Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՌՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ



ՄԵՌՆԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ1915 թ. Հայոց մեծ եղեռնի ընթացքում արևմտահայությունն ամեն տեղ չէ, որ հլու-հնազանդորեն հաշտվեց իրեն բաժին ընկած սարսափելի ճակատագրի հետ:  Մի շարք վայրերում նա ըմբոստաբար ոտքի կանգնեց և զենքը ձեռքին պաշտպանեց ապրելու իր իրավունքը: Այսպես ծնվեցին Վանի, Շատախի, Մուշի, Սասունի, Մուսա լեռան, Ուրֆայի և Շապին-Գարահիսարի հերոսամարտերը:

Այս վերջինի բարոյական արժեքը նրանով է մեծ, որ ի տարբերություն, օրինակ, Վանի և Մուսա լեռան հերոսամարտերի,   բնակչությունը որևէ տեղից օգնություն ստանալու ակնկալիք,  հույս  չուներ: Եվ դա այն  պարզ պատճառով, որ Շապին-Գարահիսարը Օսմանյան կայսրության խորքում էր, հեռու Կովկասյան ռազմաճակատից և Միջերկրական ծովից: Այլ կերպ ասած` ո՛չ ռուսները և ո՛չ էլ անգլո-ֆրանսիական դաշնակիցները նույնիսկ ցանկության  դեպքում չէին կարող օգնել ապստամբության դրոշ բարձրացրած հերոսական գյուղաքաղաքին: Հետևաբար` ի սկզբանե  այն  դատապարտված էր պարտության: Այս հանգամանքը շատ լավ էին հասկանում շապինգարահիսարցիները:

Շապին-Գարահիսար գյուղաքաղաքը Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի  Շապին-Գարահիսար գավառի վարչական կենտրոնն էր, այն գտնվում էր նահանգի հյուսիսարևելյան ծայրում` Սև ծովի ծովեզերքից 90 կմ հարավ:   Առաջին աշխարհամարտի  նախօրյակին քաղաքն ապրում էր աշխույժ ազգային-մշակութային կյանքով: Հայոց մեծ եղեռնի նախօրեին ուներ 7800 հայ բնակիչ:

Շապին-Գարահիսարը երկու մեծ հայերի` զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թ. Թորամանյանի ծննդավայրն է:

Առաջին աշխարհամարտը դեռ չսկսված` 1914 թ. հուլիսին, բոլոր արևմտահայերի պես, 20-40 տարեկան շապին-գարահիսարցիները նույնպես զորակոչվեցին բանակ: 400 նորակոչիկների մի փոքր մասը տարվեց Բաբերդ, իսկ հիմնական զանգվածը` 300 հոգի կենտրոնացվեց Երզնկայում: Բոլոր այդ տղամարդկանց ճակատագիրը տասնյակ հազարավոր արևմտահայ այլ տղամարդկանց պես, եթե ամեն ինչ ընթանար իր հունով, նույնն էր լինելու`  աշխատանքային գումարտակներ, ստրկական աշխատանք և…անխուսափելի գնդակահարություն: Բայց շապինգարահիսարցիների պարագայում այդպես չեղավ: Երզնկայի թուրքական զորանոցներում և վարժահրապարակներում մի քանի ամիս ենթարկվելով բիրտ ստորացումների` նրանք պարզորոշ հասկացան, որ իրենց զորակոչել են ոչ թե օսմանյան «հայրենիքը» պաշտպանելու, այլ բոլորովին այլ նպատակով… Որոշումը միասնական և վճռական էր: Երզնկայում կենտրոնացած մոտ 300 շապինգարահիսարցիներ, բացի Էրզրում քշված 20-30 հոգուց, մեկ մարդու պես, շատ հաջող կերպով կարողացան փախչել իրենց բանտ-զորանոցներից և վերադառնալ  հարազատ գյուղաքաղաք:

Թուրքիան այդ ընթացքում արդեն մտել էր պատերազմի մեջ, և արևմտահայության համար դրությունը դարձել էր շատ ավելի սպառնալից: Փախստական հայ զինվորների վերադարձը  Շապին-Գարահիսար է՛լ ավելի խորացրեց հայ բնակչության և թուրքական իշխանությունների միջև եղած անդունդը: Կողմերը լավ էին հասկանում, որ ետդարձի ճանապարհ չկա, որ առջևում ինչ-որ տեղ և ինչ-որ մի պահի տեղի է ունենալու բախումը:

Ապստամբությունը բռնկվեց 1915 թ. հունիսի 2-ին, և կարճ  ժամանակ անց քաղաքի հայկական մասը լիովին  մաքրված էր թշնամուց: Հայկական ուժերը հեռատեսորեն գրավեցին նաև քաղաքի թիկունքում` լեռան վրա գտնվող  հինավուրց բերդը: Թուրքերը, սակայն, այդ ընթացքում հասցրին հրդեհել հայկական մի քանի տուն, և հրդեհը որոշ ժամանակ անց արդեն մոլեգնում էր հայկական բոլոր չորս թաղերում: Դրան ի պատասխան` ապստամբության ղեկավար Ղուկաս Դովլաթյանի հրամանով հայկական զինված խմբերը հուժկու գրոհով գրավեցին նաև թուրքական թաղերը. քաղաքի թուրքական խաժամուժը, առանց որևէ դիմադրության, սարսափահար փախավ:

Այրվող քաղաքում մնալն արդեն անհնար էր, և գիշերը, ինչպես նաև հաջորդ օրը, Շապին-Գարահիսարի  7000-անոց հայ բնակչությունը, իր հետ վերցնելով այն ամենը, ինչ կարող էր և ինչ պետք էր ապրելու ու կռվելու համար` բարձրացավ բերդ: Անմիջապես ստեղծվեց ռազմական խորհուրդ, որի ձեռքում կենտրոնացվեց ամբողջ իշխանությունը: Խորհրդի ղեկավար դարձավ արդեն հիշատակված Ղուկաս Դովլաթյանը, կամ ինչպես շապինգարահիսարցիներն էին ասում` Ղուկաս աղբարը. անդամներն էին` Վահանիկ Հյուսիսյանցը, Հմայակ Գարագյոզյանը, Հմայակ Մարկոսյանը, Գրիգոր Պարոն-Վարդյանը և Ալեքսան Տաքեսյանը:

Հայկական կռվող ուժն ուներ 500 մարտիկ, որոնք ունեին ավելի քան 400 հրացան, 40 «Մաուզեր» ատրճանակ, 350 ձեռնառումբ (նռնակ) և բավական մեծ քանակությամբ փամփուշտներ: Բերդի ամբողջ շրջագծով կառուցվեցին մարտական 7 դիրքեր, որոնք պաշտպանում էին 130-ից ավելի մարտիկներ. դիրքապետեր ընտրվեցին իրենց գործին քաջահմուտ հին հայդուկներ: Ստեղծվեց նաև 150 հոգանոց  պահեստազոր, որն ամեն րոպե պատրաստ էր օգնության գալու առաջին գծում կռվողներին: Եթե ջրի հարցը շատ թե քիչ բավարար էր` բերդում կար գործող ջրհոր, ապա պարենի խնդիրը սկզբից ևեթ մտահոգիչ էր: Հաջորդ մի քանի գիշերներին էլ  շատ քիչ բան հաջողվեց այրված քաղաքից բարձրացնել բերդ: Դրությունը որոշ չափով փրկեց այն, որ Ծիպեռի գյուղում թուրքերից բռնագրավվեց և բերդ բերվեց 400 գլուխ ոչխար, Սիս և Այծեպտեր գյուղերի վանքերում եղած բավական մեծ քանակությամբ պարենամթերքը նույնպես տեղափոխվեց բերդ:

Մինչ ապստամբները տենդագին նախապատրաստություններ էին տեսնում, շապինգարահիսարցիներին հյուսիսից և հարավից մոտեցած թուրքական զորքերը պաշարողական 4 գծով օղակեցին բերդը. Սեբաստիայից և Երզնկայից բերվեց հրետանի: Փորձելով սկզբից ևեթ ապստամբներին ընկճել հոգեբանորեն` հունիսի 5-ին Սեբաստիայի նահանգապետը նրանց ներկայացրեց վերջնագիր և պահանջեց անձնատուր լինել. թուրքական կողմը «երաշխավորում էր» շապինգարահիսարցիների ֆիզիկական անվտանգությունը և նույնիսկ «խոստանում էր» դեպի հարավ կամ հյուսիս նոր բնակավայրերի ընտրություն, քանի որ Շապին-Գարահիսարն արդեն մոխրակույտի էր վերածվել: Ինչպես և պետք էր սպասել, ռազմական խորհուրդը առանց որևէ քննարկման մերժեց թուրքական վերջնագիրը, որից հետո հակառակորդն անցավ ծավալուն պատերազմական գործողությունների: Հրետանային գնդակոծություններին հաջորդում էին բերդի անընդմեջ գրոհները, և յուրաքանչյուր անգամ, տասնյակ դիակներ թողնելով, թշնամին հետ էր շպրտվում:

Հունիսի 15-ին Սեբաստիայի նահանգապետ Մուամմերը 3-րդ անգամ ապստամբներին անձնատվության առաջարկ արեց. մինչ այդ արված 2-րդ առաջարկին պատասխան չէր տրվել: Այս անգամ ապստամբ բերդի պատասխանը լակոնիկ էր. «Մեռնելու երկու ձև կա` պատվով և անպատիվ մահ: Թող աշխարհն ըսե, թե շապինգարահիսարցիք պատվով մեռան»:

Հետագա օրերին բերդի գրոհները դարձան է՛լ ավելի հաճախակի ու դաժան, բայց դրանք էլ հաջորդների պես ի զորու չեղան սասանելու պաշարվածների ոգին: Գրոհներից մեկի ժամանակ թուրքերին հաջողվեց գրավել Սրա-Սառնիճ կոչված դիրքը և նույնիսկ բերդում գտնվող միջնաբերդը: Սակայն կարճ ժամանակ անց, շեշտակի հակագրոհով և մեծ կորուստներով թշնամին շպրտվեց իր ելման դիրքերը: Հուսահատ կատաղությամբ թուրք բարբարոսները հետագայում բերդի վրա արձակում էին օրական 1000-15000 արկ: Այդ արկերի միայն չնչին մասն էր հասնում նպատակակետին, բայց այդ էլ բավական էր, որ ապստամբների ճամբարում մահը առատ հունձ կատարեր:

«Հեռանկարը զարհուրելի էր. ափ մը պաշարվածներ` մոլեգնած ամբոխին և կանոնավոր զորքերու կողմեն: Փրկության ոչ մի հույս երևակայել կարելի չէր…Ինչ էր այդ խումբ մը պաշարվածներու ուժը թշնամիին դեմ, Աստուծո դեմ: Այդ ուժը կյանքը արհամարհող  քաջերու ուժն էր, անձնուրաց հայրենասերներու ուժը, որուն առջև կսարսի տիեզերքն իսկ…»,- նշում է ժամանակագիրը:

Հերոսամարտն անվերջ շարունակվել չէր կարող: Եթե պաշտպանվողների  ոգին անսպառ էր, ապա ռազմամթերքն ու պարենամթերքն արդեն սպառվում էին: Անխուսափելիորեն մոտենում էր հանգուցալուծումը: Կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված շապինգարահիսարցիները կայացնելու էին իրենց կյանքում վերջին ու ամենադժվարին որոշումը:

Ռազմական խորհրդի որոշումը որքան հերոսական, նույնքան դժվար էր…Բոլոր նրանք, ովքեր ունեին զենք և զինամթերքի չնչին պաշար, ճեղքել-անցնելու էին թուրքական մահվան օղակը, իսկ մնացածները…իրենք էին տնօրինելու սեփական ճակատագիրը:

Մարդկանց առողջության ու կյանք պարգևելու կոչված դեղագործներն ու բժիշկները հունիսի 26-ից սկսեցին թույն բաժանել ցանկացողներին, իսկ դրանք շատ էին, անչափ շատ: Որպես թույնի սրվակներ օգտագործվում էին փամփուշտների դատարկ պարկուճները. «Վայնասուքն ինկած է ամբողջ բերդի մեջ: Աղիողորմ ճիչեր են ու սրտմաշուք հառաչանքներ: Անմեղ հրեշտակի պես սիրուն երեխաները` բնազդմամբ փաթաթված իրենց  ծնողներուն` չեն ուզեր բաժանվիլ. ամենքն ալ ապրիլ  կբաղձին, ամենքն ալ ազատվիլ կուզեն…Շատ մը կիներ, իրենց ամուսիններեն բաժանվելեն առաջ թույն ընդունած են արդեն և սոսկալի տանջանքներով գետնին վրա  կտապլտկին` իրենց վերջին հրաժեշտը տալով աշխարհին, այն աշխարհին, որ դժոխք մը եղավ իրենց համար: Անոնց չորս բոլորը սփռված են երեխաների թունավորած դիակներ…»:

Ճեղքումը տեղի ունեցավ հունիսի  29-ի գիշերը: 900 շապինգարահիսարցիներ, հրեղեն լավայի պես իջնելով բերդի բարձունքից, շեշտակի հարվածով պատռեցին թշնամու մահվան օղակը և դուրս եկան գյուղաքաղաքից դեպի հյուսիս-արևելք` Թամզարա գյուղի մոտ, որն արդեն մեռած էր, ինչպես եւ գավառի մյուս հայկական գյուղերը…Փրկության բերկրանքը սակայն շատ կարճ եղավ: Շուտով նրանց լսողությանը հասավ կանանց ու երեխաների` օդը թնդացնող սահմռկեցուցիչ վայնասունը, որից հետո «փրկվածները» ականատես եղան դժոխային տեսարանի…Երբևէ մարդկային կերպարանք չունեցած թուրք գազանները Շապին-Գարահիսարի բերդի ժայռեղեն բարձունքից մեկ-մեկ ցած էին նետում դեռևս կենդանի մնացած հայ կանանց ու մանուկներին…

Ղուկաս աղբարի ղեկավարած մեծաքանակ խմբի հետագա ճակատագիրը սակայն պակաս եղերական չեղավ: Անընդհատ զոհեր տալով, սովից ու թշնամուց հալածական, այն հալումաշ եղավ: Շատ քչերին հաջողվեց անցնել ռազմաճակատի գիծը և ապաստանել ռուսների մոտ: Բերդում մնացածներից էլ հատուկենտ «երջանիկներ» կարողացան անցնել թուրքական գողգոթան և ողջ մնալ:

ԱՐԵՎԻԿ ԳԱՓՈՅԱՆ

Խորագիր՝ #16 (1387) 28.04.2021 - 4.05.2021, Պատմության էջերից


29/04/2021