ՈՐ ԱՉՔՈՎ ՉՏԱՆ
Բանուկ ճանապարհի կողքին տեղակայված զորամասում «կարանտինի» օրերին Հայաստանի տարբեր կողմերից բազմաթիվ ծնողներ են գալիս, փորձում տեսակցել իրենց որդիներին։ Դժվար է բացատրել ծնողներին, հատկապես մայրերին, որ «կարանտինում» տեսակցությունը խստիվ արգելվում է, այդպես է կարգը, բանակի օրենքը։ Հրամանատարի տեղակալ Վանիկ Մինասյանին այդ պահերին օգնում էր մանկավարժի իր նախկին մասնագիտությունը։ Երկար բացատրել-համոզելուց հետո նա սիրով, ժպիտով դիմում է մայրերին. «Հիշո՞ւմ եք, որ երբ ծնվել են այս տղաները, 40 օր բարուրին մոտ մարդ չեք թողել, այդ սենյակը դրացի, հարեւան, բարեկամ չի մտել՝ ճի՞շտ է։ Այսինքն՝ մեր ադաթով 40 օրը չար լեզվից, չար աչքից հեռու մնալու համար խստիվ պահպանել եք՝ ճի՞շտ է»։ Մայրերը համաձայնում են, որ ճիշտ է, ու հենց այստեղ էլ Վանիկ Մինասյանը եզրակացնում է. «Հարգարժան մայրեր, էդ նույն երեխաները հիմա էլ մեր երեխաներն են, ու մենք էլ չար աչքից, չար խոսքից 40 օր հեռու ենք պահում»։ Եվ ծիծաղում են ծնողներն ու բարեկամները. «զորեղ» փաստարկը վերջնականապես համոզում է նրանց։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր