«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՉՔԵՐԸ»
Պատերազմի առաջին օրը Ստեփանակերտում հրետակոծված ու ավերված մանկական սենյակի լուսանկարով Դավիթը սկիզբ դրեց 44-օրյա պատերազմի իր վավերագրությանը:
Դավիթ Ղահրամանյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում: Հաճախել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիա, հետո՝ որպես դերասան, աշխատել է նույն թատրոնում: Իսկ 2014 թվականից զբաղվում է լուսանկարչությամբ:
-Պատերազմի սկզբին՝ որպես Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ, ինձ հանձնարարվել էր լուսանկարել Ստեփանակերտի և շրջանների ավերածությունները: Բայց հետո հասկացա, որ զինվորներին ևս պետք է լուսանկարել, և դրա համար գնում էի նաև առաջնագիծ: Զոհվելու հավանականությունը մեծ էր, բայց ինքս իմ մեջ հաղթահարել էի վախը՝ քաջ գիտակցելով իմ առաքելության կարևորությունը։
Առաջնագծում զինվորների ժպիտն էր Դավիթին ուժ տալիս: Ստեփանակերտում պատկերն այլ էր. խաղաղ բնակիչների հետ կատարվածին դիմանալու համար մեծ ուժ ու կամք էր պետք ունենալ…
Ստեփանակերտից Մարտունու շրջան, հետո Քարինտակ և Շուշի: Լուսանկարներում ինչպես առաջնագծում մարտնչող զինվորներն են, այնպես էլ ավերածությունների մեջ թիկունքը պահող բնակիչները: Ժպտացող մանկան լուսանկարում հակադրությունն է արտացոլված՝«Կյանքն ընդդեմ մահվան»: Լուսանկարում պատկերված փոքրիկը պատերազմի ամբողջ ընթացքում չի հեռացել Արցախից: Դավիթի յուրաքանչյուր լուսանկար մի պատմություն է, և այսօր լուսանկարիչը հանրությանն է ներկայանում իր 101 լուսանկարներ- պատմությունների ցուցադրությամբ:
-Լուսանկարելիս արդեն պատկերացնում էի, թե ինչ կադրեր պետք է լինեն: Հիմնականում ընտրել եմ այն լուսանկարները, որոնցում ցայտուն երևում են մարդկային ճակատագրերը,- ասում է Դավիթը:
Պատերազմի օրերին արդեն ծնվել էր ցուցահանդես կազմակերպելու գաղափարը:
-Մտածում էի, որ այն կլինի հաղթանակի և հաղթանակը կռած քաջորդիների մասին: Պատերազմի դաժան ավարտից հետո ցուցահանդեսի գաղափարից չհրաժարվեցի և որոշեցի, որ լուսանկարներիս հավաքածուն աշխարհին պետք է ներկայացնի, թե իրականում ինչ է կատարվել Արցախում, և թե այդ ամենի դաժան ֆոնին ինչպես են հայ զինվորներն ու սպաները մարտնչել: Լուսանկարները դիտողներից շատերը նշում էին, որ տպավորություն է ստեղծվում, թե կարծես ոչ թե մենք, այլ լուսանկարներից են նայում մեզ, խոսում մեզ հետ: Եվ քանի որ ցուցադրվող բոլոր լուսանկարների թեման պատերազմն է, ուստի երկար մտածելուց հետո որոշեցինք դրանք ներկայացնել «Պատերազմի աչքերը» խորագրի ներքո։
Ցուցահանդեսը նախաձեռնել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը: Հենց այդ գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Ավագյանի հետ էլ Դավիթն ընտրել է ցուցահանդեսի խորագիրը:
Ներկայացված լուսանկարներում ցավ է, կարոտ, սպասում: Նաև հաղթանակի հավատն է հրետանավորների ժպտացող լուսանկարներում: Հենց նրանցից մեկի` Կոլյա Նիկողոսյանի լուսանկարն է ցուցահանդեսի պաստառին, որը զոհվել է պատերազմի ընթացքում:
-Պարզապես Կոլյայի` ժպտացող հրետանավորի աչքերում այդ խավար ու մղձավանջային օրերին անգամ լույսը շատ էր: Եվ ինձ համար նրա աչքերում, նրա կերպարում բոլոր զինվորներն են,- ասում է լուսանկարիչ-վավերագրողը:
Ժպտացող հրետանավորներից մեկն էլ՝ շուշեցի Արթուր Դավթյանը, ներկա էր ցուցահանդեսին: Ավագ սերժանտը դիրքերում էր նշել իր 20-ամյակը: Արարողության ամբողջ ընթացքում անթաքույց հուզմունքը դրոշմված էր նրա դեմքին: Արթուրը մարտական ընկերներ և Հայրենիք է կորցրել:
Անհնար է ժպիտով չնայել փոքրիկ Մոնթեի լուսանկարին, որը ծնվել է պատերազմի առաջին օրը, հրետակոծության տակ, Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ծննդատանը:
Արարողության ընթացքում Դավիթը սրտի թրթիռով, անհամբեր սպասում էր Ստեփանակերտից կնոջ զանգին:
-Առաջնեկս է լույս աշխարհ գալու: Աղջիկ է: Արփի եմ անվանակոչելու: Արցախում Արփիներ են ծնվելու, և այնտեղ կյանքը միշտ շարունակվելու է…
Եվ հանդիսության ժամանակ ավետեցին ՝ Արփին ծնվել է…
ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ ԴԱՎԻԹ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում