերում ու կարդում էր անդադար»:

«Փոքր տարիքից էլ էնքան լուրջ էր, հավասարակշռված,-լրացնում է տատիկը,- ուշադիր ու սրտացավ էր բոլորիս նկատմամբ, բոլորիս էլ շատ-շատ էր սիրում, բայց ամենից շատ՝ Հայրենիքը…»:

Հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսն օրերս արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Ճակատագրեր


29/04/2021